«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, ինչպես նաև անկլավները հանձնելու վերջին հայտարարություններին, ասաց, որ այսպիսով շատ ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը բացահայտում է իր պլանները:
«Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, առանց նշելու, թե ինչ կարգավիճակ է ունենալու Լեռնային Ղարաբաղը, այն առանձին միավոր լինելո՞ւ է՝ վարչատարածքային միավոր, քաղաքակրթական միավոր, թե՞ հանդիսանալու է Ադրբեջանի անբաժանելի մասը, ինչպես մնացած շրջանները: Ելնելով այն հանգամանքից, որ նրա խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը Արցախը համեմատում է Գլենդելի հետ, ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը գնացել է Լեռնային Ղարաբաղը «խուրդելու» ճանապարհով:
Ինչ վերաբերվում է անկլավներին, երևի թե ժողովուրդն էլ դեռ լավ չի պատկերացնում, որ վտանգի տակ են հայտնվում երկու միջպետական ճանապարհները, որոնցից մեկը Հայաստանը կապում է Իրանի հետ, մյուսը՝ Վրաստանի»:
Անդրադառնալով նաև Փաշինյանի այն հայտարարություններին, թե՝ «Մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք «կադաստրի թուղթ», իսկ իրենք փորձում են այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենանք «կադաստրի թուղթ». «սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե», Սուրենյանը նշում է.
«Ինձ համար շատ ցավալի է, որ պետականության գաղափարը Նիկոլ Փաշինյանն իջեցնում է կադաստրի վկայականի մակարդակի: Սա շատ վիրավորական է, ու ցույց է տալիս նրա՝ պետականության ընկալման մակարդակը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը պետություն չի եղել, և մենք ընդհանրապես պետականության 30-ամյա ընթացք չենք ունեցել: Հիմա ինչ-որ մեկը եկել է և ծանր պարտության, Արցախը օտարելու, անկլավները օտարելու գնով փորձում է պետություն ստեղծել:
Այդ հայտարարությունը չափազանց վտանգավոր է. Ադրբեջանը շարունակ ասում էր, որ հայ-ադրբեջանական սահմանը պայմանական է և երեկվա իր հայտարարությամբ Փաշինյանը հաստատել է Ալիևի թեզը, որովետև եթե մինչև հիմա մենք չունենք կադաստրի վկայական, նշականում է՝ սահման չունենք: Ստացվում է, որ Փաշինյանը լեգիտիմացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքների Ադրբեջանական օկուպացիան: Մյուս կողմից եթե անգամ Փաշինյանն է ասում, թե Հայաստանը «կադաստրի վկայական» չունի, այդ դեպքում ինչու է դժգոհում, որ ՀԱՊԿ-ն չի դատապարտում Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունը»-ասաց Սուրենյանցը:
Մաշա Մելքոնյան