Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 177

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է ժողովրդավարության նոր հակառեկորդներ սահմանել:

Մշտապես թափանցիկ կառավարման մասին թմբկահարող հեղափոխական իշխանությունն այլեւս այնքան է հեռվացել իր իսկ սկզբունքներից, որ հարկ չի համարում անգամ նախարարների գործուղումների մասին տեղեկություն տրամադրել:

Խոսենք փաստերով. «Ժողովուրդ» օրաթերթը կառավարության կայքից տեղեկանում է, որ վարչապետը  որոշումներ է ստորագրել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան գործուղումների վերաբերյալ:

Այսպիսով, Անդրեասյանը  հունիսի 7-9-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն (Կազան) Միջազգային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով, իսկ  Անահիտ Ավանեսյանը  մայիսի 21-23-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 76-րդ ասամբլեային մասնակցելու նպատակով:

Վարչապետի որոշումներում որեւէ խոսք չկա՝ թե ինչ միջոցներով են նախարարները գործուղումների մեկնելու՝ ՀՀ պետբյուջեի՞, թե՞ հրավիրող կողմն է հոգալու ծախսերը:

Նկատենք, որ մշտապես թե՛ ԱԺ կայքում, թե՛ կառավարության  կայքում հրապարակված գործուղումների մասին որոշումներում հստակ նշված է եղել, թե ինչ միջոցների հաշվին են պատգամավորները կամ նախարարները գործուղման մեկնում:

Կարող ենք արձանագրել, որ իրեն ժողովրդավարության բաստիոն հռչակած իշխանությունը հերթական հետքայլն է անում իր իսկ սկզբունքներից:

 

 

 

 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը դեռեւս 2021 թվականին պետությունից գումար է ստացել՝ որպես տան վարձավճարի փոխհատուցում. սա՝ այն դեպքում, երբ նա, համաձայն իր պաշտոնական կենսագրության, ծնվել եւ ապրել է Երեւանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը բնակարանի վարձավճարի փոխհատուցման համար դիմում է գրել ԱԺ ղեկավարությանը եւ ստացել փոխհատուցում: Նա դիմումում նշել է, որ բնակվում է Նար-Դոս փողոցում եւ վարձակալել է այդ բնակարանը 110 հազար դրամով:  Իհարկե, համաձայն ՀՀ օրենսդրության՝ եթե պատգամավորը մարզաբնակ է, Երեւանում ապրելու համար կարող է դիմել խորհրդարանի ղեկավարությանը եւ ստանալ վարձավճարի փոխհատուցում, սակայն ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նշեցինք, ամսական 110 հազար դրամ է ստացել՝ որպես վարձավճարի փոխհատուցում՝ լինելով երեւանաբնակ: «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ԱԺ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն՝ պարզելու, թե վերջին 2 տարիներին ովքեր են դիմել պատգամավորներից վարձավճարի փոխհատուցման համար: Լրատվական ծառայությունը, արհեստական խոչընդոտներ ստեղծելով, հրաժարվեց տալ այդ տեղեկությունը: Նախկինում՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը, երբեք որեւէ գումարման խորհրդարան այս տեղեկությունը գաղտնի չի պահել: Թափանցիկության մասին ճամարտակող հեղափոխական իշխանիկները նաեւ այս պարզ տեղեկությունն են թաքցնում հանրությունից: Մենք, սակայն, ունենք փաստեր, որ Արթուր Հովհաննիսյանը, որը գրանցված է իր ընդդիմադիր քեռու՝ Ռուբեն Հովհաննիսյանի բնակարանի հասցեով, պետական բյուջեից ստացել է վարձավճարի փոխհատուցում, եւ նա ամբիոնից խոսում է կոռուպցիայի անթույլատրելիության մասին. ի՞նչ է այս դեպքը, եթե ոչ կոռուպցիա, պաշտոնեական դիրքի չարաշահում: Բա հո կոռուպցիան պոզուպոչով մեծ կենդանի չէ՞։

 

 

 

Սույն թվականի մայիսի 12-ին, գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով, դատախազի խորհրդական է նշանակվել Եվա Սաղոյանը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Եվա Սաղոյանը պատահական մարդ չէ. նա 2021թ. հուլիսի 14-ին Սնանկության դատարանի դատավոր նշանակված Լիլիթ Սաղոյանի քույրն է։ Եւ այս իրավիճակում հետաքրքիր է, թե երկու քույրերը ինչպես են հակակշռելու դատախազություն-դատարան մոզաիկան՝ բնակվելով նույն հարկի տակ՝ Շենգավիթ վարչական շրջանում։

 

 

 

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կադրային խնդիրներ կան։ Նախարար Վահան Քերոբյանի աշխատակազմը շատ այլ նախարարությունների պես ամբողջական չէ, ընդ որում՝ երկար ժամանակ է, ինչ այս վիճակում է: «Ժողովուրդ»  օրաթերթն ուսումնասիրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքը։ Ըստ կայքում առկա տվյալների՝ նախարար Վահան Քերոբյանը չունի մամուլի քարտուղար։  Վարչություններում եւս կան թափուր հաստիքներ, օրինակ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չունի Գիտելիքահեն տնտեսության վարչության պետ, Թեթեւ արդյունաբերության վարչության պետ, ինչպես նաեւ Անասնաբուծության վարչության, Սննդամթերքի անվտանգության վարչության պետեր։ Եթե խոսենք բաժիններից, ապա թափուր են առաջին բաժնի պետի, ինչպես նաեւ ստորաբաժանումների պետերի պաշտոնները։ Ղեկավար չունի Առեւտրային ներկայացուցիչների եւ ներդրողների աջակցության գրասենյակը, Մարքեթինգի եւ խթանման վարչությունը։ Այս ամենը վկայում է այն մասին, որ նախարարությունում աշխատել չեն ցանկանում, եւ անձամբ նախարար Քերոբյանի գործոնը եւս կարեւոր է։ Հենց նրա օրոք են նախարարությունում այնպիսի փոփոխություններ եղել, որոնցից հետո վարչություններ, բաժիններ են միավորվել։ Նրա տեղակալները եւս հաճախ են փոխվում։

 




Լրահոս