Երեւանյան սուպերմարկետներում եւ խանութներում դեռ շարունակվում է ներկրված հավկիթի վաճառքը, ինչի արդյունքում Հայաստանի ձու արտադրող ընկերությունները հայտնվել են ծանր վիճակում: Մի կողմից՝ վարկային մեծ պարտավորությունները, էլեկտրաէներգիայի, գազի սակագների եւ կերի թանկացումը, մյուս կողմից էլ՝ ներկրված սննդային հավկիթը: Դրանից, սակայն, տուժում են ոչ միայն ձու արտադրողները, այլեւ սպառողները, քանի որ մասնագետների պնդմամբ խանութներում վաճառվող հավկիթն ունի 60-65 օրվա պիտանելիության ժամկետ, ինչն անթույլատրելի է վաճառել:
Ստանդարտացման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ 1-ին տեսակի սեղանի հավկիթների պահպանման ժամկետը 0*-20*C ջերմաստիճանում կազմում է 8-25 օր: Դրանք կարող են պահվել արտադրող կազմակերպությունների արդյունաբերական սառնարանների պայմաններում՝ մինուս 2-ից մինչեւ 0 աստիճանում, 90 օրվանից ոչ ավելի: Սեղանի հավկիթների պիտանելիության ժամկետները լրանալուց հետո ենթակա են ոչնչացման:
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված նկատեց. «65 օ՞ր, նման բան չկա, նույնիսկ Ուկրաինայում նման բան չկա: Սննդային ձուն միայն 25 օր պետք է մնա, իսկ 26-րդ օրն այն հանվում է եւ տարվում հրուշակեղենի արտադրամաս»:
Ամեն դեպքում, հարկ ենք համարում մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ ձու գնելիս առաջին հերթին ուշադրություն դարձնեն մակնշմանը: Հավի ձվի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն ձվի չափի, արտադրման ժամկետի եւ արտադրող կազմակերպության մասին:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ մեր հանրապետություն ձու ներկրում է երեք ընկերություն, իսկ թե որոնք են, նախարարությունում հրաժարվեցին նշել` պատճառաբանելով, որ չի թույլատրվում: Սակայն մեր տեղեկություններով դրանք են` «Սովրանո» ընկերությունը, որը երբեւէ հավկիթի արտադրությամբ կամ արտահանմամբ չի զբաղվել, «Արաքս» թռչնաֆաբրիկան եւ «ԵԹՖ»-ն: Վերջին երկուսը պատկանում են հայտնի գործարար Խաչիկ Խաչատրյանին՝ ձվերի Խաչիկին:
«Թեկուզ քիչ քանակությամբ, բայց շարունակվում է ներկրումը: Ավելինª այն 2-3 դրամով էժան է վաճառվում արտադրվածից: Ներկրում են, սխալ մակնշում եւ այդպես էլ վաճառում»- դժգոհեց Ստեփանյանը:
2013-ին հանրապետություն է ներկրվել 17 մլն 476 հազար 483 հատ ձու: Այս տարվա երկու ամիսներին քանի հատ ձու է ներկրվել: ՍԱՊԾ–ից «Ժողովուրդ»–ին փոխանցեցին, որ 2014-ի հունվարի 1-ից մինչ փետրվարի 23-ը մեր հանրապետություն է ներկրվել 2 մլն 282 հազար 400 հատ հավկիթ, որը թեեւ քիչ է 2013-ի համեմատ, սակայն միեւնույն է`մտահոգիչ է: Անցյալ տարեվերջին ներկրող ընկերությունների թիվը կազմել է 15, իսկ այս տարի՝ երեքն է: Անցյալ տարի հավկիթը ներկրվել է Բելառուսից, Ուկրաինայից, Բուլղարիայից, Թուրքիայից եւ Վրաստանից, այս տարի՝ Բուլղարիայից եւ Ուկրաինայից: Թվային այս տվյալները մտահոգում են ՀՀ–ում ձու արտադրող ընկերությունների տնօրեններին, քանի որ առջեւում Սուրբ Զատկի տոնն է, իսկ արտադրած ձուն ներկրվածի պատճառով այդքան էլ լավ չի վաճառվում:
Սակայն սա հարցի մի կողմն է: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների պնդմամբ՝ վերջին օրերին ներկրված հավկիթը լաբորատոր փորձաքննություն չի անցել, այլ միանգամից մտել է շուկա: Ինչի համար էլ ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանից հետաքրքրվեցինք՝ վերջերս ներկրված հավկիթը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, թե ոչ: Նա, սակայն, հավաստիացրեց, որ. «Հայաստան ներմուծվող յուրաքանչյուր խմբաքանակ, ըստ կարգի, ենթարկվում է սահմանային հսկողության եւ անհրաժեշտության դեպքում լաբորատոր փորձաքննության: Ամեն մի խմբաքանակ, որ դրսից բերվում է, թարմությունը ստուգելու նպատակով, անպայման ենթարկվում է նաեւ լաբորատոր փորձաքննության»:
Ի դեպ, արդեն մի քանի օր է, ինչ քաղաքացիներն ահազանգում են «Ժողովուրդ»-ի խմբագրություն եւ տեղեկացնում, որ որոշ տնտեսվարողներ, առիթից օգտվելով, ներկրված ձուն վաճառում են տեղականի փոխարեն: Մասնագետների պնդմամբ՝ արտաքին տեսքից էլ երեւում է, թե ներկրված հավկիթն ինչ թարմություն ունի:
Այնուամենայնիվ, նկատենք, որ ձվերի եւ ձվամթերքի պահման ու փոխադրման գործընթացների ժամանակ պետք է ապահովել անփոփոխ ջերմաստիճանային պայմաններ: Պահպանվո±ւմ են այդ պայմանները, թե՞ ոչ, հայտնի չէ: Սակայն ինչպես պնդում են մասնագետները, մի բան միայն պարզ է՝ այսօր ձվի շուկայում ոչ միայն վաճառվում է ժամկետանց հավկիթ, այլեւ խախտվում են ե՛ւ արտադրողի, ե՛ւ սպառողի իրավունքները: Ստեղծված մրցակցային անհավասար պայմանների արդյունքում մի շարք գործարարներ, ովքեր զբաղվում են ձվի արտադրությամբ, նամակ են պատրաստում, որով դիմելու են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով` խնդրելով ուսումնասիրել ձվի շուկան:
Հ.Գ. «Սովրանո» ընկերությունից փորձեցինք հետաքրքրվել՝ շարունակակա՞ն է լինելու ձվի ներկրումն ընկերության կողմից, թե՞ ոչ: Ընկերության աշխատակիցը «Ժողովուրդ»-ի հետ զրույցի սկզբում խոստացավ կապվել այս հարցով պատասխանատու անձի հետ, սակայն որոշ ժամանակ անց հայտարարեց, թե նա երկրում չէ. «Ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, դա մեր ֆորմատից դուրս է: Այսօր չզանգահարեք, որովհետեւ նա երկրում չէ»: Իսկ թե ինչու է երբեմնի խոշոր արտադրող «Արաքս» ընկերությունը ձու ներկրում` մեր այս հարցին ընկերությունից հրաժարվեցին պատասխանել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ