ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի կնոջ Սոնա Մնացականյանի գործով:
Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով իրավապահների տեսադաշտում է Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի տեղակալ Գրիգոր Առաքելյանը, ինչից հետո իրավապահ համակարգը նոր քրեական գործ հարուցեց:
Ինչպես հայտնի է 2023 թվականի մարտի 3-ին փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնել էր, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ ՀՀ լավագույն դատավորներից՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ներկայացված հատուկ վերանայման բողոքը և արձանագրել է, որ ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները և իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար և պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։ Բազմիցս նշել եմ, որ այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։ Նաև չեմ բացառում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը և ի վերջո փակել իր համար խոցելի թեման»:
Ու մինչ իրավապահներն այս ողբերգական դեպքով խառնվել են իրար ու նոր քրեական գործ են հարուցել, մայիսի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին, որ իր որդու առեւանգման գործով զոհ չկա, սակայն մարդ են կալանավորում, մինչդեռ իր ավտոշարասյան վրաերթի հետևանքով զոհ կա ու որեւէ մեկը կալանավորված չէ, ինչին ի պատասխան Փաշինյանը վստահեցնում է , որ թե տեղյակ չէ գործի ընթացքից, բայց որևէ պատճառ չի տեսնում, որ այդ գործի ընթացքն օբյեկտիվորեն տեղի չունենա։
Քնար Մանուկյան