ԿՈՄԻՏԱՍԸ ՄՈՒՂԱՄ ՉԻ ՄԱՔՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբեւէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը. այս մասին հայտարարություն է տարածել Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

 

«Սիրելի՛ բարեկամներ,

Հաշվի առնելով վերջին օրերին Կոմիտաս Վարդապետի գործունեության ու ժառանգության վերաբերյալ հնչեցված ոչ մասնագիտական եւ իրականության հետ աղերս չունեցող մտքերի հանրային լայն արձագանքը՝ Կոմիտասի թանգարան – ինստիտուտը վերստին ցանկանում է անդրադառնալ Վարդապետի գործունեությանն ու ժառանգությանն առնչվող` վերջին շրջանում անհարկի քննարկման առարկա դարձած որոշակի դրվագներին։

Կոմիտասը հայ ժողովրդի ինքնութենական համակարգի ամենաառանցքային կերպարներից մեկն է։

Նա նաեւ արեւելյան երաժշտության գիտակ էր, սակայն մուղամի հետ առնչություններ չի ունեցել, «չի մաքրել», «չի ջնջել»։ Կոմիտասը եվրոպական լսարանին հարմարվելու նպատակ երբեւէ չի ունեցել, այլ եվրոպական լսարաններին անմնացորդ սիրել է տվել բուն հայկական երաժշտությունը։ Ավելին՝ քառորդ նոտաները եվրոպացիներին անհասանելի չեն եղել, որպեսզի այդ ճանապարհով նրանց որեւէ տեսակի երաժշտություն հրամցվեր։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այս առիթով նախաձեռնում է հայ երաժշտությանն ու Կոմիտասին նվիրված դասախոսությունների, հանրամատչելի զրույցների, կլոր սեղան քննարկումների շարք։ Այդ շարքի առաջին հանդիպումը կկայանա մայիսի 20-ին՝ Թանգարանային գիշերը՝ ժ. 16:00-ին: Հյուրընկալելու ենք արվեստագիտության թեկնածու, երաժշտագետ Մարիաննա Տիգրանյանին, որը կզրուցի հայ ծիսական երաժշտության, երաժշտաբանաստեղծական արվեստի մասին»։

 

 

 

 

 

ՎՐԴՈՎՄՈՒՆՔԻ ԱԼԻՔԸ ՉԻ ՄԱՐՈՒՄ

Երեւանում արդեն մի քանի օր է՝ չի մարում վրդովմունքի ալիքը, որը բարձրացել էր ռեփեր Սուպեր Սաքոյի այն հայտարարության պատճառով, թե «մուղամ» երաժշտական ժանրը հայկական է եւ ոչ մի կապ չունի մեր հարեւան պետությունների մշակույթի հետ:  «Մուղամը մերն է եղել: Կոմիտասը եկել եւ մաքրել է դա, քանի որ, երբ մատուցել է այդ երաժշտությունը Եվրոպային, նրանք չեն հասկացել այդ նոտաները, իսկ ինքը հայ երգը տարածելու համար եկել ու ջնջել է այդ նոտաները: Ես գիտեմ այդ պատմությունը, եւ պարզապես տարածելու համար նա ջնջել է նման նոտաները, բայց ռաբիսը միշտ մերն է եղել»,- ասել է նա:

 

ArmLur.am-ը վերհիշել է, որ տարիներ առաջ՝ 2011 թվականին, երգահան Վահրամ Պետրոսյանը նույնպես նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով՝ իրեն հոգեհարազատ է ադրբեջանական երաժշտությունը, եւ արժանացել հանրության սուր քննադատությանը: Նկատենք, որ հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները հաճախ են բախվում այս խնդրին, քանի որ դաշտում ունենք ոչ քիչ երգիչ-երգչուհիներ, որոնք իրենց երգերում օգտագործում են մուղամային էլեմենտներ՝ այդպիսով ստվեր գցելով հայկական մաքրամաքուր երաժշտության վրա:

 

 

 

 

 

ՖԻՖԱ-Ի 2026Թ. ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության տարբերանշանը:

Մունդիալ-2026 թվականի տարբերանշանն իր մեջ ներառում է աշխարհի առաջնության գավաթը եւ տարեթիվը` 2026, որը շրջապատված է տարբեր գույներով: Առաջիկայում հանրությանը կներկայացվեն նաեւ աշխարհի առաջնությունը հյուրընկալել պատրաստվող 16 քաղաքների տարբերանշանները:

2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում: Այս առաջնությանը կմասնակցեն 48 երկիր:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գործող չեմպիոնն Արգենտինան է:

 

 

 

 

 

ՎԱՃԱՌՎԵԼ Է ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

Ավելի քան 1000 տարվա վաղեմություն ունեցող Աստվածաշունչը Նյու Յորքում 38,1 մլն դոլարով վաճառվել է Sotheby’s աճուրդում: Հրատարակությունը դարձել է աճուրդում երբեւէ վաճառված ամենաթանկ ձեռագիրը։

«Այսօր պատմական առանձին աճուրդում վաճառվել է ամենահին եւ ամբողջական եբրայերեն Աստվածաշունչը 38,1 միլիոն դոլարով»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, գիրքը մոտ 1100 տարեկան է։

Աստվածաշունչը գնել է ամերիկացի նախկին դիվանագետ Ալֆրեդ Մոզեսը ամերիկյան ոչ առեւտրային կազմակերպության անունից, որն այն կփոխանցի Թել Ավիվում տեղակայված ANU թանգարանին. նշում է Sotheby’s-ը։




Լրահոս