ՖՈՏՈ. Գիրք, երաժշտություն, ինտելեկտուալ զրույց տաքսիում․ վարորդ Արշակը նվերներ է տալիս նաև մանկահասակ ուղևորներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Երևանում օգտվում եք տաքսիներից, չի բացառվում, որ մի օր վարորդ Արշակ Արզիկյանը ձեզ էլ գիրք նվիրի։
63-ամյա Արշակը 35 տարվա վարորդ է։ Մասնագիտությամբ տնտեսագետ-կազմակերպիչ է․ գյուղինստիտուտն է ավարտել, որն այժմ Ագրարային համալսարան է կոչվում։

Մասնագիտական կարիերան Մասիսի պահածոների գործարանից է սկսել։ Հետո սկսվել են դժվար տարիները, թողել է աշխատանքն ու սեփական ՍՊԸ-ն բացել։
«Քանի որ ես արմատներով Ջավախքի Ալաստան գյուղից եմ, հենց Ալաստան էլ կոչեցի ընկերությունն ու սկսեցի գրավաճառությամբ զբաղվել։ Կյանքիս մոտ 10 տարիները գրքերին եմ նվիրել՝ կարդացել, վաճառել, նվիրել»,- պատմում է Արզիկյանը։
10 տարին մի ակնթարթի պես է անցել, ու մի օր կտրուկ որոշել է, որ այլևս գրավաճառությամբ չի զբաղվելու։
«Այդ ժամանակ հասկացա, որ ով ուզում է գիրք գնել, գումար չունի, իսկ ով ունի, անտարբեր է գրքի նկատմամբ։ Դրա համար էլ դադար վերցրի, բայց գրքերից ու տպագրական ոլորտից չհեռացա»,-պատմում է Ազրիկյանը։
Իր հիմնական աշխատանքին զուգահեռ արդեն մի քանի տարի տաքսի է վարում․ Yandex.Go-ին է միացել ու սեփական մեքենան վերածել գրադարանի․ նստարանի աջ գրպանիկում ռուսական գրականությունն է, ձախում՝ հայկականը։

«Հենց նկատում եմ, որ ուղևորը հեռախոսով տարված չէ, առաջարկում եմ գիրք կարդալ, վերջում էլ նվեր եմ տալիս։ Վերջերս մի ղազախ ուղևոր էր նստել մեքենաս, ասաց՝ այդքան երկրներում օգտվել եմ տաքսիներից, երբևէ նման ինտելեկտուալ ուղևորություն չեմ ունեցել»,-պատմում է Ազրիկյանը, որի գրապահոցում Վիլյամ Սարոյանի, Պերճ Զեյթունցյանի, Հովհաննես Շիրազի ու Համո Սահյանի մակագրություններով գրքեր կան։
Երբեմն վարորդ-ուղևոր հարաբերություններն Արշակի դեպքում վերածվում են գաղափարակիցների զրույցի։
«Երբ գրքասեր է լինում նաև ուղևորը, զրույցը շարունակվում է ուղևորության ավարտից հետո էլ։ Պատահել է դեպք, որ ուղևորությունն ավարտվել է, բայց այնքան ենք տարված եղել զրույցով, որ ուղևորը դուրս չի եկել մեքենայից»,-պատմում է Արշակը՝ հատուկ շեշտելով, որ իր համար որքան ավագ, այնպես էլ կրտսեր ուղևորներն են կարևոր։

Մանկահասակ ուղևորների համար էլ գիրք ու ամսագիր ունի․ բոլորին պարտադիր «Գարուն» ամսագրի «Պույ-պույ» մանկական հավելվածն է նվիրում, որում նաև հայ մեծանուն գործիչներն են ներկայացված։
Ի դեպ, ուղևորությունները պարտադիր երաժշտությամբ են ուղեկցվում․ ֆրանսիական շանսոններ, Բաբաջանյան ու Մանսուրյան է միացնում։
«Երբ ուղևորը մեքենա է նստում, չգիտես՝ օրն ինչպես է անցել, ինչ տրամադրություն ունի, այդ օրն ինչ լավ կամ վատ բան է պատահել, հետևաբար ես կազմել եմ երգացանկ, որը բոլոր տրամադրությունների համար է»,-ասում է վարորդ Արշակը՝ ավելացնելով, որ գիրքն ու երաժշտությունը մարդուն ավելի բարի են դարձնում, իսկ այսօր աշխարհին ամենաշատը բարությունն է պակասում։

Աղբյուր՝ 1in.am




Լրահոս