ArmLur.am-ը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, թե հայկական շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչներից ովքեր են հարկային պարտավորությունները կատարել:
Մասնավորապես՝ հարկային վարչարարության եւ առանձին երգիչ-երգչուհիների իրավագիտակցության բարձր մակարդակի, ինչպես նաեւ համատեղ քննարկումների արդյունքում, ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների, իրենց եկամուտները հայտարարագրել են Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը, Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը:
Նշենք, որ հարկային վարչարարության ընթացքում պարզվել է, որ երգիչ Անդրեյ Հովնանյանը (Անդրեն) հանդիսանում է նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի եւ իր համերգային գործունեությունից Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստացված եկամուտներից հարկերը հաշվարկում եւ վճարում է ԱՄՆ-ում:
Հավելենք, որ երեկ Radar Armenia-ն ներկայացրել է շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցիչների՝ ինքնակամ շրջանառություն հայտարարագրածների ցանկը՝ 2022 թվականի եւ 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով:
ՊԵԿ-ը քանիցս հորդորել է շոու-բիզնեսի ներկայացուցիչներին բարեխղճորեն հայտարարագրել եկամուտները, եւ նշված ցանկում ընդգրկվածների վարքագիծը պետք է օրինակելի դառնա մյուսների համար:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ՄՈՒՂԱՄԸ ՄԵՐՆ Է ԵՂԵԼ». ՍՈՒՊԵՐ ՍԱՔՈ
Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Կադրից դուրս» հաղորդման շրջանակներում երգիչ, ռեպեր Սուպեր Սաքոն անդրադարձել է Կոմիտասի մշակույթին եւ պնդել, որ մուղամը հայկական է եւ ոչ մի կապ չունի մեր հարեւան պետությունների մշակությի հետ:
Սա մեծ վորդովվմունք եւ զայրույթ է պատճառել հանրությանը: «Մուղամը մերն է եղել:
Կոմիտասը եկել եւ մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները:
Ես գիտեմ այդ պատմությունը, եւ պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասել է նա:
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը, իսկ մայիսի 20-ին կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը:
2023թ. Թանգարանների միջազգային օրվա խորագիրն է «Թանգարաններ. կայունություն եւ բարեկեցություն», որը եւս մեկ անգամ վերահաստատում է թանգարանների կարեւորագույն դերը համայնքների կայուն զարգացման եւ բարեկեցիկ հասարակության ձեւավորման գործում: Որպես հեղինակավոր հաստատություններ եւ առանցքային հանգույցներ համընդհանուր սոցիալական կառուցվածքում՝ թանգարանները բացառիկ դերակատարում ունեն՝ խթանելու դրական փոփոխությունները եւ նպաստելու կայուն զարգացման նպատակներին:
Այս տարի եւս տոնական միջոցառումները կմեկնարկեն Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, եւ կշարունակվեն մայիսի 20-ին «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմամբ:
Մայիսի 18-ին թանգարաններն անվճար սկզբունքով բաց կլինեն բոլոր այցելուների համար թանգարանի աշխատանքային ժամերին եւ մայիսի 20-ին՝ ժամը 11:00-24:00-ն:
Ծրագրին միացած Հայաստանի եւ Արցախի 116 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջեւ՝ առաջարկելով այցելուներին բազմապիսի ճանաչողական եւ կրթական թեմատիկ ծրագրեր: Եվս մեկ անգամ կվերարժեւորվի թանգարանների առաքելությունը նորօրյա մարտահրավերների, մշակութային ժառանգության պահպանության եւ բարեկեցիկ հասարակության ձեւավորման համատեքստում:
Նշենք, որ Թանգարանների միջազգային օրը հիմք է դրվել 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ): Նպատակն է համախմբելու թանգարաններին հասարակության եւ մարդկության առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ: Միաժամանակ այն նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ այդ մարտահրավերների դիմագրավմանն ու լուծմանն ուղղված թանգարանների կարեւորագույն դերի եւ հնարավորությունների մասին:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի եւ հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ, ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ Եվրախորհրդի հովանավորությամբ:
Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից: