Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի գործով միջնորդությամբ ներկայացվել էր խափանման միջոցի երեք հիմնավորում, որոնցից մեկից դատախազն ու քննիչները հրաժարվել են։ Այս մասին մայիսի 19-ին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գայանե Մարտիրոսյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Խափանման միջոցի միջնորդությամբ ներկայացվել էր երեք հիմնավորում՝ փախուստը, նոր հանցանքի կատարումը եւ դատավարությամբ իր վրա դրված պարտավորությունների չկատարելը, որը կարող էր դրսեւորվել վկաների վրա անօրինական ազդեցությամբ: Միջնորդության քննության ընթացքում փախուստի հիմքից հրաժարվեցին դատախազն ու քննիչները: Ինչպես հասկացանք, կա՛մ տեխնիկական վրիպակ էր, կա՛մ միջնորդության քննության ժամանակ հանգեցին հետեւության, որ պետք է հրաժարվեն: Իմ պրակտիկայում աննախադեպ երեւույթ էր, երբ միջնորդություն ներկայացնող անձը քննության ընթացքում հիմքերից մեկից հրաժարվում է: Ամեն դեպքում, դա ողջունելի երեւույթ է: Մնաց երկու հիմք՝ նոր հանցանքի կատարումը եւ ազդեցությունը»,- ասաց նա:
Հարցին, թե ինչ պատասխանատվություն է սպառնում ցուցմունքի բավարարման դեպքում, փաստաբանը նշեց, որ 191-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետով սահմանվում է 4-8 տարվա ազատազրկում, քանի որ համարվում է ծանր հանցագործություն։
Նա անդրադարձավ նաեւ դատավորին՝ նշելով, որ ինքնաբացարկի միջնորդության համար որեւէ հիմք չկա. «Յուրաքանչյուր դատավոր անաչառ, անկողմնակալ արբիտր է, բայց շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ դատավորներն անմասն են մնում միջնորդության քննարկման ժամանակ: Կողմերը ներկայացնում են իրենց փաստարկները, հակափաստարկները, դատավորը ընդամենը լսում է: Այս դեպքում նախագահող դատավորը մանրամասն եւ խորությամբ հարցեր տվեց թե՛ պաշտպանական կողմին, թե՛ դատախազին, վարույթն իրականացնող մարմնին: Մեզ մոտ այն տպավորությունը ստեղծվեց, որ իրականում մանրամասն ծանոթացել է ե՛ւ միջնորդությանը, ե՛ւ հիմնավորումներին: Կարող եմ ասել, որ միջնորդության օբյեկտիվ քննություն է ընթանում: Դատավորի անաչառության հետ կապված որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ այդպիսիք չկան»:
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մայիսի 19-ին քննում էր 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով. ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։
ԹՈՒՆԱՎՈՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մայիսի 18-ին թունավորված վիճակում Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզի մի քանի սան տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Նույն օրը՝ երեկոյան, նաեւ Արտաշատի Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ սննդային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել թվով 14 երեխաներ:
Պարզվել է, որ երեխաները բուժհաստատություն հիմնականում սկսել են տեղափոխվել նույն օրը՝ ժամը 15:30-ից սկսած՝ մանկապարտեզից տուն վերադառնալուց հետո։
Դեպքի առթիվ մայիսի 19-ին ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները, երեխաների թունավորման պատճառները, բնույթը, եղանակը պարզելու ուղղությամբ։
Արտաշատ քաղաքի թիվ 4-րդ մանկապարտեզից վերցվել են սննդի եւ ջրի նմուշներ, սննդի առաքման փաստաթղթերը եւ պահպանման մատյանները:
Նշանակվել է դատասննդային, դատանյութագիտական եւ դատաբժշկական համալիր փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Հինադանոց տեղափոխված երեխաների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է, նրանցից մի քանիսն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմից էլ հայտնում են. «Երեկ՝ 18.05.2023թ.՝ ժամը 22:30-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնը բանավոր ահազանգ է ստացել Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից այն մասին, որ սննդային թունավորման նշաններով «Արտաշատի բժշկական կենտրոն» ԲԲԸ են տեղափոխվել «Արտաշատ քաղաքի թիվ 4 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ հաճախող 3-4 տարեկան 6 երեխա: Մեկ երեխա տեղափոխվել է Երեւանի «Մուրացան» հիվանդանոցային համալիր: 19.05.2023թ. առավոտյան ժամը 10:30-ի դրությամբ հիվանդանոց տեղափոխված երեխաների թիվը հասել է 16-ի, որոնցից 2-ը գտնվում են ինֆեկցիոն բաժանմունքում: Երեխաների վիճակը գնահատվել է բավարար: Նախնական ախտորոշվել է սննդային թունավորում (չճշտված) եւ փսխումային համախտանիշ:
Արագ արձագանքելով ստացված տեղեկատվությանը՝ Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ձեռնարկել են վերահսկողական միջոցառումներ, մասնավորապես՝ կատարվել է նմուշառում մանկապարտեզի 18.05.2023թ. ճաշացանկում ներառված սննդամթերքից (խաշած ձու, թանապուր, ոլոռով սուպ, մակարոնով փլավ): Նմուշները ներկայացվել են լաբորատոր փորձաքննության, արդյունքները կհրապարակվեն:
ՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ՉԵՆ
Տավուշի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերը, ըստ հողային հաշվեկշռի, կազմում են 110 665,6 հեկտար, մարզում ոռոգելի հողատարածքները կազմում են 6779,9 հեկտար, որից տնամերձեր՝ 1215,8 հեկտար: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ հարցնելով, թե 2023 թվականին որքան են ավելանալու Տավուշի մարզի ոռոգելի հողատարածքները, որ ծրագրերով, ում ֆինանսավորմամբ են իրականացվելու այդ ծրագրերը։ Մարզպետարանից ստացված գրավոր պատասխանում նշված է, որ 2023 թվականին մարզի ոռոգելի հողատարածքները, ըստ նախնական հայտի, կավելանան 130 հա-ով։ Կիսատ-պռատ պատասխան է. չի նշված, թե այդ 130 հեկտարը ինչ ծրագրերով, ում ֆինանսավորմամբ է ոռոգելի դառնալու:
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՄԵԿՆԵԼՈՒՑ
Գրիգորի Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ 2021 թվականի մարտի 1-ը հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի երկրորդ հրաձգային գումարտակի հրամանատար, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության ժամանակ հրաժարվել է զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, այն է՝ ՀՀ ՊՆ թիվ Ն զորամասի հրամանատարի՝ 2020 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 066 մարտական կարգադրությամբ Արցախի Հանրապետություն մեկնելուց եւ ՀՁԽ հրամանատարի անմիջական ենթակայության տակ անցնելուց, որը զուգորդվել է փաստացի չկատարմամբ. 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Վայոց ձորի Գետափ գյուղի հարակից տարածքից վերադարձել է զորամասի տեղակայման վայր։ Նույն մեղադրանքն առաջադրվել է նաեւ նույն՝ երկրորդ գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ Կարեն Ավագյանին, երկրորդ գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ Սուրեն Բրուդյանին, երկրորդ գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Ռոման Դավթյանին, երկրորդ գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի հրամանատար Սուրեն Բաղդյանին, երկրորդ գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի հրամանատար Համլետ Իսպիրյանին, երկրորդ հրաձգային գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի 1-ին դասակի հրամանատար Աղասի Սարգսյանին, երկրորդ հրաձգային գումարտակի 5-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար Սասուն Ամիրզյանին, երկրորդ հրաձգային գումարտակի 6-րդ հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար Կարեն Ստեփանյանին, երկրորդ գումարտակի հակատանկային դասակի հրամանատար Գեւորգ Տիտանյանին։ Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի 3-րդ մասով, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այդ քրեական գործով դատավարություն է ընթանում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ