ArmLur.am-ին տեղեկությունների համաձայն՝ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ»-ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանը նոր պաշտոնը ստացել է, քանի որ նրա որդին եւ Աշոտ Փաշինյանը սովորել են նույն դասարանում:
Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ»-ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանը հենց նույն ժամանակահատվածում ձեռք է բերել երկու մեծ եւ ընդարձակ բնակարան:
ArmLur.am-ն այս առնչությամբ կապ հաստատեց վերջինիս հետ. նա, լսելով մեր հարցադրումները, զայրացած նշեց. «Դրանք բոլորը ստեր են, եւ պարզելը շատ հեշտ է, այսուհետ ինձ հետ կապ չհաստատեք, ճիշտ հասցեով չեք զանգել: Աշոտ Փաշինյանն իմ որդու հետ բացարձակ կապ չունի: Իմ տղան սովորել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում»:
Իսկ մեր այն հարցին, թե արդյոք բնակարաններ այս ընթացքում ձեռք չի բերել, մեր զրուցակիցը վրդովված անջատեց հեռախոսը:
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել, որ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ»-ի ռեկտորի պարտականությունները կատարող Անժելա Նուշիկյանն այդ պաշտոնին է նշանակվել առանց գիտական աստիճան ունենալու:
Տեղեկությունը պարզաբանելու համար ArmLur.am-ը կապ հաստատեց Անժելա Նուշիկյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը:
«Գիտական աստիճան, այո, ես չունեմ, եւ ես հիմա ռեկտորի պարտականությունները կատարող եմ»,-նշեց մեր զրուցակիցը:
Լիդա Եղիազարյան