ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԿԵՂԾԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավարտվել է կաշառքի դիմաց 10 եւ ավելի օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման եւ հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։

 

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական եւ վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման բաժնի մասնագետը, ՀՀ առողջապահության նախարարի եւ նշված ընկերության տնօրենի հրամանների համաձայն, նշանակված է եղել Երեւան քաղաքի Գայի պողոտայում տեղակայված շարժական պատվաստումային կետի պատասխանատու։

Խախտելով համապատասխան հրամանով հաստատված կարգը՝ իր պատասխանատվության տիրույթում գտնվող շարժական պատվաստման կետում նա կաշառքի դիմաց կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում 10 եւ ավելի օր չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիների՝ «Քովիդ-19» համավարակի դեմ պատվաստման եւ հավաստագրերի տրամադրման գործընթացը:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ պատվաստումային կետի պատասխանատու նշված անձը, կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստման գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու վերաբերյալ նախնական համաձայնություն ունենալով Երեւան քաղաքի 37-ամյա բնակչի հետ, 2021թ. օգոստոսի 21-ին վերջինից ընդունել է ԻԻՀ հիշյալ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց առնվազն 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը:

37-ամյա տղամարդը, կեղծ փաստաթուղթ կազմելու եւ օգտագործելու միջոցով խոչընդոտը վերացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի 39-ամյա բնակիչ իր ծանոթի հետ, 2021թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, առեւտրի կետրոնի դիմաց հանդիպել է վերջինիս իր ծանոթներ ԻԻՀ քաղաքացիների պատվաստումը կազմակերպելու համար։ Ապա 39-ամյա տղամարդը ստացել է ԻԻՀ քաղաքացիների կողմից փախանցված 800 ԱՄՆ դոլարը, որից 600 դոլարը՝ պատվաստման կետի պատասխանատու անձին փոխանցելու նպատակով:

Իր տրամադրության տակ ունենալով ԻԻՀ քաղաքացիների անձնագրերը՝ 37-ամյա տղամարդը խոչընդոտները վերացնելու նպատակով պատճենահանման եղանակով կեղծել է անձնագրերի՝ ՀՀ սահմանը հատելու ժամկետի վերաբերյալ դրոշմ պարունակող էջերն այնպես, որ իրական ժամկետի փոխարեն անձնագրում երեւա 15 օր ավելի ուշ ՀՀ տարածք մուտք գործած լինելու տվյալ։

Այնուհետեւ նշված անձանց ուղեկցել է պատվաստման կետ, հանդիպել պատվաստումային կետի պատասխանատուին, որից հետո վերջինս ձեւականորեն, իբր ստուգել է նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը՝ թույլատրելով վերոհիշյալ անձանց պատվաստել «Քովիդ-19» համավարակի դեմ, դրա վերաբերյալ այդ անձանց անվամբ նա լրացրել է համապատասխան հավաստագրեր ու հանձնել նրանց:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ պատվաստման գործընթացն ավարտվելուց հետո Երեւան քաղաքի 37 եւ 39-ամյա բնակիչներն առանձնացել են 600 ԱՄՆ դոլար կաշառքը փոխանցելու նպատակով, սակայն նույն պահին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 37-ամյա տղամարդուն՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելքով։ Իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

 

 

 

8 ՏՈԿՈՍ ԳՆԱՃ՝ ՓԵՏՐՎԱՐԻՆ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թվականի առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը որոշակիորեն նվազել է, սակայն դեռեւս մնում է բարձր. փետրվարին գնաճը կազմել է 8.1%: Կենտրոնական բանկն իր հաշվետվության մեջ նշում է, թե իրականացվող դրամավարկային քաղաքականության եւ սպասվող մակրոտնտեսական զարգացումների ներքո 12-ամսյա գնաճը տարվա ընթացքում կնվազի եւ հետագայում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

 

 

 

Ի՞ՆՉ Է ՔՆՆԱՐԿՎԵԼՈՒ ԱՅՍՕՐ

Խորհրդարանում այսօր մեկնարկելու է հերթական նստաշրջանը։

Օրակարգում է նաեւ Հաշվեքննիչ պալատի՝ 2022 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Հաշվետվությունը երեսունչորս էջից է կազմված։

2022 թվականի գործունեության ընթացքում կառույցն իրականացրել է 54 հաշվեքննություն, որից քառասունը՝ 2022 թվականի գործունեության շրջանակներում։ Իրականացված 11 հաշվեքննության արդյունքներով՝ Հաշվեքննիչ պալատի կողմից հաստատվել են եզրակացություններ եւ ուղարկվել Ազգային ժողով, կառավարություն եւ համապատասխան մարմիններ։ Տասնութ գերատեսչություններում իրականացվել են հաշվեքննություններ, որոնցից տասներեքում արձանագրվել են 138 անհամապատասխանություններ։

Վեց գերատեսչությունում արձանագրվել է 26 խեղաթյուրում, որի ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 651 մլն դրամ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԱՐԴՅՈՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈ՞Ւ Է

Այս տարի լրանում է Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հիմնադրման 20-րդ տարեդարձը:  Կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը երկու տասնամյակ առաջ բացվեց՝ որպես խաղողի մթերման կետ։ Բերդի համայնքապետարանը հայտնում է, որ Բերդ համայնքում խաղողագործության զարգացմանը նպաստելու, ոլորտի հնարավորություններն ընդլայնելու գործում ունեցած ներդրման, բնակչության հետ սերտ համագործակցության համար Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը պատվոգիր ու շնորհակալագիր է հանձնել Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին եւ Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանին: Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը hայտնել է, որ այժմ Բերդի մասնաճյուղը համագործակցության պայմանագրեր ունի Բերդ համայնքի   800 խաղողագործի հետ: Պեռնո Ռիկար խումբը, որին  պատկանում է Երեւանի կոնյակի գործարանը, որոշում է կայացրել Ռուսաստանում գործունեության դադարեցման վերաբերյալ։ Հարց է՝ հաջորդ տարի եւս Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը մթերման պայմանագրեր է կնքելու արդյոք սահմանամերձ Բերդ համայնքի 800 խաղողագործների հետ. չկնքելու դեպքում Բերդ համայնքի խաղողագործները ո՞ր գործարանին են մթերելու իրենց աճեցրած բերքը։

 

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ նրան հարցապնդում անելով, որ, ըստ կառավարության հաստատած  չափորոշիչի, բժշկական շտապ օգնության բիրիգադների ձեւավորումն իրականացվում է յուրաքանչյուր 20 հազար բնակչին՝ մեկ բրիգադ սկզբունքով, 46 հազար բնակիչ սպասարկող  Իջեւանի  բժշկական կենտրոնում միաժամանակ  շտապ օգնության քանի բրիգադ է գործում։ Տավուշի մարզպետարանից ստացված պատասխանում նշված է, որ   «Իջեւանի  ԲԿ» ՓԲԸ-ում,  շտապ օգնության մեկ բրիգադից բացի, գործում է նաեւ ռեանիմացիոն մեկ բրիգադ եւ  տնային հերթապահության մեկ բրիգադ, որոնք սպասարկում են միաժամանակյա տրված կանչերը։

 

 

 

 

ՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՆՈՐՈԳՎԻ

Ավելի քան երեք տարի է, ինչ Վազաշեն-Պառավաքար՝ սահմանագոտին շրջանցող, ադրբեջանական զինուժի ոտնձգություններից համեմատաբար ապահով ճանապարհին կառուցված անվտանգության պատը կիսաքանդ է։ Տավուշի  մարզպետարանից լրագրողիս հայտնել  են, որ նշված ճանապարհին գաբիոններից հենապատի եւ եթեւեկելի մասի վերականգնումն   ընդգրկված է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրում, որը նախատեսված է իրականացնել 2023թ.-ին։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս