Ազգային ժողովը 2022 թվականին 6 մլրդ 218 մլն դրամ է ծախսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է ՀՀ ԱԺ 2022 թվականի բյուջեի կատարողականը, ներկայացվել են ֆինանսական ու արդյունքային ցուցանիշներ:

ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 6 մլրդ 262 մլն դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային եւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով վերաբաշխումներ: Արդյունքում՝ ՀՀ Ազգային ժողովի ճշտված բյուջեն 5 միջոցառումների գծով կազմել է 6 մլրդ 218 մլն դրամ, դրամարկղային ծախսը` 6 մլրդ 029 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 97,0 տոկոսով` հաստատված բյուջեի եւ դրամարկղային ծախսի միջեւ շեղումը կազմել է 232,0 մլն դրամ, որն էլ վերադարձվել է պետական բյուջե. այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:

Հաշվետու տարում «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 5 մլրդ 426 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 5 մլրդ 255 մլն դրամ, բյուջեն կատարվել է 96.9 տոկոսով: Ծախսերի կրճատման եւ արդյունավետ կատարման արդյունքում տնտեսվել է 170.5 մլն դրամ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման բյուջեն կազմել է 1.2 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 270.000 դրամ, վերապատրաստվել է 36 պետական ծառայող, բյուջեն կատարվել է 21.4 տոկոսով: Ծախսերը կատարվել են փաստացի վերապատրաստված պետական ծառայողների թվին համապատասխան, որի արդյունքում տնտեսվել է 990.100 դրամ:

«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 176 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 159.6 մլն դրամ, բյուջեն կատարվել է 90.7 տոկոսով, տնտեսվել է 16.3 մլն դրամ:

«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 510.6 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 510.6 մլն դրամ, բյուջեն կատարվել 100 տոկոսով:

Վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել էր 72.9 մլն դրամ, որն Ազգային ժողովի հատկացումների ներքին հոդվածային վերաբաշխման արդյունքում ավելացել է 31.0 մլն դրամով, եւ ճշտված պլանը կազմել է 103.9 մլն դրամ, իսկ դրամարկղային ծախսը` 103.4 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99.5 տոկոսով:

Ներկայացնելով արդյունքային ցուցանիշներ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ հաշվետու տարում շրջանառության մեջ դրված նախագծերի կամ նախագծերի փաթեթների ու միջազգային պայմանագրերի թիվը եղել է 320, ԱԺ ընդունած օրենքների եւ որոշումների թիվը՝ 965: Օրենքների եւ որոշումների նախագծերի մասնագիտական փորձաքննության անցկացման եւ եզրակացությունների պատրաստման թիվը 2282 է եղել, «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի եւ այլ հաղորդումների արտադրությանը՝ 36: Դավիթ Առաքելյանի խոսքով մեծացել է ԱԺ պաշտոնական կայքէջից օգտվողների թիվը՝ կազմելով 1 մլն 535 հազար 508 դիտորդ: Քաղաքացիներից ստացվել է 1658 նամակ, խորհրդարանում ընդունել են 205 քաղաքացու:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱԺ աշխատակազմը հաջողությամբ համագործակցել է մի շարք առանցքային միջազգային գործընկերների հետ: Բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Կանադական խորհրդարանական կենտրոնի, Գերմանական GIZ եւ Եվրամիության Թվինինգ ծրագրերի շրջանակում:




Լրահոս