Գառնու հեթանոսական տաճարի տարածքում սրճարան կառուցելու` նախարարության կողմից հավանության արժանացած փաստը հասարակության լայն շրջանների, անգամ Գառնու գյուղապետի դժգոհությունն է առաջացրել: Վերջինս դեռ նախորդ տարի թե´ գրավոր, թե´ բանավոր կերպով մերժել է սրճարանի կառուցման նախագիծը:
Թե որքանով է մասնագիտական առումով ընդունելի հատուկ պահպանվող տարածքում սրճարան կառուցել, պարզեց armlur.am-ի թղթակիցը հուշարձանագետ Սամվել Կարապետյանից:
Վերջինս ասաց, որ անձամբ այդ տարածքում չի եղել և չի կարող հստակ տեղեկատվություն տրամադրել, բայց հույս ունի, որ սրճարանը կկառուցվի մինչ պարիսպ հասնելը: «Որպես քաղաքացի`այն կարծիքին եմ, որ հուշարձանի տարածքում ցանկալի է չկառուցվի որևէ շինություն, թեկուզ եթե դա նախատեսված է զբոսաշրջիկներ համար: Հուշարձանի նկատմամբ հարգանքը պետք է դրդի մեզ հուշարձանի բուն տարածքում որևէ շինություն չկառուցել»,- ասաց պրն Կարապետյանը` հիշեցնելով միջազգային փորձը.եվրոպական մի շարք քաղաքներում, որտեղ ինքը եղել է, նման կառույցներ կառուցվում են քաղաքի մուտքի մոտ և ոչ երբեք հուշարձանի տարածքում:
Հնագետ Աշոտ Փիլիպոսյանն էլ մեր թղթակցի հետ զրույցում անդրադառնալով սրճարանի տարածքը հնագիտորեն չուսումնասիրված լինելու խոսակցություններին, հերքեց դրանք` ասելով, որ եթե դա այդպես լիներ, ապա ժամանակին այդ նույն տեղում չէր ստեղծվի հնագիտական նախկին բազան, որը գտնվում է Գառնու տաճարի բաղնիքից 50-100 մետր հեռավորության վրա: «Այդ տարածքում հուշարձան չկա, ավելին, եթե տարածքը հնագիտական առումով ուսումնասիրված չլիներ, ինչպե՞ս կարող էր նախկինում լինել Գառնու արշավախմբի հնագիտական բազան` շենք, որտեղ ապրել են հնագետները և պեղել Գառնին»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Գառնու գյուղապետի` սրճարանի կառուցմանը դեմ լինելուն, պրն Փիլիպոսյանի խոսքով`մինչ Գառնու հատուկ պահպանվող օբյեկտ լինելը, գյուղապետ Աշոտ Վարդանյանը սեփականաշնորհել է մի քանի հողատարածքներ, ավելին` հնագետը ենթադրում է, որ սննդի այն կետերը, որոնք գործում են տաճարի մոտակայքում, ամենայն հավանականությամբ, պատկանում են գյուղապետին, պարզապես նա այդ օբյեկտները միգուցե գրանցել է ոչ իր անունով: «Տաճարի հարակից տարածքում կառուցված սննդի օբյեկտների տերերը մտավախություն ունեն, որ կառուցվող սրճարանը հարվածելու է իրենց բիզնեսին, այդ պատճառով էլ բարձրացնում են այս աղմուկը»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:
Պրն Փիլիպոսյանը տեղեկացրեց, որ կառուցվող սրճարանը գետնին ամրացվող շինություն չէ.վաճառվելու է միայն խմորեղեն և ջուր: Հնագետը, սակայն, 100 տոկոսով չի երաշխավորում, որ կառուցվող սրճարանը հետագայում քյաբաբանոցի չի վերածվի:
Հնագետի խոսքով`Իտալիայի հնադարյան քաղաքներից մեկում`Պոմպեյի ներսում, կա սրճարան, բայց խոստովանում է, եթե ինքը լիներ, սրճարան չէր կառուցի: Իսկ եթե Հասմիկ Պողոսյանի փոխարեն լիներ, թույլ կտար սրճարանի կառուցում, հնագետը խուսափեց հստակ պատասխանել.«Ես նախարարի տեղը չեմ կարող ասել»:
Գրող, հրապարակախոս, Վահե Անթանեսյանն էլ հակադիր տեսակետ հայտնեց`ասելով, որ մշակույթի նախարարության վարած քաղաքականությունը մեր պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ուղղակի բարբարոսություն է: Սրճարան- քյաբաբանոցի կառուցումը հրապարակախոսը համարում է Գառնու տաճարի պղծում: «Իրենք, երևի, ունեն ստամոքսային մտածողություն, որով էլ առաջնորդվում են: Զանգահարեք ցանկացած զբոսաշրջային ընկերություն և ձեզ կասեն, որ Հայաստան եկող զբոսաշրջիկները ազատ ժամանակ չունեն`սրճարանում ժամանակ անցկացնելու համար: Այդ սրճարանը կծառայի իրանցի մի քանի զբոսաշրջիկների համար, որի հետևանքով կաղտոտվի ողջ տարածքն ու կհնչի ռաբիս երաժշտություն»,- ասաց գրողը` հավելելով, որ սրճարանի կառուցմանը դեմ եղող մտահոգ քաղաքացիներն իր հետ անելու են ամեն ինչ` թույլ չտալու սրճարանի կառուցումը:
Սոնա Դավթյան