Վարչապետի աշխատակազմը 20.8 մլրդ դրամ է ծախսել. ինչ են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022 թվականին Վարչապետի աշխատակազմին 11 ծրագրի իրականացման համար հատկացվել է շուրջ 21,7 մլրդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր, ծախսերը կազմել են շուրջ 20.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 95.7 տոկոսը: Ծրագրված ցուցանիշից շեղումը հիմնականում պայմանավորված է Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման, Պետական հատվածի արդիականացման ու Տեսչական վերահսկողության ծրագրերի կատարողականով: Նախորդ տարվա համեմատ ՀՀ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12.9 տոկոսով կամ 3.1 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակում կատարված ծախսերի նվազմամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին շարունակվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Վլադիմիր Վարդանյանը եւ Գեւորգ Պապոյանը:

2022 թվականին Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագիրը ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրից փոխանցվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների աջակցության միջոցառումը ՀՀ վարչապետի աշխատակազմից փոխանցվել է Ազգային ժողովին, իսկ «Վետերանների միավորում» ՀԿ-ի աջակցության միջոցառումը` ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

2021 թվականի համեմատ վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծախսերի գծով արձանագրվել է 4,4 տոկոս աճ:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատակազմն իր առջեւ նպատակ է դրել շարունակել պետական ապարատի արդյունավետության բարձրացման աշխատանքները: Նրա խոսքով տարեցտարի ավելի արդյունավետ է դառնում Ազգային ժողովի հետ աշխատանքը, համագործակցությունը: Նախագծերի բազմակողմանի քննարկումները թույլ են տալիս ԱԺ լիագումար նիստեր բերել ավելի որակով նախագծեր: Նա նշել է, որ աշխատակազմը շարունակելու է ամենաանմիջական մասնակցությունն ունենալ հանրային կյանքի խոշոր միջոցառումների կազմակերպմանը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատասխանելով պատգամավորների հարցերին, պարզաբանումներ է ներկայացրել Արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագրի պարագայում արձանագրված վատ ցուցանիշի, Կառավարության գործունեության թափանցիկության, Վարչապետի աշխատակազմի տեխնիկական վերազինման վերաբերյալ:

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանի տեղեկացմամբ 2022 թվականին «Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրով տարեկան պլանը հաստատված էր 1 մլրդ 602 մլն 527 հազար դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 328 մլն դրամ, փաստացի ծախսվել է 1 մլրդ 231 մլն դրամ, ինչը կազմել է ճշտված բյուջեի 92,7 տոկոսը:

«Հանրապետության նախագահի գործունեություն եւ ներկայացուցչականության ապահովում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 1 մլրդ 598 մլն 700 հազար դրամ, ճշտված պլանը կազմել է 1 մլրդ 299 մլն 600 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 1 մլրդ 202 մլն 900 հազար դրամ, ինչը կազմում է ճշտված բյուջեի 92,6 տոկոսը: Տնտեսվել է շուրջ 96 մլն դրամ:

«Հանրապետության նախագահի աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման տարեկան պլանը հաստատված է եղել 3 մլն 760 հազար, այնուհետեւ Կառավարության որոշմամբ այն ավելացվել է 20 մլն դրամով: Տարվա ընթացքում փաստացի ծախսվել է 23 մլն 100 հազար դրամ, ինչը ճշտված բյուջեի 97,3 տոկոսն է կազմում:

Խաչատուր Պողոսյանը ներկայացրել է նաեւ մյուս միջոցառումների համար կատարված ծախսերը, անդրադարձել նախագահի՝ արտասահմանյան երկրներ կատարած այցերին եւ դրանց նպատակներին:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է՝ արդյո՞ք նախագահը 2022 թվականին օգտվել է իր լիազորությունից եւ որեւէ օրենքի սահմանադրականության հարցով դիմե՞լ է Սահմանադրական դատարան:

Խաչատուր Պողոսյանը հայտնել է, որ 2022 թվականին նման դեպք չի եղել, սակայն նախագահը նման հարցով Սահմանադրական դատարան դիմել է այս տարի: Մասնավորապես, նախագահը բարձր դատարանին դիմել է Վարչական դատավարության եւ Դատական օրենսգրքերի որոշ մասերի հետ կապված: Նրա խոսքով ՍԴ որոշումներն օրերս կհրապարակվեն:




Լրահոս