Բելառուսում տեղակայված Ռուսաստանի միջուկային զենքի նկատմամբ վերահսկողությունը մնում է Մոսկվային. Շոյգու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը, Բելառուսի տարածքում ոչ ռազմավարական միջուկային զենք տեղակայելով, այն չի փոխանցում հանրապետությանը, նրա նկատմամբ վերահսկողությունը և դրա կիրառման որոշումը մնում է Մոսկվային, հինգշաբթի ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը միջուկային զենք չի փոխանցում Բելառուսի Հանրապետությանը, որի վերահսկողությունը և կիրառման որոշումը մնում է ռուսական կողմի վրա», – ասել է նա փաստաթղթերի ստորագրման ժամանակ, որոնք սահմանում են ռուսական ոչ ռազմավարական միջուկային զենքը հատուկ տարածքում պահելու կարգը։

Բելառուսական կողմի անունից փաստաթղթերը ստորագրել է պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։

Միաժամանակ Շոյգուն նշել է, որ «ապագայում կարող են լրացուցիչ միջոցներ ձեռնարկվել Միութենական պետության անվտանգությունն ապահովելու և ռազմաքաղաքական իրավիճակին արձագանքելու համար»։

Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների ձեռնարկած միջոցները «համապատասխանում են գոյություն ունեցող բոլոր միջազգային իրավական պարտավորություններին»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 25-ին հայտարարել էր, որ Ռուսաստանը բելառուսական կողմի խնդրանքով, կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը հանրապետությունում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց է արել իր դաշնակիցների տարածքում։ Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ հուլիսի 1-ին Բելառուսի տարածքում նախատեսվում է ավարտել մարտավարական միջուկային զենքի պահեստավորման օբյեկտի կառուցումը։ Մոսկվան արդեն Մինսկին է փոխանցել «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որը կարող է միջուկային զենք կրող լինել, ինչպես նաև աջակցել է բելառուսական ինքնաթիռների վերազինմանը, որպեսզի կարողանան հատուկ զինամթերք օգտագործել։ Բելառուսի զինվորականները համապատասխան պատրաստություն են անցել Ռուսաստանի Դաշնությունում։




Լրահոս