Մայիսի 14-ին Հանրային հեռուստաընկերությունով հեռարձակվող «Կադրից դուրս» հաղորդման շրջանակներում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն անդրադարձել է Կոմիտասի մշակույթին եւ պնդել, որ մուղամը հայկական է եւ ոչ մի կապ չունի մեր հարեւան պետությունների մշակույթի հետ: Սա մեծ վրդովմունք եւ զայրույթ է պատճառել հանրությանը: Երգչի հայտարարությանը արձագանքել են մշակութային մի խումբ գործիչներ:
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը գրել է. «Ոչ թե բանի տեղ չդնել, անտեսել, արհամարհել, այլ շարունակել քարկոծել, անարգանքի սյունին գամել եւ հանրային պարսավանքի ենթարկել մեր ազգային արժանապատվությունը ոտնահարող, հայ մշակույթի հենասյան, մեր Սրբություն Սրբոց Կոմիտասի գործունեությունը կասկածի տակ դնող ոմն «երգասացի» եւ հանրային տիրույթում նրան ասպարեզ տրամադրող բոլոր պատասխանատուներին…»:
Դերասան Տիգրան Ներսիսյանը գրել է. «Հանրային հեռուստաընկերության «լակոտնյա» ղեկավար անձնակազմը, գլխավոր պրոդյուսեր-մրոդյուսերներով իրենց կեղտոտ, ապականիչ ու քանդիչ գործունեությունը հաջող կերպով շարունակում են։ Սաքոն մեղավոր չէ, իրենից հարցազրույց վերցնողը ու Հանրայինով եթեր հեռարձակողն է մեղավոր։ Գեղցի, լակոտնյա, մի մեծ, նեխած կղանքով բոչկա գտե՛ք ու գլուխներդ մտցրե՛ք մեջը, որ շնչելու եւ արտաշնչելու միջավայրը համահունչ լինի ձեր էությանը»։
Երգահան Ռիչարդ Մադլենյանն էլ «Առաջին ալիքից» պահանջում է ներողություն խնդրել ժողովրդից: «Երկու տխմար, նստած Հ1-ի եթերում, Կոմիտաս են վերլուծում… Առաջին տխմարը, իր մատուցած այլանդակ եւ դատարկ երաժշտությանը բնորոշ, ասում է, որ մուղամը մերն է, եւ որ Կոմիտասն այն մաքրագրել է, որպեսզի օտարների համար ընկալելի լինի։ Երկրորդ տխմարը, որի ապակե ակնոցների ետեւում նույնքան դատարկ աչքերն են, առաջին տխմարի մեկնաբանությունից հիացած, անկանոն համաձայնության նշաններ է ցույց տալիս` էյֆորիկ դեմքի արտահայտությամբ…, ու այս ամենը՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում։ Ես չէի անդրադառնա այս դատարկագլուխներին, եթե այս հաղորդումը չհեռարձակվեր Հ1-ի եթերում։ Ամոթ քեզ, Հ1։ Պահանջում ենք ներողություն խնդրել հայ ժողովրդից նրա հանճարին այս մակարդակի վրա անդրադառնալու համար»։
Լ. Ե.
ԿՄԻԱՆԱ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԻՆ
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, ավանդույթի համաձայն, միանալու է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը եւ մայիսի 20-ին արվեստասերներին է ներկայանալու բազմաբնույթ ցուցադրություններով ու համերգներով:
Այցելուների համար 11:00-24:00-ն բաց կլինեն մշտական ցուցադրությունն ու «Դարից երկար. Արշակ Չոպանյան-Կոմիտաս» ժամանակավոր ցուցադրությունը: 12:00-ին տեղի կունենա «Ողջույն ձեր նոր կյանքին» համերգը: Ելույթ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀԲԸՄ Նորքի Հայորդյաց Տան «Շողակաթ» մանկական երգչախումբը, որի խմբավարը Կարինե Եզեկյանն է, դաշնակահարը՝ Գայանե Ներսիսյանը: 14:00-ին կանցկացվի «Ձայնիկ ունիմ» կրթական ծրագիրը: Այն կվարի Աստղիկ Մարտիրոսյանը, իսկ 16:00-ին Մարիաննա Տիգրանյանը կներկայանա «Կանաչացավ ծառն ի խընկին. հայ ավանդական հարսանիքը» բանախոսությամբ: 18:00-ին պարատոն է սպասվում «Մենք» ազգային պարի խմբի հետ: Պարուսույցը Ստեփան Թորոյանն է, իսկ 20:00-ին համերգային ծրագրով հանդես կգա «Գեղարդ» երգեցիկ խումբը, որի գեղարվեստական ղեկավարը Մհեր Նավոյանն է, խմբավարը՝ Անահիտ Պապայանը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։
ԱՍՏՂԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ԽՆԴՐԱԳԻՐԸ
Ավելի քան հարյուր դերասաններ եւ դերասանուհիներ ստորագրել են ֆիլմերում սեռական բռնության դեմ ուղղված խնդրագիրը, որը հրապարակվել է Liberation-ում։
Արվեստագետներին զայրացրել է այն փաստը, որ Կաննի կինոփառատոնը մեկնարկել է Ջոնի Դեփի մասնակցությամբ «Ժաննա Դյուբարի» ֆիլմով։ Ստորագրողների խոսքով՝ այսկերպ Կաննը շարունակել է աջակցել ագրեսիվ վարք դրսեւորող տղամարդկանց եւ կանանց։
Ջեք Ճնճղուկը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմից վերջերս մշտապես «փայլում» է լրատվամիջոցներում՝ կապված նախկին կնոջ՝ հոլիվուդյան աստղ Էմբեր Հերդի հետ դատական գործերի հետ։ Ավելին՝ վերջինս նախկին ամուսնուն մեղադրել է պարբերաբար բուլիինգի եւ ծեծի համար։ Փառատոնին մեղադրող մշակութային գործիչների կարծիքով՝ մշակութային համատեքստում նման թեմաների լուսաբանումը մեսիջ է ուղարկում բոլորին, որ թույլատրելի է կյանքում անպատիժ բռնություն կիրառել։
Միաժամանակ, ֆրանս-շվեցարացի ռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի վերջին՝ «Զվարճալի պատերազմներ» ֆիլմը, որը նույնպես կցուցադրվի ֆրանսիական Կաննի 76-րդ փառատոնի շրջանակներում, դերասանական հանրության կողմից դժգոհություն չի առաջացրել։