ԿԱԼԱՆՔԸ ՊԱՏԻԺ ԵՆ ԴԱՐՁՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը  հրապարակում է արել. «Քիչ առաջ դուրս եկա «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից. գնացել էի տեսակցելու տիկին Գայանեին, ով Աշոտ Փաշինյանին առերեւույթ առեւանգելու գործով մեկամսյա կալանքի է դատապարտվել:

Տիկին Գայանեի տրամադրությունը լավ էր, կամքը՝ ամուր… Խնդրեց փոխանցել իր անունից շնորհակալություններ նախ զոհվածների ծնողներին, ովքեր լուսացնում են Կառավարության շենքի առջեւ, պայքարում են օրուգիշեր, շնորհակալություններ փոխանցեց նաեւ անծանոթ մարդկանց, ովքեր գնացել են Եռաբլուր, իր որդու՝ Ժորա Մարտիրոսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհել: «Ամուր լինենք, պինդ լինենք, հուսով եմ՝ արդարությունը կհաղթի»,- ասաց տիկին Գայանեն:

Անշուշտ, որեւէ մեկի երեխան չպետք է պատասխանատվության ենթարկվի ծնողի արարքների համար, բայց այն խտրականությունը, որ դրսեւորվում է Գայանե Հակոբյանի նկատմամբ, իրապես անընդունելի է:

Ակնհայտ է, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատժամիջոց: Ընտրովի արդարադատությունը ամենազազրելին է, որ գործում է Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք»:

 

«Ժողովուրդ» օրաթերթին նոր տեղեկություններ են հասել այն մասին, թե ինչու նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը նոր պաշտոն ստացավ: Ինչպես հայտնի է, դեռ 2022 թվականի նոյեմբերի 4-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պաշտոնապես հաստատեց, որ վարչության ընտրությունները կեղծվել են. արդյունքում վարչության կազմից դուրս էին մնացել իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ արդեն նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, փոխարենը նոր վարչության կազմում էին պատգամավոր Արսեն Թորոսյանը եւ ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը։ Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ քվեաթերթիկների վերահաշվարկը, երբ արդեն հայտնի էր, որ Համբարձում Մաթեւոսյանը կեղծման գլխավոր դերակատարներից էր, վերջինս ոտքի է կանգնել եւ ասել, թե իր տեղը կզիջի Արսեն Թորոսյանին, միայն թե չարժե աղմկել, որ խայտառակությունը չբացահայտվի: Նիկոլ Փաշինյանը Մաթեւոսյանի այս արարքը բարձր է գնահատել եւ ասել, որ հանուն կուսակցության հեղինակության նման անձնազոհության դրսեւորումը շատ կարեւոր է, ինչը պետք է գնահատել: Կարճ ժամանակ անց, իհարկե, Փաշինյանը գնահատեց Համբարձում Մաթեւոսյանի արարքը եւ նրան նշանակեց իր խորհրդական:

 

 

 

 

 

Մայիսի 21-ին, երբ Շենգավիթի դատարանի բակում բողոքի ակցիա էր ընթանում, ՀՀ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այնտեղ էր: Նա եկել էր՝ փրկե՞ր ոստիկանության համակարգի իր նախկին գործընկերներին, թե՞ չի կարողանում կտրվել ոստիկանության համակարգից եւ զբաղվել փրկարար ծառայության գործերով: Հարցն, իհարկե, պարզել չկարողացանք, բայց այն կա ու մնում է արդիական: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին Շենգավիթի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը որոշեց 1-ամսյա կալանքի տանել Աշոտ Փաշինյանի  միջադեպի գործով անցնող՝ 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, որից հետո դատարանի մոտ կրքերը թեժացան, եւ զոհված զինծառայողների ծնողները փակեցին ճանապարհը: Ողջ ոստիկանական համակարգը լցվել էր դատարանի մոտ` ՀՀ ոստիկանապետի գլխավորությամբ, ու ուշագրավն այն է, որ իջեւանցի Ցուցուլյանը եւս եկել էր հավաքին՝ մոռանալով, որ ՀՀ ոստիկանապետի տեղակալը չէ այլեւս, այլ ՆԳՆ նախարարի տեղակալն է՝ փրկարար ծառայության գծով:

 

 

 

Հաշվեքննիչ պալատը ՀՀ ֆինանսների նախարարությունում ստուգումներ է իրականացրել: Այդ հաշվեքննության արդյունքում 2022 թվականի բյուջեի տարեկան կատարման մասով ուշագրավ փաստեր են հայտնաբերվել: Օրինակ՝ «Պլանավորում, բյուջետավորում, գանձապետական ծառայություններ, պետական պարտքի կառավարում, տնտեսական եւ հարկաբյուջետային քաղաքականության մշակում եւ մոնիտորինգ» ծրագրով առկա է 540 մլն 865 հազար դրամի չափով անհամապատասխանություն: Այստեղ խոսքը վերաբերում է աշխատողների հավելավճարներին եւ պարգեւատրումներին: Առկա է նաեւ խեղաթյուրման ռիսկ՝ «Կառավարության պարտքի սպասարկում» միջոցառման հետ կապված: Այստեղ խեղաթյուրման ռիսկը պայմանավորված է արտարժույթով կատարված վճարներով եւ դրանց տատանումներով: Այս եւ այլ թերացումների մասով Հաշվեքննիչ պալատը նաեւ առաջարկություններ է ներկայացրել Ֆինանսների նախարարություն:

 




Լրահոս