Նիկոլ Փաշինյանի եւ Ալիեւի՝ կիրակի օրվա բրյուսելյան հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան՝ 1992թ.-ի Ալմա-Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ 29,8 հազար ք/կմ-ի սահմաններում, եւ Ադրբեջանինը` 86,6 հազար ք/կմ-ի սահմաններում։
Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ:
-Պարո՛ն Գալչյան, կմանրամասնե՞ք՝ ինչ է սա ենթադրում, որ տարածքների մասին է խոսքը:
-1991թ.-ին, երբ Ալմա-Աթայում որոշվեց, որ 12 հանրապետություններն անկախանում են, սկսեցին գործածվել խորհրդային ժամանակվա քարտեզներ, որոնք պատրաստվել էին 1971-1975 թվականներին: Խորհրդային Միության ժամանակվա քարտեզների մասին է խոսքը, որոնք գրեթե բոլորին են ծանոթ, այնպես որ, նորություն չէր Փաշինյանի ասածը: Նա վերահաստատեց, որ այդ նույն քարտեզները կլինեն հիմք մեր եւ Ադրբեջանի համար՝ միմյանց տարածքները ճանաչելու: Մենք առաջին անգամ տարածքները ճանաչել ենք 1991 թվականին, այդ ժամանակ էլ Հայաստանը 29,800 ք/կմ ուներ իր գծված սահմանների ներսում, իսկ Ադրբեջանը ուներ 86,600 ք/կմ: Ես կարող եմ անցում անել նաեւ ավելի հին քարտեզների, երբ Խորհրդային Միությունը կազմավորվեց, Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը միացան Խորհրդային Միությանը: Մինչեւ 1926 թվականը խորհրդական շտաբը պատրաստել էր երկու երկրների սահմանների քարտեզներ, բայց այդ քարտեզները գաղտնի պահվեցին եւ մինչ օրս մեզ չեն տրվել, բայց մեզ հասել է 1926 թվականի խորհրդային մեծ հանրագիտարանի առաջին հրատարակությունը, որի մեջ 2 քարտեզ կա՝ մեկը՝ Հայաստանի Հանրապետության, մյուսը՝ Ադրբեջանի Հանրապետության: Այդ քարտեզների մեջ Հայաստանն ուներ ոչ թե 29. 800ք/կմ տարածք, այլ շուրջ 31. 000 ք/կմ տարածք, իսկ Ադրբեջանն ուներ 85.000 ք/կմ տարածք: Ժամանակի ընթացքում մեր տարածքներից վերցվել եւ տրվել են Ադրբեջանին. այդ տարածքները Ադրբեջանի տարածքներ են հաշվում խորհրդային ժամանակվա քարտեզների մեջ: Այսինքն՝ այդ տարածքները Հայաստանի տարածքներն են, դրանց մեջ Ալ լճերն է, որը հետո տրվեց Ադրբեջանին, Իշխանասարը, Արծվաշենը՝ իր ընդհանուր տարածքով. այս բոլորը Հայաստանի տարածքում էին: Հետագայում որոշ պատրվակներով Ադրբեջանը հայտարարեց, որ այդ տարածքում ստեղծելու են Կարմիր Քուրդիստան գավառ, եւ քրդերի համար կարիք կա արոտավայրեր ստեղծելու, որոնք քիչ են, հետեւաբար Հայաստանի արոտավայրերից խնդրում են հատկացնել որոշ մաս: Այդ ընթացքում, առանց տեղի ժողովրդի հետ քննարկումների, Ադրբեջանին հատկացվեց 1000 ք/կմ-ից ավել տարածք, եւ Հայաստանը դարձավ 29.800 ք/կմ: Մենք ունենք նաեւ այդ ժամանակվա Ադրբեջանի քարտեզ, որը հրատարակվել է նույն ժամանակահատվածում հանրագիտարանի մեջ: Այնտեղ նույնպես Արցախը եւ Հայաստանը կից են, սակայն, ըստ նրանց քարտեզի, Արցախը ներառված է Ադրբեջանի կազմի մեջ, եւ Ադրբեջանն ունի 85. 000 ք/կմ տարածք: Քանի որ մենք Խորհրդային Միության ժառանգներ ենք եղել, մենք համաձայնել ենք, որ ճանաչենք Ադրբեջանին իր այսօրվա սահմաններով: Հետագայում՝ սահմագծման ժամանակ, մենք կարող ենք ասել, որ մեր տարածքներից որոշ հատվածներ ձեզ են տրվել ապօրինի եղանակով, առանց տեղացիների հետ խորհրդակցելու. պետք է իրավաբանական խնդիրներ առաջ քաշենք, որպեսզի հասկանանք՝ կարող ենք արդյոք մեր ունեցած հին տարածքները վերադարձնել:
-Պարո՛ն Գալչյան, ստացվում է՝ եթե Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածվեն, այդ ամենը փաստաթղթի տեսք ստանա, եւ երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն՝ ըստ 1991թ.-ի քարտեզների, դա ենթադրում է արդյոք, որ Հայաստանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:
-Արցախը, ինչպես տեսնում ենք քարտեզի մեջ, ամբողջությամբ Ադրբեջանի կազմի մեջ է. դա մենք ընդունել ենք 1991թվականին, այնպես չէ, որ այն մենք այսօր ենք ընդունում, 1991 թվականին վավերացրել ենք դա երկկողմանի: Բայց Արցախն ինքնորոշման իրավունք ունի, այսինքն՝ ինքը կարող է որոշել՝ ինչ է ուզում լինի իր ճակատագիրը, ինչպես, օրինակ, 1991 թվականին հանրաքվեով որոշեցին դառնալ անկախ երկիր: Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունները մի քանի տարի հետո այդ հանրաքվեն չեղարկեցին. պարոն Քոչարյանը դա չեղարկեց Մադրիդում: Արցախի ժողովրդի որոշումն էր դա, Հայաստանի նախագահը իրավունք չուներ չեղարկելու, նրա իրավասություններից դուրս էր դա, տեղի ժողովուրդը կարող էր չեղարկել դա, քանի որ իր որոշումն էր: Այժմ կրկին Արցախի ժողովուրդը իրավունք ունի հանրաքվեով իր որոշումն արտահայտել, իսկ մենք կարող ենք նրանց միայն սատարել: Մենք ոչինչ չենք կարող որոշել նրանց փոխարեն, քանի որ բառը «ինքնորոշում» արդեն ասում է, որ իրենք պետք է որոշեն:
-Պարո՛ն Գալչյան, խոսում եք խորհրդային ժամանակվա քարտեզների մասին, բայց գիտենք, որ Ադրբեջանը իրեն պաշտոնապես չի ճանաչում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ:
-Այո՛, Ադրբեջանն իրեն ճանաչել է մուսավաթային կառավարության ժառանգ: Շատ լավ, եթե նրա ժառանգներն են, ապա այդ ժամանակ անկլավ գոյություն չուներ Հայաստանում: Հայաստանի տարածքը Հայաստանինն էր ամբողջովին, իսկ անկլավները տրվեցին Ադրբեջանին Խորհրդային Միության կողմից: Նախիջեւանը եւս իրենց տարածքում չէր, Նախիջեւանը Լենինը նվիրեց Ադրբեջանին: Արցախը դեռ այն ժամանակ վիճելի հարց էր, բայց Ստալինը որոշեց տալ Ադրբեջանին: Խորհրդային Միության որոշումները չպետք է ընդունի Ադրբեջանը: Անկլավը մի կողմ դնենք. իրենց սահմանադրության ակտի 2-րդ հոդվածում ասվում է, որ ժառանգներն են մուսավաթային Ադրբեջանի, ուրեմն անկլավներ պահանջելու իրավունք չունեն՝ ըստ իրենց սահմանադրության:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՎԱՐԺԱՆՔ ԿԱՆՑԿԱՑՎԻ
ArmLur.am-ի տեղեկություններով՝ 2023թ. օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբեր 13-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ:
Բացի այդ, վարժական հավաքների ապահովման, այդ թվում նաեւ՝ ձեւավորված առաջնագծում ինժեներական աշխատանքների կատարման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավել համապատասխան տեսակի եւ քանակի տրանսպորտային միջոցներ:
Այսպիսով, հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով, վարժական հավաքներ անցկացվում են հետեւյալ փուլերով.
-2023 թվականի օգոստոսի 1 – 25-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 788 քաղաքացի, որոնցից 708-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 55-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
– 2023 թվականի օգոստոսի 3 – 27-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 56 շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայիններ,
-2023 թվականի օգոստոսի 15-ից մինչեւ սեպտեմբերի 8-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 388 քաղաքացի, որոնցից 349-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 22-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
– 2023 թվականի օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 22-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 420 քաղաքացի, որոնցից 376-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 18-ը` ավագ ենթասպայական կազմի, 26-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
– 2023 թվականի սեպտեմբերի 4 – 28-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ,
– 2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 350 քաղաքացի, որոնցից 313-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 12-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
Վարժական հավաքների ապահովման համար 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչեւ 205 միավոր տրանսպորտային միջոց՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 7 օրացույցային օր ժամկետով, բացառությամբ ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոցների, որոնց ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով։