ԵՐԳՉՈՒՀԻՆԵՐԸ ՊԱՐՏԱՃԱՆԱՉ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական շոու բիզնեսում էլ քիչ չեն կանայք, ովքեր ունեն սեփական բիզնես: Նրանցից մեկը Աիդա Սարգսյանն է, ով ունի լողափ` «Աիդա», Սեւանա լճի ափին, մյուսը` Արմինկան, ում անունով` «Արմինկա», վերջերս բացվեց գեղեցկության սրահ: Հետաքրքիր էր պարզել, թե նրանք ինչպե՞ս են կարողանում համատեղել իրենց երգարվեստն ու բիզնեսը ու ինչպիսի՞ հարկատուներ են:ԱԻԴԱ  ՍԱՐԳՍՅԱՆԻ  հետ զրույցում պարզվեց, որ նա այլեւս չի զբաղվում բիզնեսով, բայց դա միայն ժամանակավոր բնույթ է կրում: «Ճիշտն ասած, հիմա ես վաճառքի եմ հանել այդ լողափը, սպասում եմ վաճառվի, որ գումարը ներդնեմ մեկ այլ բիզնեսի մեջ: Ուրիշ ծրագրեր ունեմ, բայց չեմ ցանկանում մանրամասները հայտնել: Իմ գործերի մասին չեմ սիրում նախորոք խոսել: Եթե այս տարի վաճառվեց, այս տարի  կիրագործեմ իմ այդ մտահղացումը», – հայտնեց Աիդան: Իսկ վաճառքի հանելու հիմնական պատճառը երգչուհու զբաղվածությունն է: Եւ քանի որ չի հասցնում, նա ստիպված էր լողափի գործերը վստահել իր հարազատներին` միայն պարբերաբար այցելելով եւ հետեւելով աշխատանքների ընթացքին: Աիդան նաեւ նշեց, որ այն կարճ ժամանակահատվածում, ինչ լողափը գործել է, ինքը պարտաճանաչ կերպով կատարել է բոլոր հարկային վճարումները: «Ուզես, թե չուզես, դրանից չես կարող փախչել, հետո ինքս էլ ինձ թույլ չէի տա: Երկրորդն էլ` ինչ օրենքով է սահմանված, բոլորս հավասար ենք», – ավելացրեց երգչուհին: Եղել են նաեւ դեպքեր, որ Աիդան գնացել է հարկ վճարելու,  մարդիկ ճանաչելով իրեն, ընդառաջել են, ինչից ինքը շատ զգացված է եղել, բայց երբեք չի օգտվել իր կարգավիճակից: Երգչուհի ԱՐՄԻՆԿԱՅԻ անվամբ էլ կա գեղեցկության սրահ, բայց ինչպես ինքը պարզաբանեց. «Դա իմ գեղեցկության սրահը չի, պարզապես այն իմ անունն է կրում: Սրահը պատկանում է քրոջս: Բոլորը գիտեն, որ նա հայտնի ոճաբան-վարսահարդար է: Անվանել սրահն իմ անունով, քրոջս ցանկությունն էր, ես նրան, իհարկե, չէի կարող մերժել»: Այն հարցին, թե ինչո՞ւ հենց գեղեցկության սրահ, Արմինկան պատասխանեց, որ իր քույրը ծանոթ է գեղեցկության բոլոր գաղտնիքներին, այդ իսկ պատճառով էլ որոշեց ունենալ իր սրահը, այլ ոչ ուրիշ բիզնես: Արմինկան խոստովանեց նաեւ, որ ժամանակ չունի զբաղվելու սրահին վերաբերող ինչ-որ հարցերով, բոլոր հարցերով զբաղվում է նրա քույրը: «Մենք այն համարում ենք ընտանեկան բիզնես, քանի որ մեզ մոտ ամեն ինչ ընդհանուր է, անկեղծ ասած, խորհուրդներից բացի, ես ոչ մի մասնակցություն չեմ ունեցել», – նշեց երգչուհին: Հետաքրքիր էր պարզել նաեւ, թե ինչպիսի հարկատու են Նահապետյան քույրերը: Արմինկայի խոսքերով. «Մենք պարտաճանաչ հարկատու ենք: Ինչ վերաբերվում է օրենքին, մենք շատ օրինակելի քաղաքացիներ ենք: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես երբեք իմ անունը հենց էնպես չեմ օգտագործի: Առայժմ առիթ չի եղել, որ ես կատարեմ հարկային վճարները, քույրս այդ հարցերը ինքն է կարգավորում, ես էլ զբաղված եմ իմ գործերով, ընտանիքի մնացյալ հարցերը ես եմ հոգում»: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս