
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահականից:
Այսպիսով, Արայիկ Հարությունյանի հրամանագրով` Արցախում արգելվում են բոլոր տեսակի հավաքները, բացառությամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման նպատակով, ինչպես նաև Արցախի Հանրապետության տոների և հիշատակի օրերին կազմակերպվող հավաքների, որոնք կարող են կազմակերպվել միայն Արցախի Հանրապետության կառավարության թույլտվության դեպքում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ սահմանափակվում է կարծիքի արտահայտման ազատությունը, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, սահմանադրական կամ հասարակական կարգի, տնտեսության բնականոն զարգացման վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը: