ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում երեկ ներկա է եղել «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն»-ի բացմանը: Կենտրոնում ՀԱԱՀ ուսանողները եւ գյուղատնտեսության ոլորտի մասնագետները կստանան աշխատաշուկայում հաջողելու կարեւոր փափուկ հմտություններ։

 

Կենտրոնը բացվել է «Փափուկ հմտությունների զարգացումը՝ որպես զբաղվածության հիմնական գործիք» նախագծի շրջանակում, որը համաֆինանսավորել են Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունները Վիշեգրադի միջազգային հիմնադրամի դրամաշնորհների միջոցով: Կենտրոնի բացումը 2022 թվականի հունվարին մեկնարկած եւ այս տարվա հունիսին ավարտվող նախագծի ամփոփումն էր:

Նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ համաշխարհային աշխատաշուկան շարունակ ենթարկվում է կառուցվածքային վերափոխումների, որոնք ոչ միայն զարգացման հնարավորություններ են ստեղծում, այլ նաեւ մարտահրավերներ` մասնագետների առջեւ նոր տեսակի հմտությունների պահանջ առաջ քաշելով:

«Բեկումնային տեխնոլոգիաները եւ ավտոմատացումը նոր հմտությունների պահանջարկ են առաջացնում ու նոր պահանջներ սահմանում ուսհաստատությունների համար: Մասնագիտական գիտելիքների եւ կարողունակությունների հետ համահունչ՝ մեծ պահանջարկ վայելող հմտությունների շարքում են ինչպես մետահմտությունները` մաթեմատիկա, լեզուներ, հիմնարար գիտություն, վերլուծական մտածողություն, այնպես էլ փափուկ հմտությունները` հաղորդակցվելու կարողությունները, հուզական ինտելեկտը, առաջնորդությունը եւ սոցիալական ազդեցությունը: ՀՀ կառավարության ծրագրային նպատակներից է մարդու ստեղծարար հմտությունների զարգացումը՝ իբրեւ երկրի զարգացման գրավական: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները միտված են քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ քաղաքացու ձեւավորմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը:

Նախարարի տեղակալի ընդգծմամբ՝ «Կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով» սահմանված են կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, որոնց շարքում են նաեւ աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտությունների, կրթական ծրագրերի վերանայումն ու լրամշակումը: Նա նշել է, որ ներկայում մշակվող բարձրագույն կրթական ծրագրերի համար հիմք է հանդիսանում որակավորումների ազգային շրջանակը, որը, մասնագիտական հիմնարար գիտելիքներին զուգահեռ, սահմանում է փափուկ հմտություններին հատուկ ուսումնառության վերջնարդյունքներ, օրինակ` հաղորդակցման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) եւ տվյալների հետ աշխատելու, ընդհանրական իմացական հմտություններ եւ այլն:

«Մշակման փուլում է նաեւ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության հայեցակարգային փաստաթուղթը, որն արդյունավետ միջոց եւ նոր հնարավորություններ կստեղծի ուսանողների համար՝ աշխատավայրում ձեռք բերելու համապատասխան փափուկ հմտություններ: Լիահույս եմ, որ կենտրոնը ամբողջովին ծառայելու է իր նպատակին: Վստահ եմ, որ ՀԱԱՀ-ն էլ իր հերթին կնպաստի վերոնշյալ արդյունքների, նպատակների իրականացմանը, փափուկ հմտությունների զարգացմանն ու մասնագիտական տարբեր ոլորտներում դրանց կիրառմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ շնորհակալություն հայտնելով նաեւ Հունգարիայի գյուղատնտեսական եւ կենսագիտական, Նիտրայում Սլովակիայի գյուղատնտեսական եւ Հարավային Բոհեմիայի համալսարաններին 2022 թվականից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համակարգմամբ իրականացվող այս նախագծին օժանդակելու համար։

Գործընկեր համալսարանների ներկայացուցիչների խոսքից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր  Մարտիրոսյանը, ռեկտոր  Վարդան Ուռուտյանը եւ հյուրերը բացել են «Փափուկ հմտությունների զարգացման կենտրոն»-ը: Նորաբաց կենտրոնում վերոհիշյալ մոդուլների վերաբերյալ ներկայացումներով հանդես են եկել Ագրարային համալսարանի վերապատրաստված մասնագետները։

 

 

 

 

ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչապետի աշխատանքին միանշանակ հավանություն է տվել հարցվածների միայն 11.9 տոկոսը, 24.1 տոկոսը ավելի շուտ հավանություն է տալիս, 12.3 տոկոսը ավելի շուտ հավանություն չի տալիս, 38.7 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:

Այս մասին են վկայում GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության հերթական հետազոտության տվյալները, որոնք ներկայացրել է տնօրեն Արամ Նավասարդյանը:

Կառավարության աշխատանքին միանշանակ հավանություն է տալիս 10.8 տոկոսը, 21.8 տոկոսը ավելի շուտ հավանություն է տալիս, 11.8 տոկոսը ավելի շուտ հավանություն չի տալիս, 42.9 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:

Ազգային ժողովի աշխատանքին հավանություն է տալիս 5.9 տոկոսը, իսկ 50.9 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:

Նախագահի աշխատանքին 8.9 տոկոսը միանշանակ հավանություն է տալիս, 42.4 տոկոսը ընդհանրապես հավանություն չի տալիս:

Ներկա պահին որո՞նք են պետության առջեւ ծառացած երեք ամենակարեւոր խնդիրները. 46.5 տոկոսը նշել է անվտանգության հետ կապված խնդիրները, սահմանների հստակեցման խնդիրներ՝ 37.3 տոկոս, պատերազմի վտանգ՝ 29.4 տոկոս, տնտեսական վիճակ՝ 26.8 տոկոս, Արցախի խնդիր՝ 14.8 տոկոս, գործազրկություն՝ 12 տոկոս, գերիների վերադարձ՝ 9.9 տոկոս:

Հետազոտությունն անցկացվել է ապրիլի 26-30-ն ընկած ժամանակահատվածում 1100 հեռախոսային հարցումների միջոցով։

ԳՆՈՒՄՆԵՐ՝ ՄԵԿ ԱՆՁԻՑ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մեկ անձից գնումներ է կատարել միջազգային պատվիրակություններին ընդունելու նպատակով։ Դրանցից մեկով «Արմենիա» միջազգային օդանավակայանի հետ 115 հազար դրամի պայմանագիր է կնքվել Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Կ.Կոլոննայի գլխավորած պատվիրակության պաշտոնական ընդունելությունը կազմակերպելու համար։ Ապա «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությունից ԱԳՆ-ն մոտ 740 հազար դրամի գնումներ է կատարել։ Այդ գումարով կառույցը գնել է թղթապանակներ, նոթատետրեր, գրիչներ։ Նաեւ «Վինո-Վինո» ՍՊԸ-ի հետ է 225 հազար դրամի պայմանագիր առկա, որով էլ «Ազնավուր» եւ «Դվին» կոնյակներ են գնվել։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ  ՆՈՐ ԾՐԱԳԻՐ

Գործարար Արտակ Չիբուխչյանը, սկսած 2000 թվականից, իր հայրենի գյուղում՝ Իջեւանի տարածաշրջանի  Ենոքավան բնակավայրում, քոթեջներով հանգստյան գոտի է հիմնել, իսկ նրա որդին ՝ Տիգրանը, նույն տեղում զիփլայն է գործարկել։  Ենոքավանը Նիկոլ Փաշինյանի հոր գյուղն է, Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի  անդամների  կամ ընկերների հետ   հաճախ է  այցելում Արտակ Չիբուխչյանի «Ապագա տուր»  հանգստյան գոտի։ Արտակ Չիբուխչյանը այժմ   Ենոքավանում կառուցապատման նոր ծրագիր ունի։ Իջեւան համայնքի Ենոքավան գյուղի վարչական սահմաններում է  գտնվում, Արտակ Չիբուխչյանի սեփականությունն  է  հանդիսանում   5 հեկտար  մակերեսով  գյուղատնտեսական, նպատակային արոտավայրի գործառնական նշանակության եւ  Ենոքավան  բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գտնվող 1 հեկտար  հողամասը, որը հանդիսանում է գյուղատնտեսական, արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական օբյեկտների նպատակային, գյուղատնտեսական, արտադրական, արոտավայր գործառնական նշանակության հողամաս։ Արտակ Չիբուխչյանը Իջեւանի համայնքապետարան է դիմել  այդ հողամասերի  նպատակային նշանակությունը փոխելու, այդ հողամասերը բնակավայրերի նպատակային,  բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի շարքին դասելու խնդրանքով։ Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը, հիմք ընդունելով Արտակ Չիբուխչյանի՝ 2023 թվականի փետրվարի 8-ի դիմումը եւ Իջեւան համայնքի ավագանու՝ 2023 թվականի փետրվարի 28-ի նիստի պահանջները, ղեկավարվելով ՀՀ կառավարության ՝ 2011թ. նոյեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ, ՀՀ հողային օրենսգրքի 42 հոդվածի 1,1 եւ 1,2 ենթակետերի  դրույթներով, 2023թ. մայիսի 12-ին որոշել է  դիմել Տավուշի մարզպետարան Արտակ Չիբուխչյանին պատկանող վերոհիշյալ երկու հողամասերի նպատակային նշանակությունը բնակավայրերի նպատակային, բնակելի կառուցապատման գործառնական հողատեսքի փոխելուն (բնակելի տուն կառուցելու նպատակով) համաձայնություն ստանալու նպատակով։

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏՆ ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏԵԼ

Մայիսի 6-ին Տավուշի մարզի  մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ  տեղեկատվական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին՝ խնդրելով հարցումիս պատասխանել օրենքով սահմանված ժամկետում, ըստ էության, հանգամանալից։ Ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը մինչ  հիմա   չի պատասխանել տեղեկատվական հարցմանս՝ խախտելով «Տեղեկատվության ազատության մասին»  օրենքը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս