-Տենց երկիր չկա, որ սոցիալական անարդարություն չլինի, բա մեր պայքարն ինչի՞ համար ա, ինչի՞ չեք գնում էդ սոցիալական անարդար մարդուց հարցազրույց վերցնում, չե՞ք կարում, չէ՞:
-Ո՞վ է «սոցիալական անարդար մարդը»:
-Այ, իրան (մատնացույց անելով Գալուստ Սահակյանին), սաղ հարցերը իրան տվեք:
Աշոտ Աղաբաբյան 168.am
Եթե ուսումնասիրենք ՀՀ քաղաքական դաշտի ծագումնաբանությունը, ապա դրա «Ծննդոց գիրքը» պետք է սկսվի այսպես՝ «Սկիզբն էին փեսան ու աներձագը և քավորն ու սանիկը, ապա նրանց միավորումից ծնվեց Հայաստանի քավորաաներձագապետության քաղաքական դաշտը»: Շարունակությունն արդեն պարզ է՝ զույգ-զույգ տեղավորվեցին, պաշտոնները զբաղեցրին, հետո էլ նույնիսկ սկսեցին աներձագ ու փեսա միմյանց վրա «կայֆեր բռնել»: Բայց մի հաշվարկ սխալ էր արվել՝ եթե զույգից մեկը բանասեր է, դա դեռ չի նշանակում, որ մյուսը պետք է նույնպես գրագետ արտահայտվի, հատկապես երբ բանասեր փեսան ինքը պարզ նախադասություններ և հոդաբաշխ մտքեր կառուցելու հարցում խնդիրներ ունի: Աներձագի մոտ խնդիրն ավելի բարդ է՝ նա ընդամենը լսել է բառեր և կատարում է դրանց պատահական զուգակցում, ինչի արդյունքում գոյանում է «սոցիալական անարդար մարդ» կատեգորիան: Ով է կամ ինչ է սոցիալական անարդար մարդը՝ ոչ ոք չգիտի և չի էլ կարող իմանալ մի պարզ պատճառով՝ նման հասկացություն գոյություն չունի: Մարդը կամ կարող է լինել անարդար, ինչպես Աղաբաբյան-Սահակյան զույգը, կամ էլ սոցիալական անարդարության զոհ, ինչպես մեր ժողովրդի զգալի մասը: