ԿԳՄՍՆ ԿՆՔԵԼ Է ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Սեղանի ֆուտբոլի Հայաստանի եւ միջազգային ֆեդերացիաների միջեւ կնքվել է եռակողմ հուշագիր՝ ի նպաստ Հայաստանում մարզաձեւի զարգացմանը ու մասսայականացմանը: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը եւ Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանը: Այն էլեկտրոնային եղանակով կստորագրի նաեւ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆարիդ Լունիսը:

 

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հույս է հայտնել, որ հուշագրի կնքումը կնպաստի մարզաձեւի զարգացմանն ու նոր նախագծեր իրականացնելու ավելի լայն հնարավորություններ կընձեռի: «Սեղանի ֆուտբոլը զարգացող մարզաձեւ է, իսկ դա նշանակում է՝ պետք է այն պահենք ուշադրության կենտրոնում: Ճիշտ է՝ այն օլիմպիական մարզաձեւ չէ, բայց հատկապես դպրոցահասակ երեխաների համար ֆիզիկական ակտիվության ապահովման լավ այլընտրանք է»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ փաստելով, որ պետությունն աջակցում է մարզաձեւի՝ դպրոցահասակ երեխաների շրջանում մասսայականացման գաղափարին:

Կողմերը տեսակապով զրուցել են նաեւ Սեղանի ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆարիդ Լունիսի հետ: Վերջինս փաստել է՝ Հայաստանում մարզաձեւի զարգացման լուրջ հեռանկարներ կան: Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով՝ պետության աջակցությունը զգալը շատ կարեւոր է մարզաձեւի հետագա զարգացման ճանապարհին: Հայաստանի սեղանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գոռ Ավետիսյանի խոսքով՝ ամենակարեւոր նախագծերից մեկը «100 ֆուտբոլի սեղան՝ դպրոցներին» ծրագիրն է, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար մարզաձեւով զբաղվելու հնարավորությունների ապահովումը հատուկ սեղանների միջոցով: «100 ֆուտբոլի սեղան՝ դպրոցներին» նախագիծը պիլոտային ծրագիր է, որը միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ իրականացվելու է 10 երկրում, այդ թվում՝ Հայաստանում: «Նպատակն այն է, որ երեխաներն ավելի քիչ զբաղվեն հեռախոսներով եւ ֆիզիկապես ակտիվ լինեն: Ծրագրի շրջանակում Երեւանի եւ մարզերի դպրոցներում անվճար հիմունքներով կտեղադրվեն ֆուտբոլի 100 սեղաններ, որոնցով երեխաները կխաղան դասամիջոցներին կամ դասերից հետո: Հաջորդ քայլն այդ դպրոցներում խմբակների հիմնումն է, իսկ ֆեդերացիան տրամադրելու է լավագույն մարզիկներին ու մարզիչներին երեխաների հետ աշխատելու նպատակով»,- ասում է Գոռ Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ մարզաձեւը Հայաստանում բավականին լայն տարածում ունի. կազմակերպվում են նաեւ ներքին առաջնություններ, միջազգային մրցաշարեր: Ապագայի հետ կապված ծրագրերն էլ շատ հավակնոտ են: «Մեզ մի քանի քայլ է բաժանում սեղանի ֆուտբոլի աշխարհի խաղերը Հայաստանում ընդունելուց: Արդեն իսկ միջազգային մրցաշար ենք կազմակերպել ու ամեն տարի նախատեսում ենք 6-7 մեծ մրցաշար անցկացնել մեր երկրում: Նախորդ երկու տարիներին մեր հավաքականները մասնակցել են Եվրոպայի ու աշխարհի խաղերին: Վստահ եմ՝ համատեղ ուժերով կկարողանանք հասնել մեր առջեւ դրված նպատակներին»,- նշում է Գոռ Ավետիսյանը:

Ֆեդերացիայի ներկայացուցիչների խոսքով՝ սեղանի ֆուտբոլով կարող են զբաղվել բոլորը՝ առանց տարիքային, սեռային եւ ֆիզիկական կարողությունների սահմանափակման: «Սա այն սպորտն է, որը նաեւ ժամանցային բաղադրիչ է պարունակում եւ մարդկային ջերմ ու ընկերական հարաբերություն է ձեւավորում նաեւ միջազգային հարթակներում»,- եզրափակում է ֆեդերացիայի նախագահը:

Սեղանի ֆուտբոլը Հայաստանում տարածվել է 2014 թվականից. անցկացվել են մրցաշարեր, եւ ավելի շատ մարդիկ են սկսել զբաղվել այդ մարզաձեւով՝ հող նախապատրաստելով ֆեդերացիայի հիմնադրման համար, որը տեղի է ունեցել 2019 թվականին:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐԸ՝ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ մայիսի 20-ին՝ ժամը 18։00-ին, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում տեղի կունենա մշտական ցուցադրության սրահների վերաբացում։

 

Վերաբացվելու են «Բրոնզի դար. իրականության եւ առասպելների միջով», «Երկաթի դար», «Աստվածների թագավորությունը. Ուրարտու/Բիայնիլի», «Ուժ եւ գեղեցկություն. Անտիկ Հայաստան» խորագիրը կրող ցուցասրահները: Բացմանը կհաջորդի համերգային ծրագիր։

Ցուցադրության շրջանակում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հնագիտական հավաքածուից եզակի եւ բարձրարժեք նմուշներ, այդ թվում՝ հայ հնագիտության ամենանշանակալի գտածոներից՝ Ք.ա. 22-21-րդ դդ. Քարաշամբի ցեղապետի դամբարանից գտնված արծաթե դրվագազարդ գավաթը, Ք.ա. 15-14-րդ դդ. թվագրվող Լճաշենի պեղումներից գտնված քառանիվ սայլը, որը ծառայել է որպես դիակառք, Արգիշտի I արքայի սաղավարտը, Էրեբունի (Երեւան) քաղաքի հիմնադրման մասին Արգիշտի I արքայի արձանագրությունը, ռիտոններ, որոնք ծառայում էին պաշտամունքային բնույթի արարողությունների ժամանակ սրբազան հեղումներ կատարելիս, ինչպես նաեւ արձանիկներ, զենքեր, զարդեր, ծիսական անոթներ, կնիքներ, դրամներ՝ գտնված Էրեբունուց, Լճաշենից, Արթիկից, Լոռի Բերդից, Քարաշամբից եւ Հայաստանի այլ հուշարձաններից։

Ցուցադրության բացումից հետո՝ ժամը 20։30-ին, տեղի կունենա «Մենք ենք, մեր բարբառները» խորագիրը կրող համերգային ծրագիր՝ «Ծովակ» ավանդական երգի-պարի խմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար` Գագիկ Գինոսյան)։ Ծրագրի ընթացքում խումբը հանդես կգա Հայաստանի տարբեր տարածաշրջաններին հատուկ երգ ու պարով:

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑԸ

Safe YOU-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Մարիամ Թորոսյանը Եվրոպայի լավագույն երեք ձեռնարկատերերից մեկն է, ով արժանացել է Cartier Women’s Initiative մրցանակին: Մրցանակը շնորհվում եւ ֆինանսավորվում է տաղանդավոր, ազդեցիկ ձեռներեցների կողմից։

Մարիամ Թորոսյանն ընտրվել է գենդերային բռնության դեմ պայքարելու իր հանձնառության համար՝ կանխարգելման նպատակով արհեստական ??ինտելեկտի տեխնոլոգիաների կիրառմամբ նորարարության միջոցի, ինչպես նաեւ դատական հետապնդման եւ համակարգային փոփոխություններ ստեղծելու համար լրացուցիչ գործիքներ տրամադրելու համար:

Cartier Women’s Initiative-ն իր 16-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ որպես ֆինալիստ Հայաստանից կին ձեռներեց է ընտրել: Սա կարեւոր իրադարձություն է Safe YOU-ի համար, որը հիմնադրվել է Մարիամ Թորոսյանի կողմից 2020 թվականին գենդերային բռնության դեմ պայքարելու եւ գենդերային հավասարությունը խթանելու համար։ Նախաձեռնությունը նպատակ ունի հզորացնել կանանց՝ նրանց տրամադրելով անվճար անվտանգության սարքավորումներ եւ ռեսուրսներ վտանգավոր իրավիճակներում օգնություն փնտրելու համար, ինչպես նաեւ հեռահար իրավական եւ հոգեբանական աջակցություն: Ծրագիրը նաեւ աշխատում է ընտանեկան բռնության մասին իրազեկվածության բարձրացման եւ Հայաստանում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ:

Cartier Women’s Initiativer-ը ուղղված է բիզնեսում ներգրավված կանանց աջակցելուն, որոնց գործունեությունը դրական ազդեցություն ունի հասարակության եւ շրջակա միջավայրի վրա: Դրա հիմնական նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր կին ձեռներեց կարողանա օգտագործել իր ողջ ներուժը: Ծրագիրը ուղղված է տարբեր ոլորտների բիզնեսներին՝ ներառյալ առողջապահությունը, կրթությունը, շրջակա միջավայրը, տեխնոլոգիաները եւ սոցիալական ձեռներեցությունը: Տարիների ընթացքում ծրագիրն աջակցել է ամբողջ աշխարհից բիզնեսի լայն շրջանակներին:

«Ինձ համար պատիվ է այս տարի ընտրվել որպես CWI-ի 33 նոր անդամներից մեկը եւ միանալ մոտ 300 ազդեցիկ ձեռնարկատերերի համաշխարհային համայնքին, որոնք ամեն օր ազդում եւ փոխում են աշխարհը,-ասել է Մարիամ Թորոսյանը:- Լավագույն եռյակում լինելը մեր Safe YOU թիմի քրտնաջան աշխատանքի եւ նվիրվածության ճանաչման մասին է խոսում, ինչպես նաեւ այն ազդեցության, որ մեր նախաձեռնությունն ունի կանանց կյանքի վրա թե՛ Հայաստանում, թե՛ դրա սահմաններից դուրս»:




Լրահոս