«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պարզվում է՝ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի տեղակալ Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա Ռոման Համբարձումյանի տեղակալն է եւ քաղաքացիների հետ հարաբերվել է փողոցային կանոններով:
Հիշեցնենք, որ, համաձայն պաշտոնական՝ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության, դեպքին
մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։
Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի տեղակալ Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոմանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն:
Փոխանակ օրենքը կիրառի, վարչարարությամբ արգելի ապօրինությունը, թաղապետի տեղակալը խոսակցությունը տեղափոխել է փողոցային դաշտ, այդ բառապաշարով կամ, ինչպես ասում են, «գողական բարքերով» փորձել է հարցին լուծում տալ, թե, իբր, կատարվող շինարարությունը ապօրինի է, ու մինչեւ թույլ չտա փոխթաղապետը, քաղաքացին չի կարող շարժվել սեփական հողի վրա: Եւ, ահա, այս պատմությանը հաջորդել են կրակոցները:
Պաշտոնապես հայտնի դարձավ, որ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց եւ Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու եւ մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի տեղակալ Կորյուն Մխիթարյանը, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի տեղակալի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:
Այսինքն՝ թաղապետի տեղակալը այնպիսի վիճակի է հասցրել քաղաքացուն, որ սեփական ձեռքերով են փորձել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի այս պատմությանը՝ վեր հանելու, թե թաղապետ Ռոման Համբարձումյանն ինչ առնչություն ունի օրենքից դուրս գործող իր տեղակալի կրիմինալ պատմության հետ:
Ամբողջությամբ հոդվածը ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում