ԱԺ-ում գազային հանձնաժողովի ստեղծման ժամանակ ՀԱԿ-ը հայտարարում էր, որ եթե հանձնաժողովի ստեղծումից հետո նիստերն անցկացվեն դռնփակ, խմբակցությունը դրանց չի մասնակցի. այդ մտահոգությունն ուներ հատկապես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, սակայն ՀԱԿ-ը կողմ քվեարկեց ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ներկայացրած գազային հանձնաժողովի ստեղծմանը:
Armlur.am-ի թղթակիցը Արամ Մանուկյանից պարզեց` դռնփակ նիստերի անցկացումն այլևս ՀԱԿ-ի համար խնդիր չէ: Պրն. Մանուկյանն անկեղծացավ` ասելով. «Սա, իհարկե, այն չէր, ինչ ես ուզում էի, բայց հասանք նրան, որ հանվեց տեղեկություն տարածելու մասին արգելքը. հանձնաժողովի անդամներն իրավունք ունեն և՛ տեղեկություն տարածել, և՛ մամուլի ասուլիս տալ»:
Պատգամավորի հիմնական նպատակը մեկն է`հանձնաժողովի միջոցով պարզել` գազի 400 դոլար գինն ինչպես է ձևավորվում, երկրորդ` ինչու են գաղտնի պահել 300 մլն դոլար գազի պարտքը: Այս երկու հարցերի պատասխանը Արամ Մանուկյանը հույս ունի ստանալ հանձնաժողովի նիստերի ընթացքում:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ չէր երազում հանձնաժողովի ստեղծման մասին, և անկախ այն հանգամանքից` կստեղծվի հանձնաժողովը, թե` ոչ, վերջինս հետամուտ է լինելու գազի գնի բարձրացման պատճառներին: