2 տարի առաջ հենց այս օրը՝ մայիսի 31-ին, «Զվարթնոց»ի կամուրջի տակ կյանքից զրկեցին Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եղբորը. պատվիրատուն ու կատարողները չկան:
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ 2021 թվականի մայիսի 31-ին Էջմիածին քաղաքի Զվարթնոցի կամուրջի տակ հայտնաբերվել էր Արթուր Ասատրյանի՝ հայտնի Դոն Պիպոյի եղբոր՝ բոլորին հայտնի Արմեն Ասատրյանի՝ Լալայի դին:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հրշեջ ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտերում «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենա է այրվում, որի մեջ հայտնաբերվել է 13 հատ 5,45 տրամաչափի կրակված պարկուճ, մեկ հատ կրակված գնդակ եւ «ԱԿՍՈՒ» մոդելի ինքնաձիգ՝ դատարկ պահեստատուփով:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Արմավիրի մարզի Մարգարա-Զվարթնոց ավտոճանապարհին՝ Երեւան-Էջմիածին կամրջից 400 մետր հեռավորությամբ, դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով, «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենայի սրահից իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից անկանոն կրակոցներ է արձակել «Լեքսուս 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որից հետո «Միտսուբիշի Պաջեռո ԻՈ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխելով Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի հարակից դաշտեր՝ այրել է այն եւ դիմել փախուստի: Կրակոցների հետեւանքով մահացել էր «Լեքսուս 570 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Արմեն Ասատրյանը:
Ասել է, թե սպանություն կատարողը մաքրել էր հետքերը: Մինչ օրս հայտնաբերված չէ ո՛չ կատարողը, ո՛չ պատվիրատուն։
Քնար Մանուկյան