ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի և Ալիևի թեժ բանավեճը Պուտինը ստիպված եղավ ընդհատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ուրիշ ոչ ոք այնտեղ չպետք է վերահսկողություն ունենա:

Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում:

Ադրբեջանի նախագահ Ալիևը, անդրադառնալով Լաչինի միջանցքն անօրինական կերպով արգելափակելու վերաբերյալ Հայաստանի վարչապետի ելույթին, պնդեց, թե իբր Ադրբեջանը որևէ միջանցք չի արգելափակել: Ըստ Ալիևի՝ այն բաց է:

«Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին, որը Դուք ճանաչում եք, դրված է անցակետ` միջազգային բոլոր նորմերին համապատասխան։ Այդ սահմանային անցակետը գտնվում է ռուս խաղաղապահների դիրքից 20 մ. հեռավորության վրա»,-ասաց Ալիևը:

Նա պնդեց, թե իբր այդ անցակետով Լեռնային Ղարաբաղի հայերը հանգիստ տեղաշարժվում են դեպի Հայաստան:

«Զանգեզուրի միջանցք» ձևակերպման վերաբերյալ Ալիևն ասաց,  որ Ադրբեջանն է նախաձեռնել այդ ձևակերպումը, իրենց իրավունքն է նախաձեռնել այն, ինչ իրենք համարում են օրինական, ճիշտ: Ըստ Ալիևի՝ դրան աջակցում են նաև Ռուսաստանի Դաշնությունը և այլ երկրներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Շատ հետաքրքիր է իմանալ, որ Ռուսաստանն աջակցում է այն ծրագրին, որի մասին խոսեցիք։ Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում։ Ես գիտեմ, որ ՌԴ-ն աջակցում է մեր տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը»:

Ապա վարչապետը անդրադարձավ և ուղղեց Ալիևի «Լաչինի ճանապարհ» ձևակերպումը՝  հիշեցնելով եռակողմ հայտարարության համաձայն Լաչինի ճանապարհ չկա, կա Լաչինի միջանցք, որը նույն հայտարարության համաձայն պետք է լինի ռուս խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո:

«Ուրիշ ոչ ոք այդ միջանցքում չպետք է որևէ վերահսկողություն ունենա: Այն, ինչ այնտեղ կատարվում է, եռակողմ հայտարարության ուղիղ խախտում է: Ասացիք, թե միջանցքը բաց է, մենք դա չենք տեսնում, այդպես չենք կարծում։ Դրա համար կարևոր ենք համարում, որ և Լաչինի միջանցք, և Լեռնային Ղարաբաղ ուղարկվի միջազգային առաքելություն, որը կգնահատի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը»,– ասաց Փաշինյանը՝ նշելով, որ դեկտեմբերից, ցավոք, հումանիտար ճգնաժամ է ԼՂ-ում, Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով անհրաժեշտ մատակարարումները չեն արվում:

Վարչապետը հավելեց՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին շատ լավ գիտի, քանի որ դրա մասին մեկ անգամ չէ, որ խոսել են:




Լրահոս