Որքան գումար է ծախսել Ոստիկանությունը 2022 թվականին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ մայիսի 29-ի համատեղ նիստում քննարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության՝ Ոստիկանությանը 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական հատկացումների եւ բյուջետային ծրագրերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ կառույցի 2022 թվականի թվային արտահայտությամբ բյուջետային եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը նշել է, որ հաշվետու տարում ոստիկանության ճշտված ծրագրային ցուցանիշը կազմել է 80.9 մլրդ դրամ՝ 2021 թվականի 67.3 մլրդ դրամի փոխարեն: Ընդհանուր հատկացումներում ընթացիկ ծախսերը կազմել են 69.4 մլրդ դրամ՝ 2021 թվականի 64.4 մլրդ դրամի նկատմամբ 5 մլրդ դրամով կամ 7.8 տոկոսով ավելի: Կապիտալ ծախսերը եղել են 11.5 մլրդ դրամ՝ 2021 թվականի 2.9 մլրդ դրամից 8.6 մլրդ դրամով կամ շուրջ 4 անգամ ավելի:

Ըստ Արա Ֆիդանյանի՝ կապիտալ ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է եղել նոր պարեկային ծառայության եւ օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման համար շենք-շինությունների կապիտալ վերանորոգման, կառուցման շարունակական ծախսերի, գույքի, ավտոտրանսպորտային միջոցների, սպառազինության նախատեսման հանգամանքով:

Նշվել է, որ հաշվետու տարում ծախսվել է 80 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 98.9 տոկոս: Իրականացվել է 2 ծրագիր, 12 միջոցառում:

Անդրադառնալով կանանց ներգրավվածությանը համակարգում՝ Արա Ֆիդանյանը նշել է, որ ներկա դրությամբ պարեկային ծառայություն աշխատանքի անցնելու համար հերթագրվել է 532 կին: Ըստ նրա՝ 2024 թվականի ավարտին նախատեսվում է կանանց ներգրավվածության ցուցանիշը ոստիկանությունում հասցնել 30 տոկոսի:

Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաեւ հանցավորության դեմ պայքարին, թրաֆիքինգի դեպքերին, շեշտադրել հետախուզման աշխատանքների կարեւորությունը, ինչի ուղղությամբ լայնածավալ աշխատանքներ են կազմակերպվում:

Զեկուցողը կարեւորել է 2021 թվականին մայրաքաղաքում ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում:

Ըստ նրա՝ հանրապետության ամբողջ տարածքում պարեկային ծառայությունը լիովին կներդրվի 2024 թվականի ավարտին:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողի նախագահ Գեւորգ Պապոյանի հարցին՝ ո՞րն է ոստիկանության կրթահամալիրում սովորողների թվի նվազման պատճառն այն դեպքում, երբ պլանավորված 212-ի փոխարեն փաստացի սովորում է 133-ը, իսկ մագիստրատուրայում պլանավորված 22-ի փոխարեն սովորում է 3-ը, ի պատասխան՝ Արա Ֆիդանյանը նշել է, որ կրթահամալիրում սովորողների խնդիր, որպես այդպիսին, չեն տեսնում, քանի որ միայն պարեկային ծառայությունում հերթագրվածների թիվը 700 է: Ըստ նրա՝ պարեկային ծառայությունը փոխարինման է գալիս ոստիկանությունում մի քանի այլ ծառայությունների: Պարեկային ծառայության ներդրումից հետո ոչ մի ոստիկան չի ազատվել աշխատանքից, անցել է մեկ այլ ծառայությունում աշխատանքի:

Վերոնշյալ հարցի առնչությամբ ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանի հավաստմամբ տարիների փորձը ցույց է տալիս, որ կրթահամալիրում բարձրագույն կրթություն ստանալով եւ մի քանի տարի ոստիկանությունում աշխատելուց հետո այդ աշխատակիցները հեռանում են եւ աշխատանքի անցնում այլ կառույցներում՝ դատախազություն եւ այլն, ինչի հետեւանքով ծագում են կադրային խնդիրներ:

Ըստ ՆԳ նախարարի՝ ոստիկանության բարեփոխումների շրջանակում որոշվել է զինծառայություն անցած քաղաքացիներին իննամսյա վերապատրաստությունից հետո ընդգրկել ոստիկանության շարքերը:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը փաստել է, որ Ոստիկանության ակադեմիան մշտապես տվել է լիարժեք իրավաբանական կրթություն, այն իրավաբանական կրթության դարբնոց է եղել: Ըստ նրա՝ ակադեմիայի սաներից շատերն այսօր ոստիկանության ղեկավար կազմում են աշխատում: Նշվել է, որ ակադեմիան որակական առումով ունեցել է բարձր ցուցանիշ:

Անդրանիկ Քոչարյանն առաջարկել է միասնական ձեւաչափ գտնել՝ խնդիրը լուծելու համար:

ՀՀ ՆԳ նախարարն առաջարկել է համատեղ քննարկել այդ հարցը:

Գեւորգ Պապոյանի հաջորդ հարցն առնչվել է որոշ հանցագործությունների եւ ՃՏՊ-ների թվի ավելացմանը: Արա Ֆիդանյանը փաստել է, որ ընդհանուր իրավախախտումները 2021 թվականին կազմել են մեկ միլիոն 881 հազար 468, իսկ 2022 թվականին արձանագրվել է մեկ միլիոն 655 հազար 183 հանցագործություն: ՃՏՊ-ների հետ կապված 2021 թվականին ամբողջ հանրապետությունում արձանագրվել է 4604, իսկ 2022 թվականին` 4309 պատահար: Ըստ ՆԳՆ գլխավոր քարտուղարի՝ իրենց կողմից կանխատեսված թվերից է ավելի, ոչ թե փաստացի արձանագրվածից: Ծանր հանցագործությունների եւ զոհերի թիվը նույնպես նվազել է:

Արա Ֆիդանյանը պատասխանել է հանձնաժողովականների՝ ոլորտին վերաբերող այլ հարցերի:

 




Լրահոս