ՄԻՇԵԼԸ ԹՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրյուսելում չորս ժամ տեւած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո դրանք հյուրընկալող Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը։ Ընդ որում՝ այս անգամ Շառլ Միշելը ընդգծեց երկու երկրների տարածքը՝ Հայաստանի 29 հազար 800 եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը։ Այս 86 հազար 600 քառակուսի կմ-ի մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։

 

-Պարո՛ն Ասլանյան, ի՞նչ կասեք Միշելի հայտարարության մասին, կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանը պատրաստվում է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում:

-Սա նշանակում է, որ բանակցություններում մենք մեկ քայլ առաջ ենք արդեն գնացել: Բոլոր այն մարդիկ, որոնք  մտածում են,  որ պետք է միջազգային հանրությունից էլ պահանջել՝ ճանաչի Արցախի  սուվերենությունը, սխալվում են: Հարցը դրված է այսպես՝ միջազգային հանրությունը  եւ միջազգային  իրավունքը պահանջում է, որ 2 պետությունները  նախեւառաջ ճանաչեն  միմյանց տարածքային ամբողջականությունը: Իսկ հիմա երբ մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,  դա դեռ չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք  Արցախի հարցից: Դա նշանակում է հետեւյալը՝ Ադրբեջանը դուրս է գալիս  Հայաստանի այն բոլոր տարածքներից, որտեղ ներխուժել է  եւ դրանով իսկ ապահովում է Հայաստանի  Հանրապետության 29 800ք/կմ-ը, որից հետո,  բնական է,  հարց է առաջանալու՝ Ադրբեջանի կազմում գտնվող  փոքրամասնություն կազմող Արցախի ժողովուրդն  արդեն հելսինկյան սկզբունքով  իրավունք ունի ինքնորոշվելու եւ իր պատմական հողում ապրելու: Միջազգային հանրությանը դու չես կարող ասել՝  սկզբում սա տուր,  նա տուր, հետո նոր  մենք կճանաչենք այլ երկրի տարածքային ամբողջականությունը: 30 տարի  կեղծ խաղեր են տվել, բայց հիմա խաղեր չկա, կա հստակ փաստ.  մենք ճանաչում  ենք երկկողմանի  տարածքային ամբողջականությունը  եւ երբեք օրակարգից չենք հանում,  որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի,  իր պատմական հողում ինքնորոշվելուց բացի, նաեւ  ստեղծի իր կյանքը  եւ գոյությունը  ապահովող պայմաններ: Այստեղ արդեն միջազգային հանրությունն է դառնում  այդ հարցի լուծողը:

-Պարո՛ն Ասլանյան, ասում եք՝ եթե ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դուրս կգան ՀՀ այն տարածքներից, որտեղ ապօրինի ներխուժել են: Մինչ այս ձեռք բերված որեւէ պայմանավորվածություն Ադրբեջանը չի պահել. ի՞նչ երաշխիք կա, որ եթե ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա իր զորքերը կհանի ՀՀ տարածքից:

-Թող Ադրբեջանը դուրս չգա, չգիտեմ, բայց Ադրբեջանը հիմա  հայտարարում է՝ քանի որ իմ տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում,  ես դուրս չեմ գալիս,  այնպես որ, ճանաչելուց հետո, երբ որ դուրս չի գա, այն ժամանակ արդեն միջազգային հանրությանը թող պատասխան տա, քանի որ դա արդեն միջազգային հանրությունն է պատասխանատու. Միշելը թող պատասխան տա, թե ինչի Ադրբեջանը դուրս չի գալիս ՀՀ տարածքից.  դա իմ կարծիքն է:

-Այսինքն՝ Հայաստանը գնում է հետեւյալ ճանապարհով՝ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ:

-Առաջին՝ նախ՝ համապատասխան ձեւով  ճանաչում է տարածքային ամբողջականությունը,  որից հետո արդեն  գալիս  են հաջորդ հարցերը: Մինչեւ չասենք՝ մեկ,  չենք կարող ասել՝ երկու: Կարծում եմ՝ մենք պետք է գնանք Կոսովոյի նախադեպով. մենք պետք է պայքարենք:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Մայիսի 28-ից հունիսի 3-ը Հայաստան կժամանի Արգենտինյան Հանրապետության Սենատի Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադայո գլխավորած պատվիրակությունը:

 

Հայաստան ժամանող պատվիրակությանը կդիմավորի «Հայաստան» խմբակցության պատգամավոր,  Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի՝ Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» կարգադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

 

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ

«Գելլափ ինթերնեշնլ» կազմակերպությունը ներկայացրել է իր հերթական զեկույցը, որն այս անգամ ունի «Թուքումուր» անվանումը։ Հետազոտությունն արվել է ապրիլի 26-30-ը հեռախոսային հետազոտությունների միջոցով։ Օրինակ՝ հարցերից մեկով քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ինչպես են գնահատում, օրինակ, ՀՀ վարչապետի, կառավարության, Ազգային ժողովի եւ նախագահի գործունեությունը։ Ըստ այդմ՝ հարցվածների 13 տոկոսը կողմ է վարչապետի, 10,8 տոկոսը՝ կառավարության, 5,9 տոկոսը՝ Ազգային ժողովի, եւ 8,5 տոկոսը՝ ՀՀ նախագահի գործունեությանը։

 

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ

Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք կստեղծվի։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ նստավայրը լինելու է Նյու Դելի քաղաքը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ երկու երկրների միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Հնդկական կողմի ռազմաարդյունաբերական համալիրի պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների եւ ընկերությունների կողմից փոխգործակցություն իրականացնելու ուղղությամբ վերջին ժամանակաշրջանում ցուցաբերած մեծ հետաքրքրությունն անհրաժեշտություն է առաջացել Հնդկաստանի Հանրապետությունում ստեղծել Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի հաստիք:

Հնդկաստանում ռազմական կցորդը պետք է իրականացնի ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է երկու երկրների ռազմական գերատեսչությունների հետ պաշտոնական կապերի հաստատում եւ խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում նախարարության եւ զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ:

 

 




Լրահոս