Հունիսի 6-ը համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Այս տարի նշվում է մեծանուն կոմպոզիտորի 114-ամյակը: Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում, ստեղծագործությունները կատարվում են աշխարհի բոլոր անկյուններում:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքում. մեր ժամանակների հանրածանոթ ստեղծագործությունների ցուցակում առաջնային տեղերում են նրա Երկրորդ սիմֆոնիան, Դաշնամուրի կոնցերտը, «Սպարտակ», «Գայանե» բալետները և այլն:
Խաչատրյան-կոմպոզիտորի հանճարն առավել վառ կերպով դրսևորվել է նրա սիմֆոնիկ ստեղծագործություններում: 1942-ին Խաչատրյանն ավարտում է Կ. Դերժավինի լիբրետոյով գրված «Գայանե» բալետը, որտեղ սինթեզում է դասական բալետի, ազգային երաժշտության ու խորեոգրաֆիկ արվեստի ավանդույթները: «Գայանե»-ն այժմ հայրենական և արտասահմանյան թատրոնների երկացանկի անբաժանելի մասն է: Մեծ ճանաչում ստացան նաև բալետի երաժշտությունից կազմված երեք սիմֆոնիկ սյուիտները:
Խաչատրյանի հասուն շրջանի ստեղծագործությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը: Այդ ժանրի լավագույն գործերից են «Վալենսիայի այրին» և «Դիմակահանդեսը»: Այդ ներկայացումների երաժշտության հիման վրա գրված սիմֆոնիկ սյուիտներն ինքնուրույն համերգային կյանք են ստացել և հաճախ են կատարվում մեր օրերում: