«Քուրդերը անկախ Հայաստանի Հանրապետությանը մեղադրում են եզդիներին քրդերից հեռացնելու և նրանց, այսպես ասած, եզիդիացնելու մեղքի մեջ», – armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ համակիր, ֆրանսիահայ Սարգիս Հացպանյանը: Վերջինիս խոսքերով Հայաստանին այսպիսի մեղքով մեղադրող քուրդերը թե´ Թուրքիայի, թե´ Իրաքի տարածքում ապրող եզդիներից բռնագրավում են նրանց ողջ ունեցվածքը, հողատարածքները, իրենց արյունով ու քրտինքով ձեռք բերված համամարդկային արժեքները են: «Եթե իրենք գտնում են, որ եզդիները քուրդ են, ապա էս մարդկանց ինչու են ճնշում», ավելացրեց Սարգիս Հացպանյանը:
Համաձայն Սարգիս Հացպանյանի պնդումների` դեռևս 1990թ-ին Քրդական բանվորական կուսակցության կողմից Հայաստան ուղարկվեցին մի շարք քուրդ ներկայացուցիչներ, ովքեր Հայաստան էին եկել այդ կուսակցության բազան ստեղծելու: «Այս թվականից մինչև հիմա քրդական այդ կազմակերպության կողմից շատ մեծ փողեր են թափել, տասնյակ միլիոների հասնող դոլարներ են ծախսվել Հայաստանում գործունեություն ծավալելու, սակայն այն արդյունավետ չէ», – մանրամասնեց Հացպանյանը` ավելացնելով, որ քրդերը համառորեն ձգտում են այստեղ ապրող եզդիների քրդացնել ու քրդական ազգային ազատագրական պայքարին նեցուկ ինչ-որ ուժ դարձնել:
Խնդրի մասին armlur.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ նաև Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովից, ով մասնավորապես նշեց, – «Դա Հացպանյանի ցնդաբանություններն են, Քրդական բանվորական կուսակցությունը ինչ կապ ունի կամ Հայաստանում ընդհանրապես գոյություն չունի: Էդ ինչ հարցեր են: Մեկը լինի էդ կուսակցությանը ֆինանսավորի, որ կռվում են թուրքերի դեմ»` ավելացնելով, որ Հայաստանում եզդի-քրդական հարաբերություններում ոչ մի խնդիր գոյություն չունի:
Սակայն «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցացիա» հ/կ-ի նախագահ Սաիդ Ավդալյանը armlur.am-ին հայտնեց, որ ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտերկրում ապրող եզդիներին են նպատակամղված քրդացնում` ավելացնելով, որ քրդերը, օգտվելով թվաքանակով մեծ լինելու հանգամանքից, ինչպես նաև վայելելով Արևմուտքի աջակցությունը ու վերջինիս տրամադրած ֆինանսական միջոցները, ակտիվորեն քարոզում են եզդիների ու քրդերի` նույն ազգ լինելու գաղափարը, ինչը իրականությանը չի համապատասխանում: «Քրդերն ու եզդիները նույն ազգը չեն ու չեն էլ կարող լինել, քանի որ առաջին հերթին տարբերվում են կրոնով. քրդերը մուսուլման են, իսկ եզդիները` արևապաշտ», – պարզաբանեց Սաիդ Ավդալյանը: