Պարզվում է՝ Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակել են ոչ թե անձնական խնդիրների պատճառով, այլ քանի որ նա թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական է եւ քաղաքացիների հետ ըստ էության հարաբերվել է փողոցային կանոններով:
Նախ ամենասկզբից՝ 2023 թվականի մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Բաշինջաղյան փողոց եւ Բաշինջաղյան փակուղի խաչմերուկում հիշյալ 30-ամյա տղամարդը, 36-ամյա տղամարդու եւ մի խումբ անձանց հետ դարանակալելով «Վոլսկվագեն տուարեգ» մակնիշի ավտոմեքենային, որի ղեկին եղել է թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը, իրենց մոտ գտնվող մահակներով վնասել են հիշյալ ավտոմեքենան, իսկ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող հրազենով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետեւանքով թաղապետի օգնականի թիկունքային հատվածում պատճառվել է մարմնական վնասվածք:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հայտնած տեղեկության, դեպքին մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ 41-ամյա տղամարդու եւ մի 30-ամյա տղամարդու միջեւ սուր վիճաբանություն։
Ըստ ArmLur.am-ին հասած տեղեկությունների՝ քաղաքացին հողակտոր է ունեցել, որի վրա շինարարություն է կատարել, եւ թաղապետ Ռոման Համբարձումյանի օգնական Մխիթարյանը (չի բացառվում՝ հենց Ռոման Համբարձումյանի հանձնարարությամբ) անընդհատ միջամտել է, խոչընդոտել քաղաքացուն:
Դատելով իրավիճակից՝ թաղապետի օգնականն այնպիսի վիճակի է հասցրել քաղաքացուն, որ սեփական ձեռքերով են փորձել հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Փոխանակ օրենքը կիրառի, վարչարարությամբ արգելի ապօրինությունը, թաղապետի օգնականը ըստ էության խոսակցությունը տեղափոխել է փողոցային դաշտ, այդ բառապաշարով կամ ինչպես ասում են «գողական բարքերով» փորձել է հարցին լուծում տալ, թե, իբր, կատարվող շինարարությունն ապօրինի է, ու մինչեւ թույլ չտա փոխթաղապետը, քաղաքացին չի կարող շարժվել հողի վրա: Եւ, ահա, այս պատմությանը հաջորդել են կրակոցները: Սակայն ստացվում է, որ այս կրակոցները առեղծված են մնացել նաեւ Դավիթաշենի թաղապետարանի եւ հատկապես թաղապետ Ռոման Համբարձումյանի համար, քանի որ թաղապետի տեղակալ Հրաչ Հակոբյանը վստահեցնում է, որ թաղապետի օգնական Կորյուն Մխիթարյանը քաղաքացու հողակտոր պատմության հետ որեւէ կապ չի ունեցել, ապա հարց է առաջանում, ինչո՞ւ կրակեցին թաղապետի օգնականի վրա։ Ի վերջո նախաքննական մարմինը պաշտոնապես հայտնել էր, որ դեպքից մոտ 2-3 ամիս առաջ նախորդել է հողակտորի հարցի շուրջ վիճաբանություն ու այս իրավճակում հարց է առաջանում՝ թաղապետարանը կամ թաղապետ Ռուման Համբարձումյան է ինչ –որ բան թաքցնում, թե ՀՀ քննչական կոմիտեն է պաշտոնապես սուտ տեղեկություն տարածում: Թաղապետի տեղակալ Հրաչյա Հակոբյանը ներկայացնում է իրավիճակը։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան