ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՇՂԹԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, պարզվել է դրանում ներգրավված մասնակիցներից 6-ի ինքնությունը: Մասնավորապես՝ 2023թ. ապրիլի 5-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու եւ օգտագործելու կասկածանքով, Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացվել Երեւան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 0.41 գրամ քաշով Մեթամֆեթամին տեսակի թմրամիջոց:

 

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի, նաեւ ստացված նոր տվյալների հիման վրա՝ հաջորդաբար նախաձեռնված այլ վարույթների շրջանակում տակտիկական առումով ճշգրիտ մշակված վարութային եւ ապացուցողական գործողությունների, քրեադատավարական օրենքով նախատեսված՝ համագործակցության վարույթի կիրառման արդյունքում բացահայտվել է հաջորդաբար միմյանց նշված թմրամիջոցներ իրացնելու շղթա, որում ներգրավված անձանցից 6-ի ինքնությունը հաջողվել է պարզել։

Նրանց անձնական, ինչպես նաեւ բնակության վայրերում կամ ավտոմեքենայում կատարված խուզարկություններով հայտնաբերվել են փայլաթիթեղով, պոլիէթիլենով փաթեթավորված՝ Մեթամֆեթամինի, Ափիոնի, Հաշիշի նմանվող զանգվածներով, տարբեր քաշերով տասնյակից ավելի փաթեթներ։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ շղթայում ներգրավված անձանցից մեկը՝ Հ.Բ.- ն, ավտոմեքենայի առուվաճառքի գործընթացի շրջանակում 40-ամյա տղամարդուն առաջարկել է, որպեսզի ավտոմեքենայի արժեքի մի մասի գումարի դիմաց նրան տա կրիստալ տեսակի թմրամիջոց եւ այդկերպ վճարի ավտոմեքենայի համար պարտք մնացած գումարը:

Համաձայնության գալով՝ այդ անձը 40-ամյա տղամարդու բնակության հասցեի մոտ տեղադրել է 100 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոց, որից հետո վերջինս դրա մի մասն իրացրել է 24-ամյա մեկ այլ անձի, իսկ մնացածը մաս-մաս՝ քննությամբ դեռեւս չպարզված անձանց: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով՝ հանցավոր շղթայում ներգրավվել է նաեւ Հ.Բ.-ի ընկերուհին՝ Վաղարշապատ քաղաքի բնակչուհի, որի բնակության վայրում կատարված խուզարկությամբ, բացի բազմաթիվ փաթեթներով տարբեր տեսակի թմրամիջոցների զանգվածներով փաթեթներից, հայտնաբերվել են նաեւ էլեկտրոնային կշեռքներ, 45 հատ 100 եվրո անվանական արժեքով առերեւույթ կեղծ թղթադրամներ, բազմաթիվ տարբեր չափերի զիպ փականով պոլիէթիլենային տոպրակներ, կտրատված փայլաթիթեղներ, ապակե կոլբաներ, ինչպես նաեւ թմրամիջոցների օգտագործման, իրացման համար օգտագործվող այլ իրեր:

Հայտնաբերված զանգվածներով նշանակված դատաքիմիական փորձաքննություններով հաստատվել է, որ դրանք տարբեր տեսակի թմրամիջոցներ են։ Օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով հանցավոր շղթայի էպիզոդների վերաբերյալ նախաձեռնված մի քանի վարույթները միացվել են մեկ վարույթում: Միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ ինքնությունը պարզված վերոհիշյալ վեց անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի կամ 393-րդ հոդվածի տարբեր մասերով կամ դրանց համակցություններով։ Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է, իսկ մեկը բավարարվել է մասնակի՝ կիրառելով «վարչական հսկողություն» այլընտրանքային խափանման միջոցը:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), հանցավոր շղթայում ներգրավված այլ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաեւ կատարված խուզարկություններից մեկի ընթացքում հայտնաբերված եւ առգրավված բազմաթիվ կեղծ թղթադրամների ծագումնաբանությունը, դրա հետ կապված հանցագործություն կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

 

 

 

 

ՎԵՃ, ԾԵԾԿՌՏՈՒՔ, ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ

Մայիսի 14-ի ժամը 00.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Հյուսիսային պողոտայից ճակատի պատռած վերքով բուժօգնության է դիմել 22-ամյա երիտասարդ: Րոպեներ անց ոստիկանություն հաջորդ ահազանգն է ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-ամյա մի բնակիչ:

 

ՆԳՆ ոստիկանության ՊԾ ծառայողները ժամը 00.05-ին Հյուսիսային պողոտայի եւ Թումանյան փողոցի խաչմերուկում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել եւ Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա երկու երիտասարդի, որոնցից մեկը՝ Գյումրիի, մյուսը՝ Ալավերդու բնակիչ: Խուզարկությամբ ալավերդցու մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով դանակ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 26-ամյա եւ Արթիկ քաղաքի 22-ամյա երկու բնակիչ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ծեծի են ենթարկել բուժօգնության դիմած եւ պարեկների կողմից բերման ենթարկված երիտասարդներին, այդ ընթացքում էլ գյումրեցի 34-ամյա երիտասարդը դանակահարել էր 26-ամյա ակունքցուն:

Երիտասարդները եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 

 

 

 

151 ՄԻԱՎՈՐ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ

2023 թվականի մայիսի 8-ից մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների  ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 2034 զանգ, որից 13-ը՝ տեխնածին, 32-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:  Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում կատարել են փակված 4 դռան եւ 14 վերելակի բացում: Բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով 2 ելք է կատարվել: Անցած շաբաթվա ընթացքում օձի հայտնաբերման մասով 1 կանչ է գրանցվել: Մայիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Վ. Վաղարշյան փողոցի տներից մեկի բակում օձ է հայտնաբերվել: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խումբը հայտնաբերել է սողունին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Անձրեւային եղանակով պայմանավորված՝ նվազել են հրդեհի դեպքերը: Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 1 ելք: Մայրաքաղաքի Մ. Մաշտոցի 4 հասցեում 2  էլեկտրական անջատիչ է այրվել: Հրշեջ փրկարարները մարել են հրդեհը եւ ապահովել բնակիչների անվտանգությունը:  Անցած շաբաթվա ընթացքում ԱԻՊԾ սակրավորները կատարել են 3 ելք: Հայտնաբերվել է շուրջ 151 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: Սակրավորները արձագանքում են քաղաքացիների՝ հայտնաբերված, չպայթած զենք-զինամթերքի մասով բոլոր ահազանգերին՝ անհրաժեշտության դեպքում տեղում իրականացնելով պայթեցման աշխատանքներ:  Ծառայության տնօրենի անմիջական հրամանով` աշխատանքներ են տարվում բնական աղետների հետեւանքները մեղմացնելու, սպասվող հրդեհավտանգ շրջանում վտանգը ժամանակին կանխելու եւ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ բնակիչներին տեխնիկական օգնություն ցուցաբերելու  ուղղությամբ:  Փրկարարների առաջնահերթ նպատակը բնակչության անվտանգության ապահովումն է:

 

 

 

 

 

ՎԵՐՄԻՇՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքում՝ դատապարտելով ազատազրկման՝ 8 տարի ժամկետով։ Հիշեցնենք, որ, ըստ առաջադրված մեղադրանքի, Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղշին կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ. սեպտեմբերից մինչեւ 2020թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։

 

 

 




Լրահոս