ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻ ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության՝ 158 օր շարունակվող շրջափակման պայմաններում հունվարի 9-ից ի վեր արդեն 129 օր է՝ Ադրբեջանը խափանում է իր վերահսկողության տակ գտնվող տարածքով անցնող միակ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծով Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Այդ միջոցով Ադրբեջանն իրականացնում է էներգետիկ, տնտեսական, հումանիտար եւ բնապահպանական ահաբեկչություն՝ տառապանքներ պատճառելով Արցախի ժողովրդին, ինչպես նաեւ հանգեցնելով տեղի միկրոկլիմայի կտրուկ փոփոխության, ստորերկրյա ջրային պաշարների նվազման, բազմաթիվ բուսատեսակների ու կենդանատեսակների կորստի ռիսկի: Արցախի բնակիչների էներգետիկ նվազագույն կարիքների բավարարման համար նման պայմաններում Արցախի Հանրապետությունը ստիպված է կիրառել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ներքին ենթակառուցվածքը, որի հզորության շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում Սարսանգի ջրամբարի հիդրոէլեկտրակայանին:

 

Այդ պատճառով այսօր լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած Արցախի Հանրապետության միակ խոշոր ջրամբարը՝ իր ու շրջակա միջավայրի կենսաբազմազանությամբ: Մասնավորապես, մեծ չափով կրճատվել են ջրամբարի հայելու մակերեսը եւ դրանից գոլորշացումն ու ինֆիլտրացիան, ինչը տեղի միկրոկլիմայի փոփոխության հիմնական պատճառն է` իր բոլոր բացասական հետեւանքներով շրջակա միջավայրի ու գյուղատնտեսության համար:

Քանի որ ջրամբարի ելքի բաղադրիչներից է նաեւ ստորերկրյա ջրերի սնուցումը եւ դրանց ելքերը բնական աղբյուրների տեսքով, ապա Թարթառ գետի հովտում, ջրամբարի հայելու նիշից ցածր գտնվող բնակավայրերը եւ գյուղատնտեսական նշանակության հողահանդակները արագորեն զրկվում են ջրային պաշարներից: Այդ նիշից ցած գործող բոլոր ջրաղբյուրների ելքերը նվազել են, որոշներն էլ ցամաքել են, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակը` իջել:

Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակի գերնվազեցումը հանգեցրել է նաեւ ջրային ֆաունայի եւ ֆլորայի կորստի առավելագույն ռիսկերի: Վտանգվել են նաեւ ջրամբարի ափերին բնակվող՝ Արցախի Հանրապետության բույսերի եւ կենդանիների Կարմիր գրքի ցանկերում ընդգրկված մի շարք տեսակներ:

Ջրամբարի մակարդակի նման իջեցումը հանգեցրել է ափամերձ տարածքի ուտելի եւ համեմունքային (մոտ 125 տեսակ) դեղաբույսերի (մոտ 35 տեսակ), մեղրատու (մոտ 156 տեսակ) բույսերի կորստի լրջագույն ռիսկերի, իսկ նշված բուսատեսակները այդ տարածքի շրջակա միջավայրի ու բնակչության կենսապահովման անբաժանելի մասն են:

Արցախի ջրերում տարածված 17 տեսակ ձկներից 12-ը կամ 70,8%-ը գտնվում է Սարսանգի ջրամբարում, որից օգտվում են ափամերձ տարածքների բնակիչները: Ջրի ծավալի այդպիսի կրճատումը կտրուկ բարձրացրել է ձկների խտությունը եւ, որպես հետեւանք, ինչպես նվազեցրել կեր հայթայթելու հնարավորությունները, այնպես էլ մեծացրել ինքնաթունավորման ռիսկերը, ինչը կարճ ժամկետում հանգեցնելու է ձկների մեծամասշտաբ անկման:

Այստեղ է գտնվում նաեւ Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցուցակի չափորոշիչներով «Կրիտիկական վիճակում» գտնվող փոքրասիական տրիտոնը, ափամերձ տարածքում բնակվող սիրիական սխտորագորտը, սողուններից միջերկրածովային կրիան, անդրկովկասյան սահնօձը: Սարսանգի ջրամբարի հիմնական բնակիչներից են ԲՊՄՄ Կարմիր ցուցակներում գրանցված կաթնասուններից ջրասամույրը, իսկ թռչուններից՝ փոքր ձկնկուլը եւ մեծ ձկնկուլը, որոնք ձվադրում են ափամերձ խիտ բուսուտներում, իսկ ջրամբարի չորացումը հանգեցրել է այս տեսակների բնադրագաղութների իսպառ վերացման: Սարսանգի ջրամբարի տարածքը հանդիսանում է մի շարք քոչող ու չվող թռչունների միգրացիայի խաչմերուկ, եւ ջրի ծավալի նման կտրուկ ու աննախադեպ անկումը հանգեցրել է նաեւ այդ թռչնատեսակների որոշակի կորստի եւ միգրացիոն ուղիների փոփոխության:

Ընդհանուր տեղեկություններ

Սարսանգի ջրամբարի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական եւ եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաեւ ջրամբարից բաց թողնվող ջրի ծավալներից։

Բացի հունվարի 9-ից Հայաստան-Արցախ էլեկտրամատակարարման շարունակական խափանումից, ինչպես մինչ այդ, այդպես էլ Արցախի շրջափակման ընթացքում Ադրբեջանը՝ պարբերաբար, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես խափանել է նաեւ Հայաստան-Արցախ միակ խողովակաշարով գազի մատակարարումը: Դա եւս հանգեցրել է հումանիտար եւ տնտեսական լրջագույն խնդիրների, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի ներքին սպառման ու արտադրության անխուսափելի աճի եւ էլեկտրամատակարարման համակարգերի գերծանրաբեռնվածության:

Հանրապետության Էլեկտրաէներգիայի մատակարարման նպատակով վերջին ամիսներին Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն աշխատում է գերծանրաբեռնված գրաֆիկով, որի արդյունքում վերջին մի քանի ամսվա ընթացքում, ի համեմատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, ջրամբարից բաց է թողնվել գրեթե երեք անգամ ավելի շատ ջուր, իսկ ջրի մուտքը եղել է շուրջ երկու անգամ ավելի քիչ՝ պայմանավորված ընթացիկ տարվա կլիմայի չորությամբ, ինչի պատճառով մակարդակն իջել է շուրջ 33 մետրով: Մայիսի սկզբի դրությամբ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 միլիոն մ3 (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 միլիոն մ3: Թեեւ վերջին օրերին արձանագրված մեծածավալ տեղումների արդյունքում մի քանի միլիոն մ3-ով վերականգնվել են ջրամբարի պաշարները, սակայն դա խիստ ժամանակավոր բնույթ է կրում, եւ սեղմ ժամկետում, տեղումների նվազմամբ պայմանավորված, ջրի մակարդակը սկսելու է կրկին իջնել:

Եթե կարճ ժամկետում չվերականգնվի Հայաստան-Արցախ միակ բարձրավոլտ էլեկտրագծով էլեկտրամատակարարումը, Սարսանգի ջրամբարի ջրային պաշարներն արագորեն սպառվելու են՝ հանգեցնելով վերոնշյալ ու այլ հիմնախնդիրների սրման եւ ամբողջական հումանիտար ու բնապահպանական աղետի:

Ջրամբարի ընթացիկ վիճակի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար կարելի է դիտել Արցախի հանրային հեռուստատեսության վերջին ռեպորտաժը: Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն իրականացնում է Սարսանգի ջրամբարի բնապահպանական իրավիճակի մշտադիտարկում, որի շնորհիվ հնարավոր կլինի ավելի համակողմանիորեն գնահատել շարունակվող բնապահպանական աղետի հետեւանքները:

 

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

 

Հազար խորանարդ մետր բնական գազի բորսայական արժեքը նվազել է 350 դոլարի նշագծից։

 

2021 թվականի հունիսի 7-ից աճուրդում նման ցածր արժեքներ չեն գրանցվել. վկայում են լոնդոնյան բորսայի տվյալները։ Նիդեռլանդական TTF հանգույցում հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչեւ հազար խորանարդ մետրի դիմաց 348,3 դոլար կամ ՄՎտժ-ի դիմաց 31,1 եվրո:

Նման դինամիկայի հիմնական պատճառներից են դարձել եվրոպական ստորգետնյա գազի պահեստարանների համեմատաբար բարձր լցվածությունը, բարենպաստ եղանակային պայմանները եւ հեղուկացված բնական գազի մեծ ներմուծումը տարածաշրջանի երկրներ: Վերոնշյալ գործոնների արդյունքում եվրոպական պետություններին հաջողվել է լրացնել տեղական ստորգետնյա գազի պահեստարանների իրենց ընդհանուր տարողությունից 64 տոկոսով։

 

 

ԹԱՔՑՐԵԼ Է ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում տեխնիկական որոշ փոփոխությունների հետեւանքով անհետացել է Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանի կենսագրությունը։ Նախկինում մարզպետարանի կայքում հրապարակված Հայկ Ղալումյանի կենսագրականում տվյալներ կային, որոնք կարող էին հարցեր առաջացնել։ Օրինակ՝ այդ կենսագրության մեջ նշված չէր, որ Հայկ Ղալումյանը « Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։  Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե նա ՔՊ-ի  Տավուշի մարզային, թե Իջեւանի տարածքային կազմակերպության ղեկավարն է։ Մարզպետարանից պատասխանել են, որ մարզպետ Հայկ Ղալումյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահն է։

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է

2021թ. օգոստոսի սկզբից Տավուշի մարզի սահմանագոտում տեղակայվել են ռուսական զինուժի ստորաբաժանումներ: Հայաստանի անկախանալուց հետո Տավուշի մարզի տարածքում՝ մարզի սահմանագոտում, Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ երբեք չեն տեղակայվել, հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանությունն իրականացրել են ՀՀ պաշտպանության նախարարության զորմասերի զինծառայողները։ Ռուսական զինուժի համար զորանոցներ կառուցվեցին Նոյեմբերյան խոշոր համայնքի Ոսկեպար գյուղում եւ Բերդ խոշոր համայնքի Այգեպար գյուղում՝ Այգեպարի փոքր, վաղուց չգործող փոքր օդանավակայանի տարածքում։ Ոսկեպարում ռուսական զինուժի համար զորանոց կառուցելու համար Նոյեմբերյան համայնքի ավագանին, ընդառաջելով կառավարության առաջարկին, վարձակալությամբ 2 հեկտար հող հատկացրեց։ Նախատեսվում էր Տավուշի մարզի տարածքում ռուսական զինուժի համար 3-րդ զորանոցը կառուցել Իջեւան խոշոր համայնքի սահմանամերձ Աչաջուր գյուղի տարածքում, սակայն այդ գյուղի մուտքի մոտ զորանոցի կառուցման աշխատանքները հետո դադարեցվեցին։ Ոսկեպարում եւ Այգեպարում զորանոցները կառուցվեցին կոմպակտ, հավաքովի կոնստրուկցիաներով։ Ոսկեպարում սարքված զորանոցի առջեւ՝ Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, հառնում է տուֆից կերտված հայ-ռուսական խաչերով խաչքարը։ Տավուշի մարզի բնակիչները չգիտեն, թե ինչ նպատակով են կառուցվել ադ զորանոցները, այդտեղ տեղակայված ռուսական զինուժն ինչ գործառույթներ է իրականացնելու։ Ենթադրվում է, որ դրանցում  տեղակայված զինուժն իրականացնելու է Տավուշի սահմանագոտում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծումն ու սահմանազատումը։ Այդ զորանոցներում  տեղակայված զինուժի գործառույթների մասին տեղեկատավական հարցում եմ ուղարկել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «ՌԴ զորանոցների վերաբերյալ Ձեր հարցը ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի գործառնույթներից դուրս է, առաջարկում ենք այն ուղղել համապատասխան գերատեսչությանը»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս