ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարված քննությամբ բացահայտվել է օտարերկրյա քաղաքացիների կողմից իրենց համերկրացիներից կամ ՀՀ քաղաքացիներից համապատասխան երկիր փոխանցում կատարելու պատրվակով առանձնապես խոշոր չափերով խարդախություններ կատարելու հանցավոր մեխանիզմ։
Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ կիրառվող պատժամիջոցների պայմաններում կոնկրետ երկիր դոլարային արտարժույթով փոխանցում կատարելու դժվարություններ ունենալու պայմաններում անձինք, այդ թվում նաեւ՝ Հայաստանում գտնվող տվյալ երկրի քաղաքացիները, տեղեկանում են, որ Երեւան քաղաքում գործում է տվյալ երկիր գումարների փոխանցումով զբաղվող գրասենյակ։ Դիմելով վերջինիս տնօրեն ներկայացող, տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող անձին՝ վստահում են նրան իրենց պատկանող տարբեր չափերով գումարները տվյալ երկրում գտնվող, իրենց կողմից նշվող անձանց հաշվեհամարներին փոխանցելու նպատակով։ Որպես գրասենյակի ներկայացուցիչ ներկայացող անձինք առաջին անգամ պատշաճ կերպով կատարում են փոխանցումը, որից հետո, վստահելով վերջինիս, նույն անձինք երկրորդ անգամ են փոխանցումն իրականացնելու նպատակով խոշոր չափերով գումար տրամադրում նրանց։ Օգտագործելով վերջիններիս մոտ ձեռք բերած վստահությունը՝ ստացած գումարները չեն փոխանցում համապատասխան հաշվեհամարներին, խաբեությամբ տիրանում են տուժողների գումարներին՝ վերջիններիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը 2021թ. հոկտեմբերին գրասենյակի տնօրենի կողմից 20.000 ԱՄՆ դոլարը այլ երկրում գտնվող իր հարազատին փոխանցելուց եւ նրա նկատմամբ վստահություն ձեռք բերելուց հետո օրեր անց եւս 50.000 ԱՄՆ դոլար գումար է տվել նրան նույն եղանակով փոխանցում կատարելու համար։ Որոշ ժամանակ անձը գրասենյակի «ՎոթսԱփ» համարից ստացել է բանկային փոխանցման 2 կտրոնի նկար, ըստ որոնց, իբր, նրա անվամբ փոխանցվել է 28.000 ԱՄՆ դոլար, սակայն բանկում նրան հայտնել են, որ ներկայացրած կտրոններով փոխանցում չի կատարվել: Պարզաբանումներ ստանալու համար դիմել է գրասենյակի տնօրեն ներկայացած անձին, որը տեղեկացրել է, որ աշխատողը, վերցնելով գումարները, փախել է:
Մեկ այլ դեպքում 2022թ. մայիսին օտարերկրացի անձը, նախապես ծանոթանալով ՀՀ-ից գումարների փոխանցմամբ զբաղվող վերոնշյալ անձի հետ, 2022թ. ապրիլին նրանց է տրամադրել 3000 ԱՄՆ դոլար, որը նույն օրը փոխանցվել է իրենց կողմից նշված հաշվեհամարին:
Վստահություն ձեռք բերելով այդ անձի նկատմամբ՝ օտարերկրացի քաղաքացին նրան է վստահել եւս 42.600 ԱՄՆ դոլար գումարի փոխանցումը, սակայն վերջինս, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, օգտագործելով վստահությունը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու նախնական դիտավորությամբ վերցված նշված գումարը չի փոխանցել եւ խաբեությամբ տիրացել է դրան։
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա՝ որպես գրասենյակի տնօրեն հանդես եկած անձին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (2 դրվագ)։ Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է կալանքը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ, եւ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Որպես գրասենյակի աշխատակից հանդես եկած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի նույն հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը եւ հայտարարվել հետախուզում:
Հաշվի առնելով, որ ՀՀ-ում գտնվում են տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող բազմաթիվ անձինք, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիների կողմից տվյալ երկրի քաղաքացիների հետ ունեցած գործարար կապերը՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ձեռնպահ մնալ զարտուղի ճանապարհով եւ մեխանիզմներով, անվստահելի անձանց միջոցով նման գործարքներ իրականացնելու փորձերից եւ այդկերպ խարդախության զոհ դառնալու հեռանկարից։
ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԻ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Մայիսի 16-ին՝ ժամը 14:20-ին, Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Վ. Սարգսյան փողոցի թիվ 8/1 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դիակ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ ոստիկանությունից։
Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետը, հետաքննիչները եւ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Ոստիկանության հետաքննիչները պարզել են, որ նշված հասցեում հայտնաբերված դիակը հանդիսանում է Աշոտ Բաբայանը (ծնված 1962թ.):
ՆԳՆ ծառայողները վերջինիս տեղափոխել են «Դատաբժշկական փորձաքննության բյուրո» ՊՈԱԿ: Զննությամբ դիակի վրա արտաքին բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԿԵՂԾՎԵԼ
Համայնքապետարանի գանձապահը կեղծել է փաստաթղթերը ու հափշտակել գումարներ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով համայնքապետարանի գանձապահ, այնուհետեւ համայնքային կառավարչական հիմնարկի օպերատոր, միսնական դիտավորությամբ կեղծել է իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր, ապա դրանք օգտագործելով՝ հափշտակել է վճարելու եղանակով իրեն վստահված խոշոր չափերով գումարներ, բացի այդ, ձեռք է բերել ռազմամթերք եւ ապօրինի կերպով պահել իր բնակության վայրում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԶԵՆՔԻ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՃԱՌԱԿԵՏ
Հայաստանի առեւտրի կենտրոններից մեկում հայտնաբերվել է զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի կետ։
Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի ոստիկանությունն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ առեւտրի կենտրոններից մեկում 49-ամյա տղամարդը զենք- զինամթերքի ապօրինի շրջանառությամբ է զբաղվում։ Իրավապահները տվյալները ստուգել են ու պարզել, որ տղամարդն իսկապես առանց համապատասխան թույլտվության վաճառում է ատրճանակներ, հրազեններ ու փամփուշտներ: Խանութի սեփականատերը, որն Աբովյան քաղաքի 49-ամյա բնակիչ է, եւ 40-ամյա աշխատակիցը ձերբակալվել են: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
ԱՊՕՐԻՆԻ ՀՈՐԱՏՄԱՆ ԴԵՊՔ
ԲԸՏՄ տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։
Քաղաքացին ոռոգման նպատակով ջրօգտագործում կատարելու համար Նորապատ գյուղի վարչական տարածքում, առանց համապատասխան փաստաթղթերի առկայության, իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։
Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սուրեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի պաշտոնը, իրեն ամրակցված հաշվեցուցակային զենքի՝ «Մակարով» տեսակի ատրճանակի գործադրմամբ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, Երեւան քաղաքի Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան 11/1 հասցեում այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար կյանքից զրկել Ալեքսան Նավասարդյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ վերջինս կարողացել է թաքնվել եւ խույս տալ կրակոցներից:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Իրավապահները շարունակում են բացահայտել պետական դավաճանության դեպքերը: Մեզ հայտնի դարձավ, որ Միքայել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, լրտեսության, օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք հանձնելու եւ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալու, այն է՝ օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչների առաջադրանքով Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիությանը եւ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաեւ ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հավաքելու եւ հանձնելու եղանակով կատարել է պետական դավաճանություն, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել ու պահել ռազմամթերք: Վերջինս կալանավորված է:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ