Armlur.am-ը զրուցել է Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի հետ, որը հայտարարեց, որ թանգարանի ֆունդամենտալ խնդիրները շատ լուրջ են և կարող են հանգեցնել շենքը չունենալուն։
-Տիկին Եղիազարյան եթե առաջիկանում թանգարաում կապիտալ վերանորոգում է իրականացվելու, ապա նշանակում է թանգարանն ունի լուրջ խնդիր։ Ինչ խնդիրների մասին է խոսքը:
-Տարածքը, որի վրա կառուցվել է թանգարանը, ուրարտական դամբարանադաշտ է եղել, հիմքերը բավական ամուր չեն եղել, և ենթադրում եմ, որ ընդերքը որոշակի տատանումների է ենթարկվել։
Տարիներ շարունակ գործունեության բնույթն ընդլայնվել է, և խիստ անհրաժեշտություն է դարձել որոշակի հատվածների ավելացումը, այդ թվում՝ կոնֆերանս դահլիճի, որովհետև թանգարանն արդեն տասը տարի է միջազգային գիտաժողովներ է կազմակերպում, բայց հարկադրված է լինում վարձակալելու այլ տարածքներ։ Եթե մենք 21-րդ դարում ուզում ենք աշխարհին համընթաց ներկայացնել մեր ազգային մեծություններին և ներկայացնել թանգարանների լեզվով, թանգարանի միջավայրում, ուրեմն շենքի համապատասխանություն պիտի ունենանք։
-Ե՞րբ է սկսվելու վերանորոգումը և որքա՞ն է տևելու։
-Կարծում եմ ամռանն արդեն կունենանք մեկնարկային փուլը, իսկ տևելու ընթացքն ըստ փաստաթղթերի 30 ամիս է։
-Վերանորոգման ընթացքում ինչո՞վ է զբաղվելու անձնակազմը և թանգարանը։ Գուցե լինելու են շրջիկ ցուցադրություննե՞ր։
-Եթե շինարարական ընթացքով պայմանավորված, նույն հասցեում համատեղ գործունեություն ծավալել հնարավոր չլինի, ապա աշխատակազմը կկարողանա հանրության հետ իր աշխատանքներն ապահովել առցանց տիրույթում և շրջիկ ցուցադրությունների տեսքով։ Հուսանք, որ ժամանակավոր հասցե կկարողանանք ունենալ, որը հնարավորություն կտա ցուցադրության որոշակի հատված ապահովվել հանրությանը՝ մշակութային արժեքների հետ հաղորդակից լինելու համար։
-Ըստ Ձեզ ի՞նչ անել, որպեսզի մերօրյա թանգարանները հետաքրքրեն թե՛ մեծահասակներին, թե՛ երեխաներին։
-Տարիներ առաջ Թումանյանի թանգարանը մեկնարկ տվեց նոր տեխնոլոգիաներին և այդ շրջանում մենք ունեցանք հետաքրքիր փոփոխություններ։ Արձագանքները շատ տարբեր էին, բայց դրականը գերակշռող էր։ Դա շատ նուրբ մոտեցման անհրաժեշտություն ունի այնքանով, որ կտրուկ և մեզ համար անընկալելի ձևաչափը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և վանել հասարակության զգալի շերտին, բայց ճիշտ համադրումը կարող է ոչ թե սերունդների հայացքների հակադրություն ստեղծել, այլ տարբեր ընկալումները ներդաշնակման բերել։
Անի Եղիազարյանը նշեց, որ կլինեն նաև սակագների և ծառայությունների մատուցման բնույթի փոփոխություններ։
Ինեսա Սուքիասյան