ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՃԻՇՏ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում այս կիրակի տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիեւ եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ ճանաչել տարածքային ամբողջականությունը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ հարգել Հայաստանի 29.8 հազար ք/կմ եւ Ադրբեջանի 86.6 հազար ք/կմ տարածքները:

 

«Ժողովուրդ» օրաթերթը բրյուսելյան հանդիպումից հետո զրուցել է ԵԿՄ համահիմնադիր, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ:

-Պարո՛ն Խուդավերդյան, Դուք ի՞նչ կասեք, ի՞նչ է ենթադրում  Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ 86,000 ք/կմ տարածքի սահմաններում:

-Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, նախկինները ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի տարածքային  անբաժանելի մաս, հիմա Արցախի ժողովրդի անձնագրերում գրվում է՝ ծնված Ադրբեջանի Հանրապետությունում: Երկրորդ՝ Ղարաբաղի ժողովուրդն ինքն է որոշելու իր ճակատագիրը՝ լինելու է Ադրբեջանի կազմում, թե Հայաստանի: Ես նման  բան չեմ լսել, որ Ղարաբաղը հայտարարի՝ միանում է Հայաստանին, բացի 88թ.-ի ԼՂՀ պարտիայի որոշումից: Այնպես որ, Հայաստանը շատ հեռու է նման որոշում կայացնելուց, Ղարաբաղն ինքն է իր ճակատագրի տերը: Ոնց որ միշտ, հայտարարել են՝ դուք մեզ փող ու զենք ուղարկեք, մնացածի հետ գործ չունեք:

-Պարո՛ն Խուդավերդյան, կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանի իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում:

-Մինչեւ Շառլ Միշելի հայտարարությանն անդրադառնալը վերադառնանք անցյալ. Արցախը որպես Ադրբեջանի տարածք չի՞ ճանաչվել Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների կողմից: Շառլ Միշելը լրացուցիչ վերահաստատեց այդ ամենը: Տարբեր բանակցային պրոցեսներում, երբ  Արցախի տարածքային ամբողջականության հարցն է բարձրացվել, Հայաստանի դիրքորոշումը եղել է այն, ինչն այս պարագայում հայտարարեց Շառլ Միշելը:

-Ասում եք՝ նախկիններն են ճանաչել Արցախն Ադբբեջանի կազմում. ու՞մ նկատի ունեք, կոնկրետ ովքե՞ր:

-Ովքեր որ ի պաշտոնե  մասնակից են եղել այդ ամենին եւ իրավունք են ունեցել դիրքորոշում հայտնելու: Նկատի ունեմ բոլորին, ովքեր բանակցելու իրավունք են ունեցել. անվանական նշում չեմ անելու, թող ղեկավարներից ամեն մեկն ինքն ասի, թե ինչ դիրքորոշման տակ են ստորագրել եւ մեզ՝ որպես պետություն, ինչ փաստերի առաջ են կանգնեցրել:

-Եթե տրված էր Արցախը, ինչի՞ համար էինք պայքարում, ինչու՞ էին մեր զինվորները սահման պահում:

-Ցավոք, քաղաքական եւ դիվանագիտական սֆերան չքայլեց  ռազմական ուժերին համատեղ, չփորձեց ամրագրել ռազմական հաղթանակները:  Արցախի ճակատագիրը այս պահին Արցախի իշխանությունների եւ Արցախի ժողովրդի ձեռքերում է: Հայաստանից ինչ հասնում էր, արել ենք՝ հանուն Արցախի: Ես միշտ ասել եմ՝ մեր ձեռք բերած հաղթանակները ճիշտ չօգտագործվեցին, օգտագերծվեցին՝ ընդդեմ Հայաստանի:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Նիկո Սխերմերսին։

 

Քննարկեցինք Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման արդյունքներն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Շ. Միշելի հայտարարությունը։ Նշեցի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն ունի լեգիտիմության լուրջ խնդիր, քանի որ ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992թ. հուլիսի 8-ի որոշմամբ նշվում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»:

Պարոն դեսպանին ներկայացրի իմ նախաձեռնությամբ իրականացվող ստորագրահավաքի նպատակը եւ արդյունքները, այն է՝ ներկայացնել ժողովրդի կամքը, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Նշեցի, որ ընդհանուր հավաքվել է 300 հազարից ավելի ստորագրություն, որը վկայությունն է այն պարզ ճշմարտության, որ ժողովուրդը համաձայն չէ ներկայիս իշխանության վարած քաղաքականության հետ։

Խոսելով Հայաստանում ժողովրդավարության լրջագույն խնդիրների մասին՝ հիշատակեցի ԱԺ ՄԻՊՀՀ հանձնաժողովի խայտառակ նիստում տեղի ունեցած անօրինությունները, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սպառնաց կտրել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուի ականջներն ու լեզուն եւ մնաց անպատիժ: Ավելին՝  դեռ մտածում են իմ պաշտոնանկության հարցը բարձրացնել, որ չեմ արգելել Էդգար Ղազարյանին ելույթ ունենալ իր հասանելիք ժամանակահատվածում։

Ներկայացրի, որ քաղաքական ակցիա իրականացնելիս ինձ եւ իմ գործընկեր պատգամավորներին անվտանգության աշխատակիցները՝ ԱԺ նախագահի հրահանգով, բռնությամբ դուրս հանեցին Ազգային ժողովի դահլիճից ընդմիջման ժամանակ եւ թույլ չտվեցին այլեւս մտնել ԱԺ դահլիճ: Այս անօրինության համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Նիդերլանդների Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ մեր ունեցած զրույցի ընթացքում հայտնեցինք մեր պատրաստակամությունը՝ ընդլայնելու համագործակցության շրջանակները»։

 

 

 

 

 

ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐՎԻ

Մայիսի 23-ին Երեւանի ավագանին նիստ է գումարելու։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում ընդգրկված է 14 հարց, որից 6-ը չզեկուցվող են լինելու։ Որոշումներից մեկով Երեւան քաղաքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի եւ փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու եւ համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին հարցն է քննարկվելու։ Նախագծերից մեկով առաջարկվում է «ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ-ի փոխարեն ստեղծել ՀՈԱԿ, որից հետո նախատեսվում է լուծարել «ՁԵՎԱՎՈՐՈՒՄ» ՓԲԸ կազմակերպությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՈԱԿ-ի ստեղծումը հնարավորություն կընձեռնի Երեւան քաղաքում հանրային միջոցառումների, տոնակատարությունների, օտարերկրյա նախագահների եւ պատվիրակությունների այցելության եւ այլ միջոցառումների կապակցությամբ դրոշակազարդման ծառայությունների, քաղաքային գույքի ձեռք բերման, սպասարկման, ապամոնտաժման եւ արտաքին ձեւավորման այլ գործառույթների պատշաճ աշխատանքների իրականացում:

Բացի այդ, նաեւ փողոցներ անվանակոչելու մասին հարցեր են ընդգրկված օրակարգում։ Օրինակ՝ առաջարկվում է փողոցներ անվանակոչել Վարդուհի Վարդերեսյանի, Էլվինա Մակարյանի, Մետաքսյա Սիմոնյանի անուններով։

 

 

 

 

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՈՒՆԻ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոր խորհրդական ունի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ, ԱԺ նախագահի որոշմամբ, ԱԺ նախագահի օգնական Աշխեն Հայրապետյանն ազատվել է պաշտոնից: ԱԺ նախագահի մեկ այլ որոշմամբ՝ նա նշանակվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդական:

 

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Վարչապետն անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին:

Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:




Լրահոս