Որքան աշխատավարձ կստանան պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատակիցները. նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկը Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին հարցն է: Ընդ որում, ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս նախագիծը ընդգրկված է չզեկուցվողների թվում:

Բանն այն է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՕ-1-Ն օրենքում  2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, և լրացվել է  «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը: Համաձայն կատարված փոփոխության  պաշտոնաթող վարչապետի գրասենյակի (այսուհետ` Գրասենյակ) գործունեության ֆինանսավորումն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից սահմանած կարգով: Միևնույն ժամանակ, նույն օրենքի անցումային դրույթներով սահմանվել է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետ` օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար: Ուստի, նշված հոդվածով ամրագրված նորմերի կատարումն ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Այսպիսով, նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի`

  • նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն  և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում ,
  • սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի,
  • սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույն չափը (2 մլն դրամ)

Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պետական բյուջեի ծախսերի ավելացումը տարեկան կտրվածքով կազմում է`

  • աշխատավարձի մոտավոր հաշվարկը`14,8 մլն դրամ.

83.200 (Բազային աշխատավարձ) 6.1 (գործակից) 12 (ամիս)  =6.090.240

83.200  (Բազային աշխատավարձ)   * 4.9 (գործակից)  *12  (ամիս)  = 4.892.160

83.200 (Բազային աշխատավարձ)  * 3.3 (գործակից)  *12  (ամիս) = 3.294.720

  • Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարի փոխհատուցման առավելագույնը չափը՝  2 մլն դրամ.

Ընդամենը՝ 13,8 մլն + 2 մլն = 15,8մլն դրամ:

Հավելենք, որ «Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

Ն.Հ.

 




Լրահոս