ԿՈՌՆԻՁՈՐՈՒՄ ՀԱՎԱՔ Է ՍՊԱՍՎՈՒՄ 

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս մայիսի 15-ին ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ մայիսի 20-ին Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում հրավիրում են մասնակցելու երթ-հանրահավաքին:

 

ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ժողով է հրավիրել իր մոտ ու հորդորել այնպես կազմակերպել ամեն ինչ, որ այդ հավաքում քիչ թվով մարդիկ լինեն, խժդժություններ չլինեն, ու հանկարծ Սյունիքում կրկին մթնոլորտը չլարվի: Մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզպետի մոտ հավաքին ներկա են գտնվել սյունեցի համայնքապետերը ու ՔՊ-ամերձ անդամները:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն իր հայտարարությունում նշել էր. «Մայիսի 20-ին՝ ժամը 12:00-ին, բոլորս դեպի Կոռնիձոր, դեպի Կոռնիձոր՝ ի ցույց դնելու մեր համախմբումն ու ընդվզումը, դեպի Կոռնիձոր՝ ասելու համար, որ մենք ենք Արցախի տերը, ժողովուրդն է Արցախի տերը, եւ ոչ ոք չի կարող այն զիջել, առեւտրի նյութ դարձնել, վաճառել կամ ուժով տիրանալ։ Կամավորության սկզբունքով բոլորս դեպի Կոռնիձոր»։

ArmLur.am-ը կապ է հաստատել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ պարզելու համար, թե որքանով են իրական այդ տեղեկությունները: Նախ մարզպետը ծիծաղեց, երբ լսեց մեր հարցը, այնուհետեւ հայտարարեց. «Ես ինչո՞ւ պետք է նման ժողով անեմ, այն էլ՝ նման բովանդակությամբ, եթե մարդիկ որոշել են հավաքվել՝ ի պաշտպանություն Արցախի: Ես ինչո՞ւ պետք է ինչ-որ բաներ արգելեմ: Անկեղծ ասած, շատ զարմացա, որովհետեւ բացարձակ այդ տեղեկությունները իրական չեն, ես որեւէ խնդիր չեմ տեսնում. եթե մարդիկ որոշել են համախմբվել՝ հանուն Արցախի, ապա ես միայն ուրախ կլինեմ»:

Ռոբերտ Ղուկասյանը հավելեց, որ ինքն իր աշխատանքն է իրականացնում, ու իր գլխավոր նպատակն այն է, որ Սյունիքում պահպանվի այն խաղաղությունը, որն այս պահին կա: «Հիմա քաղաքական հարցերի ժամանակը չէ: Հավատացե՛ք՝ հիմա պետք է բոլորս միահամուռ պայքարենք մեր խաղաղության ու անվտանգության համար»,- եզրափակեց մարզպետը:

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Երեւանը հաջորդ տարվանից պատրաստվում է անցնել ճանապարհների ընթացիկ սպասարկման:

Այս մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից: Սա ենթադրում է, որ յուրաքանչյուր վարչական շրջան պայմանականորեն 3 կամ 5 տարով ունենալու է ճանապարհները սպասարկող «Ճանշին» ընկերություն:

Երեւանում նախաձեռնվող կարեւոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգումներով, ճանապարհների ճաքալցումներով եւ գծանշումներով, ճանապարհային նշանների եւ անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ:

 

 

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՍՏԱՑԵՑ ԽՈՍՔԵՐԸ

Փաշինյանը կարեւոր քայլ է համարում Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը:

Արձանագրվել է, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29,8 հազ. ք/կմ-ը, Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի 86,6 հազ. ք/կմ-ը։

Սա թույլ կտա կայունություն հաստատել տարածաշրջանում եւ հասնել խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացմանը։ «Հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման հանձնաժողովի ձեւավորման հիմքի բացահայտումը»,- կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետը։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարության մեջ ընդգծվել է Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ երկխոսության կարեւորությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման համար։

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Մայիսի 16-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այցելել է Ոստիկանության զորքեր։ Ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի ուղեկցությամբ նա շրջել է տարածքում, եղել Հավերժության պուրակում, որտեղ սահմանների պաշտպանության եւ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառերն են. հայտնում է ՆԳՆ-ն։ Նույն օրը Ոստիկանության զորքերում տեղի է ունեցել նաեւ աշխատանքային խորհրդակցություն։

Ներքին գործերի նախարարը, ողջունելով ներկաներին, խոսել է ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մասին։ Անդրադառնալով հատկապես Ոստիկանական գվարդիայի կազմավորմանը՝ նա խոսել է ընթացքի, նպատակի եւ կարեւորության մասին։

Վահե Ղազարյանը, ընդգծելով Ոստիկանության զորքերի ծառայողների սոցիալական երաշխիքների բարձրացման հարցը, ներկայացրել է ձեռնարկվող քայլերի մասին։ Այդ ուղղությամբ նա հատկապես շեշտել է ատեստավորման գործընթացի կարեւորությունը, ինչի շնորհիվ էապես կբարձրանան ծառայողների աշխատավարձերը։

Քննարկվել են նաեւ Ոստիկանության զորքերի ծառայողների բարոյահոգեբանական վիճակին, սպառազինությանն ու տեխնիկային վերաբերող հարցեր։ Ավարտին ներքին գործերի նախարարը Ոստիկանության զորքերի հրամանատարությանը տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։

 

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԿՕՏԱՐՎԻ

Պետական սեփականություն հանդիսացող, ՀՀ Շիրակի մարզ, համայնք Գյումրի, Ա. Մյասնիկյան փողոց 43/4 հասցեում գտնվող 493.2 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը, ինչպես նաեւ դրա զբաղեցրած, օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 0.060877 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի դասական աճուրդով: 2023 թվականի մարտի 7-ի դրությամբ գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է 72 մլն 600 հազար ՀՀ դրամ։ Անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված՝ հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը կազմում է 22 մլն 500 հազար ՀՀ դրամ։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 72 մլն ՀՀ դրամ։

 

 

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ ՎԱՐՈՐԴԻՆ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մեկ տոննա կոկաին Հայաստան ներմուծելու գործով ձերբակալվել է թմրամիջոցը Հայաստան ներմուծած վարորդը, ինչպես նաեւ գործով բերման են ենթարկվել այլ անձինք:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հայաստան ներմուծելու գործընթացը հովանավորվել է խոշոր «տանիքների» կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, ուստի կալանավորումների շարք է սպասվում այդ գործի շրջանակներում: Իսկ թե ովքեր են ներգրավված գործում, կներկայացնենք մանրամասներ առաջիկայում։

Հիշեցնենք՝ երեկ ԱԱԾ-ն հայտնեց, որ 2023 թվականի մայիսի 13-ին նախաձեռնված եւ իրականացվող թիվ 58221423 քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողություններով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող եւ մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության եւ Վրաստանի տարածքով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել Կոկաին տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց /շուրջ 250 միլիոն եվրո արժողության/, որը հայտնաբերվել եւ գտնվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում:

Քրեական վարույթով նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն, կատարվել են հարցաքննություններ, տեղեկատվության պահանջ է ուղարկվել իրավասու մարմիններ, հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն: Նախաքննությունը շարունակվում է:

 




Լրահոս