Գաղտնիք չէ, որ այժմ Հայաստանում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց զգալի մասը տարբեր պատճառաբանություններով չեն ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և տարբեր առիթներով իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց մեղադրում են զինծառայությունից խուսափելու մեջ՝ կասկածելով միմյանց բանակից ազատման հիմքերի օրինականության մեջ:
Սակայն դեռևս 2018 թվականի հուլիսի 26-ի Կառավարության նիստում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին հանձնարարել էր՝ ստուգել նախկին և ներկա պաշտոնյաների և նրանց որդիների` զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը: Սակայն մինչ օրս, այդպես էլ չգտնվեց գոնե մեկ նախկին կամ ներկա պաշտոնյա, կամ պաշտոնյայի որդի, որը հայտնվեր դատարանի առջև՝ զինծառայությունից ապօրինի ազատվելու մեղադրանքով:
ՔՊ-ականների խոսքով, իրենց խմբակցության անդամների մեծամասնությունը և նրանց որդիները բանակից ազատվել են առողջական խնդիրներ ունենալու հիմքով։ Օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի նախկին քարտուղար, այժմ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ևս ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Նրա ազատման մասին ամիսներ առաջ Աժ-ում հայտարարել էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա նշել էր, որ Վահան Կոստանյանը 2018-ին ասպիրանտուրա ընդունվելու համար երեք տարի ժամկետով տարկետման իրավունք էր ստացել, այդ ընթացքում եղել է խորհրդարանի նախագահի օգնականն ու խորհրդականը, ապա նշեց, որ իրեն ՊՆ-ից տեղեկացրել են, որ նա ազատվել է զինծառայությունից օրենքով սահմանված հիմքով, որին իշխանական պատգամավորներից մեկն արձագանքել էր, որ վերջինս ազատվել է հիվանդության հիմքով:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ևս չի ծառայել զինված ուժերում, իսկ իր չծառայելու պատճառների մասին միայն նշել է, որ զինծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի որդին՝ Արամ Խաչատուրյանը, նույնպես զինծառայությունից ազատված է: Վերջինս էլ, ըստ ներկայացված տվյալների, զինծառայությունից ազատվել է կրթական տարկետման հիմքով:
Պարտադիր զինվորական ծառայություն չի անցել նաև ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Ըստ վերջինիս կենսագրական տվյալների՝ նա պատմական գիտությունների թեկնածու է, և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքը ակադեմիական տարկետումն է: Զինծառայությունից ազատված է նաև ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփը: Վերջինս զինծառայությունից նույնպես ազատվել է առողջական խնդիրների պատճառով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, պատգամավոր Վահագն Հովակիմյանի երկու որդիները՝ Միսակ և Նարեկ Հովակիմյաններն ազատվել են առողջական հիմքով։ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի կրտսեր որդին՝ Գուրգեն Արսենյանը ևս առողջական հիմքով է ազատվել բանակից:
Մանրամասները՝ տեսանյութում:
Մաշա Մելքոնյան