Մեր օրակարգն արդեն վաղուց Հայաստանի իշխանությունների օրակարգին հակառակ է. Մետաքսե Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով արցախահայությանը, հայտարարել էր, թե՝ «Ձեր գիրքը փակված է, «Միացում» գիրքը փակված է, եկել է անջատողականության վերջը: Անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը: Իսկ կարգավիճակը մենք դեռ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ուղարկեցինք ուր պետք է: Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղ նետել կեղծ պետական ատրիբուտները, լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին»:

ArmLur.am-ը վերոհիշյալ հայտարարության մասին զրուցել է Արցախի խոհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

-Տիկի՛ն Հակոբյան, Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղի հայերին մնում է մեկ ճանապարհ՝ աղբարկղ նետել կեղծ պետական ատրիբուտները, լուծարել խորհրդարանը և ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, ինչպե՞ս կմեկնաբանեք նրա հայտարարությունը:

-Ամեն ինչ պայմանավորված է Հայաստանի իշխանությունների գործողություններով, և վարած քաղաքականությամբ: Բնականաբար Ադրբեջանի բռնապետի ձեռքերը ավելի ազատ են, և եթե մենք համեմատենք մինչև 2018 թվականը, ապա բոլորս փայլուն հիշում ենք, որ այդ նույն անձը մինչ 2018-ը ասում էր, որ իրեն փակ սենյակներում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այսինքն, մենք ունենք երկու իրավիճակ՝ երբ այդ նույն ներկայումս հոխորտացողն այս կերպ հայտարարություններ էր անում, և Մադրիդյան սկզբունքների շուրջ բանակցային սեղանին, ասում, որ ինքը ևս չի դիտարկում Արցախը Ադրբեջանի կազմում: Ամեն ինչ կտրուկ փոխվեց 2018-ից հետո, նաև պայմանավորված պատերազմում իրենց հաղթանակով, Արցախի և Հայստանի դեմ ճնշումը ավելացավ, իսկ շրջափակման օրերից այդ ճնշումն ավելի մեծացավ: Ավելին, Հայաստանի իշխանությունները չխորշեցին և հայտարարեցին, որ իրենք ևս ճանաչում են Արցախը Ադրբեջանի կազմում, նաև պատրաստ են զիջումների գնալ Հայաստանի սուվերեն տարածքներից: Սա այն ամենամեծ երազանքն էր, որը նույնիսկ պատկերացնել չէին կարող թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան, որ կարող էր երբևէ իրականություն դառնալ, բայց այն Հայաստանի իշխանություների աջակցությամբ այն դառնում է իրականություն:

Մյուս հարվածը Արցախի պետության գլխատումն է, փորձելով վերացնել պետական ինստիտուտները:
Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք ընտրում են պայքարի ճանապարհը, այլևս որևէ զիջում չի լինելու և մեր որոշման մեջ որևէ բան չի փոխվել: Այնպես որ, մեր օրակարգը արդեն վաղուց Հայաստանի իշխանությունների օրակարգին հակառակ է:

– Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ադրբեջանի այսպիսի հայտարարությունների ֆոնին, Արցախի իշխանությունները ինչ են պատրաստվում անել:

– Արդեն երեք ամիս, անկախ այն հանգամանքից, թե ինչ է կատարվում, և ինչ քայլերի են գնում Հայաստանը և Ադրբեջանը, մենք սկսեցինք բավականին մեծ խմբով աշխատել և այլընտրանքային նախագծերի, ծրագրերի վրա: Պետք է հասկանալ, որ մենք իրականում կորցնում ենք Արցախը, և դրանով վտանգում և թուլացնում ենք նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս հարթակում մենք ստեղծեցինք, տարբեր ծրագրեր՝ տարբեր սցենարներով մշակված, որտեղ կան և՛ ներկայիս իշխանությունների հետ կապված, և՛ առանց իշխանությունների: Այս ամենն արդեն մշակված, ձևավորված է ճակատը, որտեղ մեծ համախմբում կա, և դրանք այն իրատեսական ծրագրերն են, որով Արցախը պայքարելու է: Ծրագիրը շուտով հրապարակվելու է, բավականին մեծ ծրագիր է, որը բոլորի համար հասանելի կլինի:

Մաշա Մելքոնյան




Լրահոս