440 հազար դոլար` դեսպանությունների շենքերի վերանորոգման համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտաքին գործերի նախարարությունը 2022 թվականին իրականացրել է 4 ծրագիր եւ 15 միջոցառում: Ծրագրերը վերաբերել են միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակմանը եւ իրականացմանը, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը: Այս մասին բարձրաձայնել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով Արտաքին գործերի նախարարության մասով 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:

Նախարարը նշել է, որ տարեկան ճշտված պլանով նախատեսված է եղել 18 մլրդ 468 մլն դրամ, սակայն իրականացվել է 17,7 մլրդ դրամի ծախս, որը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմում է 96,1 տոկոս:

«2021 թվականի համեմատ գերատեսչությունն իր գործունեությունն իրականացնելու համար ծախսել է 652 մլն դրամով ավելի»,- ընդգծել է Վահե Հովհաննիսյանը:

Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը տեղի է ունեցել հունիսի 5-ին: Այն վարել են հանձնաժողովների նախագահներ Սարգիս Խանդանյանը եւ Գեւորգ Պապոյանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արդյունքային ցուցանիշներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախարարի խոսքով հաշվետու տարում շարունակել են առաջնային մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման, հարեւան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման եւ Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային միջավայրի ձեւավորման խնդիրները: Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բոլոր ուղղություններով:

Արարատ Միրզոյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերին ՀՀ նկատմամբ ագրեսիայի, նաեւ Լաչինի միջանցքի ապօրինի փակման կապակցությամբ, այդ թվում` նաեւ ՀՀ ԱԳՆ ջանքերով հնչել են բազմաթիվ հայտարարություններ մի շարք հարթակներում:

Հայաստանը պահպանել եւ շարունակել է ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, նաեւ` երկկողմ ձեւաչափով: Հաշվետու տարվա դեկտեմբերի դրությամբ ՀՀ ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 երկրի հետ, 2022 թվականին Հայաստանում հիմնվել է երկու նոր ներկայացուցչություն` Իսպանիայի Թագավորության եւ Դոմինիկյան Հանրապետության դեսպանությունների գրասենյակները, նաեւ` Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը:

ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում: Իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առումով 2022 թվականին ՀՀ կողմից ստորագրվել է 83 միջազգային պայմանագիր, վավերացվել կամ հաստատվել է 65 պայմանագիր:

Շարունակվել են ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները:

Մեր երկիրն անդամավճար է փոխանցում 106 միջազգային կազմակերպությունների եւ ծրագրերի: 2022 թվականին փաստացի փոխանցում կատարվել է 90 կազմակերպության, մնացած 16-ը հայտեր չեն ներկայացրել:

Իրականացվել են լայնածավալ աշխատանքներ դեսպանությունների ծառայողական շենքների հիմնանորոգման, ավտոմեքենաների ձեռքբերման ուղղությամբ:

Կապիտալ վերանորոգման նպատակով բյուջետային միջոցներից գումարներ են փոխանցվել Մինսկում, Մոսկվայում, Բուենոս Այրեսում, Վիեննայում, Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունների շենքերի վերանորոգման համար` շուրջ 440 հազար ԱՄՆ դոլարի չափով:

Հանրապետության նախագահի 7, վարչապետի 23, արտգործնախարարի 27 աշխատանքային ու պաշտոնական այցեր են կատարվել:

Հայաստան են այցելել օտարերկրյա պետության 7 նախագահ, կառավարության 6, արտաքին գերատեսչության 7 ղեկավարներ: Միջազգային կազմակերպության ղեկավարի 9 աշխատանքային այց է եղել:




Լրահոս