Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն:
Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց և, իբրև չոր խմորիչ, 1715 արկղերի հետ միասին բարձել է ավտոմեքենան ու առաքել Հայաստան՝ այդ կերպ քողարկելով և թաքցնելով թմրամիջոցը:
Ավտոմեքենան 2021 թվականի փետրվարի 11-ին Մեղրիի անցակետով ժամանել է Հայաստան, սակայն առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը Հայաստանից մաքսանենգությամբ Նիդերլանդների Թագավորություն տեղափոխելն ավարտին չի հասցվել, քանի որ թմրամիջոցը հայտնաբերվել է ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ արտահանման նպատակով վրացական ընկերությանը պատկանող ավտոմեքենայում բարձված բեռի զննության արդյունքում:
2022 թվականի հունվարի 8-ին Իրանի քաղաքացի Ա.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմարմիջոցների մաքսանենգության օժանդակություն), 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու իրացնելուն օժանդակելը) և 35-38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների մաքսանենգության նախապատրաստություն):
Ա.Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:
2022 թվականի հունվարի 12-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճռով՝ Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել. նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 9 տարի ժամկետով: