ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը Գլենդելի հետ համեմատելը ժողովրդին ծաղրել, էշի տեղ դնել է. Դավիթ Բաբայանը՝ Արսենյանի հայտարարության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական խմբակցության» պատգամավոր Գուրգեն Արսենյանը երեկ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամությանը, ասաց.

«Որպես Գուրգեն Արսենյան՝ հայտարարում եմ իմ լիակատար աջակցությունը Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, այդ թվում՝ խաղաղության օրակարգը իր ավարտին հասցնելու ձգտումները։ Ես երկու ձեռքով պաշտպանելու եմ մեր խաղաղության օրակարգը, այն գործընթացը, որը հարևան երկրի հետ բերելու է խաղաղության, այդ թվում՝ նաև տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը»:

Հարցին՝ անտեսվելո՞ւ է արցախցիների կարծիքը, քանի որ իրենք իրենց ապագան Ադրբեջանի կազմում չեն տեսնում, Արսենյանը պատասխանեց․ «Ես որպես ՀՀ պատգամավոր առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերի սպասարկմամբ, դա համար մեկ խնդիրն է, որի համար մենք գործում ենք։ Բոլոր մնացած հարցերը ՀՀ ինքնիշխանության և կենսագործունեության օրակարգի բաղադրիչներ են։ ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու ՀՀ պետական շահերը»։

Լրագրողի մեկ այլ հարցին՝ Արցախում հայե՞ր չեն ապրում, ՔՊ պատգամավորը նշել էր․

«Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, Բեյրութում էլ, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ։ Պետական գործիչների առաջնային խնդիրը Հայաստանի շահերի սպասարկումն է։ Բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջև, երբ մեր միտքն ու սիրտը սկսում է հակասել իրար։ Երբեմն ՀՀ պետական շահերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին»:

Արսենյանի այս հայտարարությունը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախի նախկին արտգործնախարար և պահպանողական կուսակցության ղեկավար Դավիթ Բաբայանը, նա խոսքով, Արցախի անվտանգության ապահովումը Հայաստանի համար հնարավորությունների խնդիր չէ, այլ ցանկության:

«Այդ պատգամավորը այն ինչ ասում է, պարզապես սարսափելի է: Սա որևէ առընչություն չունի Հայաստանի հնարավորությունների հետ, սա անմիջապես ածանցյալ է նրա ներքին զգացմունքներին Արցախի հանդեպ: Այստեղ բացարձակ հնարավորությունների խնդիր չկա, բոլոր հնարավորություններն էլ կան Արցախի կողքին լինելու: Արցախը Գլենդելը չէ, Գլենդելում հայությանը կոտորած չի սպասվում, մնացած տեղերին էլ չի սպասվում: Թող այդ ցնդաբանությունները մի կող դնեն, որովհետև Գլենդելում, Մոսկվայում, Փարիզում և այլուր հայերը ցեղասպանության առաջ չեն կանգնած:Արցախի ցեղասպանության տակ ստորագրում է նաև այդ Գուրգեն Արսենյան կոչեցյալը, ով 100%-ով պատրաստ է Արցախը հանձնել, նույնիսկ մինչև այդ գործընթացը սկսելը»:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Մաշա Մելքոնյան




Լրահոս