Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյան ԱԺ-ում հազվադեպ է ելույթներ ունենում կամ օրինագծեր հեղինակում, փոխարենը պարբերաբար սկանդալների մեջ է հայտնվում:
Հանրությունը Նարեկ Գրիգորյանին ճանչեց Ազգային ժողովում մի քանի ուշագրավ հայտարարություններից ու ցուցաբերած պահվածքից հետո. մասնավորապես երբ «սեպտեմբերի փոխարեն» ասաց «սեկտեմբեր», կամ երբ հայտարարեց, որ օրենքի նախագիծ է բերելու ԱԺ, որպեսզի կաթը թանկանա։
Վերջինս նաեւ խորհրդարանում պատգամավորների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքների մեծ մասի ակտիվ մասնակիցներից է:
Նրա մասնակցությամբ ամենատպավորիչ սկանդալը թերևս այն է, որ նա 2022թ-ին ԱԺ ամբիոնից գլուխ էր գովել, թե 44-օրյա պատերազմի օրերին եղել է ինչ-որ «Գեղարքունիք» ջոկատի հրամանատար, եւ իբր իր մոտ են բերել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հորը՝ Վաչիկ Սաղաթելյանին, որն էլ իբր խնդրել է Նարեկ Գրիգորյանին, թե հիվանդ է, թողնեն՝ գնա տուն, ինչից հետո ԱԺ-ում ծեծկռտուք էր սկսվել:
Այնինչ ՊՆ-ից հերքել էին պատգամավորի այս հայտարարությունը՝ պարզաբանելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի եղել եւ մարտական որևէ առաջադրանք չի կատարել:
Նկատենք նաև, որ պատգամավորը խորհրդարանում հաճախ աչքի է ընկնում բռնության կադրերում: Նարեկ Գրիգորյանը խորհրդարանի դահլիճում ընդդիմության շատ պատգամավորների ելույթների ժամանակ ռեպլիկներ է բաց թողնում, վեճ հրահրում, իսկ իր թիմակիցներն էլ Գրիգորյանին կա՛մ հանդարտեցնում են, կա՛մ դահլիճից դուրս հանում: Այդ կերպ նա հավանաբար փորձում է արդարացնել իր գոյությունը խորհրդարանում եւ բարձրանալ իշխանության աչքին:
Ուսումնասիրելով Գրիգորյանի կենսագրությունը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա մինչև 2018 թվականը որևէ աչքի ընկնող գործունեություն չի ծավալել՝ այն էլ քաղաքական դաշտում:
Ծնվել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում, ավարտել է Երեւանի Հյուսիսային համալսարանը:
Նա Նորատուսի հայտնի ձկնավաճառներից է եղել, ավելին՝ իր ծննդավայր Գեղարքունիքում հայտնի է որպես «ձկնգող», քանի որ տարիներ շարունակ անգամ արգելված սեզոնին զբաղվել է ձկան որսով՝ ձգնգողությամբ: Նրան այդ մասին ԱԺ ամբիոնից հիշեցրել էր նաեւ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ «ձկնգող» անվանելով:
2016թ-2018թ-ին Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի եւ Էդմոն Մարուքյանի «Ելք» դաշինքի կողմից Նարեկ Գրիգորյանը առաջադրվել եւ ընտրվել է Նորատուս համայնքի ավագանու անդամ: Ապա ավագանու անդամ լինելով 2018թ. –ին Նիկոլ Փաշինյանը նրան միանգամից նշանակել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, մինչև 2020 թվականը: Ուշագրավ է, որ Նարեկ Գրիգորյանը փոխմարզպետ է նշանակվել իր դաշնակցական աներ Արտաշես Նիկոյանի փոխարեն:
Հիշեցնենք, որ 2018թ-ին Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը «Իմ քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու, սակայն չէր ընտրվել և շարունակեց ր գործունեությունը որպես փոխմազրպետ: Իսկ 2020թ. դեկտեմբերի 4-ին արդեն դարձել է ԱԺ պատգամավոր` «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակով:
Ուսումնասիրելով Գիրգորյանի ոչ պաշտոնական լուսանկարները, պարզ է դառնում, որ պատգամավորը բավականին «խեղճ ու կրակ» կյանքից միանգամից փոխել Է ապրելակերպն ու հագուկապը, նաև քաշն է ավելացրել:
Նարեկ Գրիգորյանը նաեւ ՔՊ-ական այն մեծաթիվ պատգամավորների շարքին է դասվում, որոնք տարբեր պատճառաբանություններով չեն ծառայել Հայաստանի զինված ուժերում: Ըստ «Հետք»-ի, ազատման հիմքը եղել է ինքնավնասումը: Ընդ որում՝ ինքնավնասման հետևանքով ունեցած սպիները ակնհայտորեն երևում են նաեւ Գիրգորյանի կողմից հրապարակված անձնական լուսանկարներում:
Այպիսով, ամփոփելով Նարեկ Գրիգորյանի քաղաքական գործունեությունը, կարող ենք արձանագրել, որ նրա բախտը բերել է, որ 2015 թվականին անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և ձկնգողից դարձել ԱԺ պատգամավոր:
Քրիստինա Մուշեղյան, Մաշա Մելքոնյան