Համավարակն օրակարգային դարձրեց կրթության վերափոխման խնդիրը․ նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումում հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնել է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։

«Ֆորումին մասնակցում են 40 պետությունների կրթության նախարարներ, ոլորտի շուրջ 500 ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին և մաղթելով արդյունավետ աշխատանք՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու գործում կրթության դերի կարևորությանը:

Նախարարի խոսքով՝ կրթությունը դիտարկվում է աղքատության դեմ պայքարի և սոցիալական բևեռացումը չեզոքացնելու հիմնական միջոցներից մեկը։ Սակայն կրթության գլոբալ ճգնաժամի՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում խնդիրների լուծման առումով կրթության արդյունավետությունը կասկածի տեղիք տվեց, երբ ավելի քան մեկուկես միլիարդ սովորողների կրթությունը վտանգված էր։

«Համավարակը տեսանելի դարձրեց կրթական համակարգերում առկա խնդիրները՝ օրակարգային դարձնելով կրթության վերափոխման առաջնահերթությունը։ Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքն ու ստեղծագործ մտածողությունը դարձել են սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալին: Այս գաղափարն է դրված է նաև ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի հիմքում։ Այն նախատեսում է Հայաստանի տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ զարգացում` փոխկապակցված գործունեության իրականացման միջոցով, որի նպատակը  մարդակային կապիտալի զարգացումն է»,- ասել է նախարարը իր ելույթում: Նախարարը ներկայացրել է Կրթության զարգացման ռազմավարության հիմնական ուղղություններն ու ակնկալվող բարեփոխումները՝ շեշտելով, որ փաստաթուղթը մշակելիս հիմք են ընդունվել կրթության բովանդակության, միջավայրի և ենթակառուցվածքների բարելավման, կրթության շարունակականության ապահովման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները:

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ ընդգծել է կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջող փորձի կիրառման կարևորությունը։ Նրա խոսքով՝ միջազգային համագործակցությունն ու համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են ոչ միայն կոնկրետ խնդիրների ու դրանց լուծման ուղիների բացահայտմանը, այլև միտված են կրթության որակի ապահովման նոր հեռանկարներ ու հնարավորություններ սահմանելուն: Եզրափակելով ելույթը՝ նախարարը հույս է հայտնել, որ ֆորումից հետո համագործակցության հնարավորությունները կընդլայնվեն և նոր մակարդակի վրա կդրվեն:

Կրթության միջազգային ֆորումի մասնակցության շրջանակում նախատեսվում է նաև  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի և Լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս