ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողների ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից սեփական պարտավորություններից շեղվելու փորձ է։ Այս մասին թվիթերում հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել ՀՀ ԶՈՒ զինծառայողներին և կատարել ստանձնած պարտավորությունները՝ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային գործընկերների և հաստատությունների կոչերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամազ 43114» մակնիշի ավտոմեքենայով նույն զորամասի պահպանության տեղամասի՝ ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում ավոտմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել: