ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՆՈՐ ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երեւանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման եւ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների ու Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների աջակցությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել եւ կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ, ինչպես նաեւ զենք, զինամթերք տեղափոխելու դեպք։

 

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Ռ.Պ-ն ինքնությունը դեռեւս չպարզաբանված ԻԻՀ մի քաղաքացու հետ միասին, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի մայիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն են պատրաստվում ներկրել իրացնելու նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ, ինչպես նաեւ զենք, զինամթերք:

Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ-ի մայիսի 18-ին Ռ.Պ-ն հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում՝ ինքնությունը դեռեւս չպարզաբանված ԻԻՀ քաղաքացու կողմից նշված վայրում, վերցրել է նրա կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ առաքված թմրամիջոցների վերոնշյալ խմբաքանակը, զենքը եւ զինամթերքը, սակայն դրսեւորելով զգուշավորություն, չբացահայտվելու նկատառումներից ելնելով՝ թաքցրել է այն հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտի մոտակայքում եւ հեռացել։ Այնուհետեւ՝ մայիսի 19-ին, Ռ.Պ-ն, վերոնշյալ հանցավոր արարքներին ներգրավելով ՀՀ քաղաքացիների՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բնակիչներ Մ.Պ-ին եւ Ա.Ք-ին, վերջիններիս ուղղորդել է Ա.Ք-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենայով Քաջարանից մեկնել հայ-իրանական պետական սահմանի սահմանային շերտ եւ իր նկարագրած թաքստոցից վերցնել թմրամիջոցների խմբաքանակը, զենքը, զինամթերքը ու այն տեղափոխել Քաջարան։

Հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է, քանի որ Մեղրի քաղաքի մոտակայքում ավտոմեքենան կանգնեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եւ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության «Մեղրի» ջոկատի ծառայողների կողմից։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում Ռ.Պ-ն, Ա.Ք-ն եւ Մ.Պ-ն ձերբակալվել են։

Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության հատուկ պահպանվող տարածք, որտեղ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են 10 կիլոգրամը գերազանցող ընդհանուր քաշով Հերոին, Մեթամֆետամին եւ Մարիխուանա տեսակի թմրամիջոցների զանգվածներով լցված 20 տարբեր փաթեթներ, ինչպես նաեւ արտասահմանյան արտադրության 2 հատ մարտական ատրճանակներ՝ իրենց 20 հատ փամփուշտներով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ք.Մ.

 

 

 

 

ԿԱՆԱՆՑ ԱՌԵՎԱՆԳՄԱՆ ԴԵՊՔԵՐ

Armlur.am–ն ուշագրավ հանգամանք է արձանագրել. կանանց են առեւանգում եւ տանում Վանաձոր քաղաք:

 

Խոսենք փաստերով. այսպիսով, մեզ հայտնի դարձավ՝ Ն. Մարուքյանին մեղադրանք է առաջադրվել , որ նա, 2022 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ինքնությունը չպարզված անձի վարած ավտոմեքենայով հետապնդելով տաքսիով աշխատավայրից տուն վերադարձող իր վաղեմի ծանոթ Լ. Դանիելյանին, Վանաձոր քաղաքի Ֆիդայինների եւ Լանջային փողոցների շրջանաձեւ խաչմերուկում արգելափակել են տաքսու երթեւեկությունը, որից հետո, երբ Լուսինե Դանիելյանը դուրս է եկել ու պահանջել չմոտենալ, չառնչվել իր հետ, նրա կամքին հակառակ, բռնելով ձեռքն ու ստիպողաբար ուղեկցելով, նստեցրել է ավտոմեքենայի հետեւի նստատեղին, ապա նստելով Լուսինե Դանիելյանի կողքին՝ ամուսնության նպատակով ինքնությունը չպարզված վերոհիշյալ վարորդի հետ առեւանգել են նրան եւ տեղափոխել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասում գտնվող «Այգ» ռեստորանային համալիրի մոտ:

Սա միակ դեպքը չէ:

Ն. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2022 թվականի հունիսի 15-ին՝ ժամը 18:1-ի սահմաններում, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ բնակավայրում գործող «Հեքիաթ» կոչվող հանգստյան գոտու դիմաց գտնվող «Դենդրոպարկ» հանգստյան գոտու տարածք տեղափոխվելու նպատակով իր ավտոմեքենան նստած Ի. Գալստյանին ամուսնության նպատակով առեւանգելու դիտավորությամբ, նրա վստահությունը չարաշահելու եւ խաբեության միջոցով՝ Գյուլագարակ բնակավայրից բենզին գնելու պատրվակով մեքենան վարել է այդ ուղղությամբ, ապա, վերջինիս կամքին հակառակ, նրան առեւանգել ու տեղափոխել է քաղաք Վանաձոր՝ նախապես իր կողմից վարձակալած բնակարան:

Ք.Մ.

 

 

 

 

 

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՏԱՐԵԼ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վաչագան Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ չպարզված օրը գնացել է Սեւան քաղաքի Շահումյան փող. 43-րդ հասցեում գտնվող «Հայաստանի կույրերի միավորման Սեւանի ուսումնաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ ընկերության մասնաշենքի մոտ, պատուհանից ապակին հանելով՝ ապօրինի մուտք է գործել մասնաշենք եւ արտադրական մասնաշենքի տարբեր հատվածներից գաղտնի հափշտակել տարբեր արժողությամբ իրեր:

 

 

 

 

ԴԱՏԱՐԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՐԵՑ

2019 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետ Խաչատրյանը 2011-2012թթ.-ին Նորավան համայնքի ղեկավար Լավրենտիկ Առաքելյանին ապօրինի կարգադրել է համայնքին պատկանող 5.132.891 դրամ արժողությամբ մետաղական խողովակներն առանց որեւէ օրինական հիմքի հանձնել իր եղբորը, Լ. Առաքելյանն էլ կատարել էր կարգադրությունը: Բացի այդ, 2016թ.-ին Ս. Խաչատրյանը մի ապօրինի կարգադրությամբ էլ Ակներ համայնքի ղեկավարից պահանջել է համայնքի սեփականություն հողամասից կեղծ աճուրդով օտարել Աշոտ Գեւորգյանին: Լիսկայի այս կարգադրությունն էլ կատարել են: Այժմ մեղադրանք է առաջադրվել եւ՛ Լ. Առաքելյանին, եւ՛ Ա. Գեւորգյանին: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, խափանման միջոցը կալանավորումն է:

Լավրենտիկ Առաքելյանին մեղադրանք էր առաջադրվել, որ նա, 2001թ.մինչեւ 2012 թ.նոյեմբեր ամիսն  ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Սյունիքի մարզի Նորավան համայնքի ղեկավարի պաշտոնը, Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի դրդմամբ 2011թ. կամ 2012թ. վատնել է համայնքային սեփականություն հանդիսացող, իրեն վստահված, առանձնապես խոշոր չափերով՝ 5132891 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ մետաղական խողովակները:

Աշոտ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է Ս. Մինասյանի եւ Լ. Սահակյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Այս գործը տեղափոխվել էր Հակակաոռպցիոն դատարան, որտեղ էլ, ինչպես Armlur.am-ին հայտնի դարձավ, վաղեմության հիմքով գործը կարճվել է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 




Լրահոս