Հայկական շոու-բիզնեսի «հաջողության բանաձևը»՝ քավորներն ու սանիկները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ մարդու մտածողության մեջ արդեն ձևավորվել է այն համոզմունքը, որ շոու-բիզնես մուտք գործելու և հաջողությամբ առաջին քայլերը կատարելու համար պատկառելի հովանավորներ են հարկավոր: Իհարկե, այս մշակույթի ձևավորման մեջ մեղավոր չեն էստրադա նոր մուտք գործած, պետական օթյակներում ազդեցիկ դիրք ունեցող հովանավոր-թիկնապահներով ապահովված երգիչ-երգչուհիները. նրանք ընդամենը իրենց ավագ սերնդի որդեգրած քավոր-սանիկական «հաջողության բանաձևի» հետևորդներն են:

Հ: Բայց այն ավելի մոդայիկ և գործածական դարձավ վերջին տարիներին, երբ AT տեխնոլոգիաները ստիպեցին շոու-բիզնեսում մաքառողներին գտնել դրա գովազդի ու քարոզչության ավելի արդյունավետ և շահութաբեր միջոցներ: Ամուր թիկունք ունենալու համար որոշ աստղեր արդեն բացեիբաց իրենց քավոր կանգնեցրին մեդիադաշտում խոշոր մենաշնորհ ունեցող մարդկանց և կարողացան նպատակային օգտագործել իրենց հովանավորների գովազդային և քարոզչական ողջ զինանոցը:

Երևի արդեն շատերին պարզ դարձավ, որ խոսքը երգիչներ Հայկո-Անահիտ Սիմոնյան զույգի մասին է, և հատկապես` նրանց հարսանեկան արարողության՝ ոչ պատահական ընտրված քավոր, «Քոմեդի Քլաբ Պրոդաքշն» ընկերության հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի:

Արթուր Ջանիբեկյանի մասին խոսելիս չենք կարող չնշել, որ սկսած 2005 թվականից՝ նա դարձել է ԱՊՀ մասշտաբով ամենախոշոր մեդիամագնատներից մեկը: Իզուր չէ, որ 2012 թվականին արժանացել է «Ռուսաստանի Մեդիամենեջեր» մրցանակին` հեռուստատեսային ապրանքանիշերի ստեղծման և հեռուստատեսության ոլորտում կատարած ամենամեծ գործարքի համար: Բացի Ռուսաստանում կատարած սխրանքներից՝ Ա. Ջանիբեկյանը, իրեն պատկանող «Ջազզվե» սրճարանների ցանցի մյուս համասեփականատրիոջ հետ միասին, 2008 թվականի նախագահական ընտրություններին և ընտրություններից հետո կարողացավ ցույց տալ, որ իր թուրը կտրում է ոչ միայն շոու-բզինեսի, մշակույթի ոլորտներում, այլև` քաղաքականության:

Երգիչ Հայկոն մեզ հետ զրույցում ասաց, որ բացի նրանից, որ Արթուր Ջանիբեկյանն իր հարսանիքի քավորն է, ինքն էլ փոխադարձաբար Ջանիբեկյանի որդու քավորն է, և բացի այդ՝Ջանիբեկյանը Հայկոյի ամենամտերիմ ընկերն է: Հայկոն նաև ավելացրեց, որ Արթուր Ջանիբեկյանի ազդեցությունը բավականին մեծ է իր կարիերայի վրա՝ սկսած դեռ 1995 թվականից. 1999 թվականին «Ռոմանս» ձայներիզի թողարկումից հետո Հայկոն և Արթուրն աշխատել են միասին: Իսկ մեր այն հարցին, թե արդյոք օգտվում է Հայկոն Արթուր Ջանիբեկյանի մեդիադաշտի լծակներից, նա պատասխանեց՝ ո՛չ, քանի որ Ա. Ջանիբեկյանն իր եղբայրն է, և լծակներից օգտվելու խնդիր չկա:

Հովհաննես Եսայան

 




Լրահոս