Մահացել է լրագրող Գայանե Թերզյանը. ՀԺՄ-ի հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի մայիսի 29-ին, երկարատև հիվանդությունից հետո կյանքից անժամանակ հեռացել է լրագրող, Հայաստանի Ժուռնալիստների միության, Երևանի մամուլի ակումբի, Լրագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Գայանե Թերզյանը։

Գայանե Թերզյանը հայկական մամուլի ամենալուսավոր ու նվիրյալ ներկայացուցիչներից էր, ով անուրանալի ավանդ է ունեցել լրագրողների մի քանի սերունդների կրթության ու պատրաստման գործում։ Շուրջ երկու տասնամյակ Գայանե Թերզյանը ղեկավարել է երիտասարդական «Պիոներ Կանչ», «Կանչ» թերթերի տարբեր բաժիններ, եղել է «…21…» ուսանողական թերթի գլխավոր խմբագիրը։ Հայկական մամուլի այսօրվա շատ ներկայացուցիչներ, անվանի լրագրողներ ու խմբագիրներ, որպես լրագրող՝ իրենց առաջին քայլերը կատարել են Գայանե Թերզյանի աջակցությամբ ու ղեկավարությամբ և նրան հիշում են բացառիկ երախտիքով։

Գայանե Թերզյանը մշտապես առանձնացել է ոչ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, լրագրողական ու մանկավարժական էթիկային անվերապահ հավատարմությամբ, այլ նաև իր բացառիկ մարդկային որակներով, ընկերասիրությամբ ու հայրենասիրությամբ։

Գայանե Թերզյանի մահը մեծ կորուստ է հայկական մամուլի, լրագրողական հանրության համար։ Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողության մեջ, որին մեր տուրքը լավագույնս կարող ենք մատուցել Գայանե Թերզյանի թողած մասնագիտական ավանդույթները շարունակելով։

Հայաստանի Ժուռնալիստների միությունը սգում է Գայանե Թերզյանի մահը, ցավակցում է նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Հայաստանի Ժուռնալիստների միություն




Լրահոս