Մայիսի 26-ին Հայաստանում նշվում է Սարդարապատի ճակատամարտում հաղթանակի օրը:
Սարդարապատի ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-28-ին, հայկական կանոնավոր բանակի ու աշխարհազորայինների եւ Արեւելյան Հայաստան ներխուժած թուրք զավթիչների միջեւ: Մարտը տեղի է ունեցել Հոկտեմբերյան քաղաքի մերձակայքում, Սարդարապատ կայարանի մոտ:
1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը լքեցին Առաջին աշխարհամարտի ժամանակ գրաված Արեւմտյան Հայաստանի շրջանները: Օգտվելով առիթից՝ Թուրքիայի իշխանական շրջանակները որոշեցին հետ վերցնել ոչ միայն Արեւմտյան Հայաստանը, այլեւ գրավել Արեւելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը:
Խախտելով 1917 թվականին կնքված հրադադարի պայմանագիրը՝ թուրքական զորքերը հարձակման անցան եւ գրավեցին Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը, իսկ մայիսի 15-ին՝ Ալեքսանդրապոլը (Գյումրի): Հայերը, թվով մի քանի անգամ գերազանցող հակառակորդի ճնշման ներքո, նահանջեցին: Թուրքական 100 հազարանոց բանակին՝ Վեհիբ փաշայի գլխավորությամբ, դիմայակում էր հայկական 20 հազարանոց զորքը: Նույնքան էլ կազմում էր աշխարհազորայինների բանակը: Զորքերի հրամանատարը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր: Թուրքերն Արաքսի հովտից ուղղվում էին դեպի Երեւան: Դանիել Բեկ-Փիրումյանը նրանց դիմավորեց Էջմիածնի մատույցներում, մի քանի հաջող հարվածներով ջախջախեց ու հետ շպրտեց:
Սարդարապատի հաղթանակը հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար: Արարատյան դաշտի հյուսիսային հատվածի հայ բնակչությունը փրկվեց թուրքական ցեղասպանությունից, Արեւելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական նվաճումից, հայկական պետականության վերականգնման հիմքեր ստեղծվեցին: Եվ 1918 թվականի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Սարդարապատում հաղթանակի պատվին մայիսի 26-ը հիշատակելի օր է, իսկ ճակատամարտի 50-ամյակին 1968 թվականի մայիսին բացվեց Սարդարապատի ճարտարապետական համալիրը, որի հեղինակը հայտնի ճարտարապետ Իսրայելյանն է: